Skip to main content

Ացիկլովիր - Հակավիրուսային դեղեր

Ընդհանուր նկարագրություն

Ացիկլովիրը հակավիրուսային դեղամիջոց է՝ սինթետիկ նուկլեոզիդային անալոգ, որն ունի արգելակող ակտիվություն (խոչընդոտում է վիրուսային վերարտադրությանը) հերպեսի վիրուսների դեմ, ներառյալ հասարակ հերպես 1 և 2 (բերանային և սեռական հերպեսներ), վարիցելա զոստեր (հերպես զոստեր և ջրծաղիկ) և Էպշտեյն-Բառի վիրուս (մոնոնուկլեոզ):

Վիրուսները ներթափանցում են կենդանի բջիջներ և վերարտադրվում իրենց՝ հաճախ հյուրընկալ բջիջի հաշվին։ Ացիկլովիրը վերածվում է ակտիվ ձևի հենց վիրուսի կողմից, որն այնուհետև օգտագործում է Ացիկլովիրի ակտիվ ձևը, այլ ոչ թե վիրուսային վերարտադրության կարևոր բաղադրիչ նուկլեոզիդը, որը սովորաբար օգտագործում է ԴՆԹ-ի արտադրության համար: Ակտիվ Ացիկլովիրի ներդրումը նոր վիրուսային ԴՆԹ-ում դադարեցնում է ԴՆԹ-ի արտադրությունը: Վիրուսային վարակված բջիջները կլանում են ավելի շատ Ացիկլովիր, քան նորմալ բջիջները և ավելի շատ փոխակերպում են ակտիվ ձևի, ինչը երկարացնում է դեղամիջոցի հակավիրուսային ազդեցությունը:

Ամերիկյան FDA կազմակերպությունը հաստատել է Ացիկլովիրը 1982թ. մարտին:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Zovirax, Sitavig

Ցուցումներ

Առավել տարածված կողմնակի ազդեցություններից են՝

  • սրտխառնոց
  • փսխում
  • փորլուծություն
  • գլխացավ:

Այլ զեկուցված կողմնակի երևույթներից են՝

  • աժիտացիա
  • շփոթվածություն
  • ցան
  • սակավարյունություն (անեմիա)
  • մկանային ցավեր
  • գերզգայունության ռեակցիաներ
  • ցնցումներ
  • հեպատիտ:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Փոխազդեցություններ

  • Ացիկլովիրը կարող է նվազեցնել Ֆենիտոինի (Դիլանտրին) կամ Վալպրոյաթթվի (Դեպակոտ) մակարդակը: Պրոբենեցիդը (Բենեմիդ) կարող է բարձրացնել Ացիկլովիրի շիճուկի մակարդակը՝ նվազեցնելով վերջինիս երիկամային արտազատումը: Ացիկլովիրը կարող է բարձրացնել շիճուկի Թեոֆիլինի մակարդակը (Թեո-Դուր, Ռեսպբիդ, Սլո-Բիդ, Սլո-Ֆիլին և այլն):
  • Ացիկլովիրի համակցումը Ցիդոֆովիրի (Վիստիդ), Ամֆոտերիցին B-ի (Ֆունգիզոն) կամ այլ դեղամիջոցների հետ, որոնք նվազեցնում են երիկամների գործառույթը, կարող է մեծացնել երիկամների վրա վնասակար ազդեցությունները:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Հղի կանանց մոտ Ացիկլովիրի վերաբերյալ համարժեք հետազոտություններ չկան: Առաջին եռամսյակի ընթացքում Ացիկլովիր օգտագործած կանանց տվյալներում բնածին արատների մակարդակը նման է եղել ընդհանուր բնակչության բնածին արատների մակարդակին:
  • Ացիկլովիրն արտազատվում է կրծքի կաթում, և նորածնին կարող է փոխանցվել զգալի քանակություն:

Դեղաչափեր

  • Սեռական հերպեսի բուժման համար չափահասների բերանային (օրալ) դեղաչափերը կազմում են 200 մգ յուրաքանչյուր՝ 4 ժամը մեկ (օրական 5 անգամ) 7-10 օրվա ընթացքում կամ 400 մգ օրական երեք անգամ՝ 5-10 օրվա ընթացքում:
  • Հերպես զոստերը (գոտևորող որքին) բուժվում է 800 մգ 4 ժամը մեկ (օրական 5 անգամ)՝ 7-ից 10 օրվա ընթացքում:
  • Ջրծաղիկի բուժման դեղաչափն է օրական 4 անգամ 800 մգ-ից: Չափահասների համար սովորական ներերակային դեղաչափն է 5-10 մգ/կգ՝ յուրաքանչյուր 8 ժամը մեկ 7-10 օրվա ընթացքում:
  • Ացիկլովիրը կարող է ընդունվել սննդի հետ կամ առանց սննդի:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Պատիճներ` 200  մգ:
  • Հաբեր՝ 400 և 800 մգ:
  • Կախույթ՝ 200 մգ/5 մլ:
  • Ներարկման լուծույթ՝ 50 մգ/մլ:
  • Ներարկման փոշի՝ 50 մգ:

Պահպանում

Ացիկլովիրը պետք է պահվի սենյակային ջերմաստիճանում՝ 15-25° միջակայքում:

Ամփոփում

Ացիկլովիրը հակավիրուսային դեղամիջոց է, որը նշանակվում է սեռական հերպեսի, հերպես զոստերի և ջրծաղիկի բուժման համար: Ամենատարածված կողմնակի ազդեցություններն են սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը և գլխացավը: Հաղորդված այլ կողմնակի ազդեցություններից են գրգռվածություն, շփոթվածություն, ցան, սակավարյունություն, գերզգայունության ռեակցիաներ, ցնցումներ, դյուրագրգռություն, հեպատիտ և մկանային ցավ: Խորհրդակցեք ձեր բժշկին, եթե հղի եք կամ կրծքով կերակրում եք:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 23-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024