Skip to main content

Անգիոտենզին II ընկալիչի պաշարիչներ (ԱԸՊ, ARBs) - ԱԸՊ

Ընդհանուր նկարագրություն

Անգիոտենզին II ընկալիչի պաշարիչները կամ արգելակիչները (ԱԸՊ-ներ) վերջին տարիներին լայնորեն օգտագործվող դեղաբանական խումբ է, որը նշանակվում է բարձր արյան ճնշման բուժման մեջ:

Անգիոտենզին II-ը ուժեղ ազդող քիմիական նյութ է, որն առաջանում է արյան մեջ և առաջացնում արյունատար անոթները շրջապատող մկանների կծկում և այդ անոթների նեղացում՝ հանգեցնելով արյան ճնշման բարձրացման (հիպերտենզիա): ԱԸՊ-ները դեղամիջոցներ են, որոնք արգելակում են անգիոտենզին II-ի այս ազդեցությունը՝ կանխարգելելով վերջինիս կապվելը անոթների պատի մկանների անգիոտենզին II-ի ընկալիչների հետ, որի արդյունքում արյունատար անոթները լայնանում են (դիլատացիա) և արյան ճնշումը նվազում է:

Նվազած արյան ճնշման պայմաններում հեշտանում է սրտի կողմից արյան արտամղումը դեպի արյունատար անոթներ և բարելավվում է սրտային անբավարարությունը: Միևնույն ժամանակ, դանդաղում է բարձր արյան ճնշմամբ կամ դիաբետով պատճառված երիկամային հիվանդության հարաճուն զարգացումը: ԱԸՊ-ներն ունեն անգիոտենզին-փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչներին նմանվող ազդեցություններ, սակայն ԱՓՖ արգելակիչները կանխարգելում են Անգիոտենզին II-ի առաջացումը, այլ ոչ թե պաշարում Անգիոտենզին II-ի կապվելը անոթների մկանների Անգիոտենզին II ընկալիչների հետ:

Օրինակներ

Ներկայում մատչելի ԱԸՊ-ներից են՝

  • Ազիլսարտան
  • Կանդեսարտան
  • Էպրոսարտան
  • Իրբեսարտան
  • Տելմիսարտան
  • Վալսարտան
  • Լոզարտան
  • Օլմեսարտան
  • Էնտրեստո
  • Բիվալսոն:

ԱԸՊ-ներն իրենց ազդեցությամբ և կողմնակի ազդեցություններով միմյանց նման են, սակայն կարող են տարբերվել օրգանիզմից հեռացման ձևով և օրգանիզմում տեղաբաշխման առանձնահատկություններով:

  • Որոշ ԱԸՊ-ներ կարող են օրգանիզմում փոխակերպվել իրենց ակտիվ ձևերին՝ մինչև արյան ճնշումը նվազեցնող ազդեցության դրսևորումը: Միևնույն ժամանակ, որոշ ԱԸՊ-ներ ավելի լավ են նվազեցնում ճնշումը, քան մյուսները:
  • Որոշ հետազոտություններ վկայում են, որ Իրբեսարտանը և Կանդեսարտանն ավելի լավ են նվազեցնում արյան ճնշումը, քան Լոզարտանը:

Ցուցումներ

  • ԱԸՊ-ները նշանակվում են բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) կառավարելու, սրտային անբավարարությունը բուժելու, ինչպես նաև բարձր արյան ճնշմամբ կամ շաքարային դիաբետով հիվանդների մոտ երիկամային անբավարարությունը կանխարգելելու համար:
  • ԱԸՊ-ները նաև կարող են բարձր արյան ճնշմամբ կամ մեծացած սրտով (հիպերտրոֆիա) մարդկանց մոտ կանխարգելել դիաբետի զարգացումը և նվազեցնել ինսուլտի ռիսկը:
  • ԱԸՊ-ները նաև կարող են կանխարգելել շողացող առիթմիայի կրկնությունը:

Ինչպես նշվեց, ԱԸՊ-ները դրսևորում են ԱՓՖ արգելակիչների նման ազդեցություններ, ուստի հաճախ դրանք կարող են նշանակվել այն մարդկանց, ովքեր լավ չեն տանում ԱՓՖ արգելակիչները (օրինակ՝ ի հայտ է գալիս ուժեղ հազ):

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

ԱԸՊ-ները սովորաբար լավ են տարվում բազմաթիվ մարդկանց կողմից: Այս դեղերի ամենահաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝

  • հազ
  • արյան կալիումի մակարդակի բարձրացում (հիպերկալեմիա)
  • ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
  • գլխապտույտ
  • գլխացավ
  • քնկոտություն
  • փորլուծություն
  • համային զգացողության խանգարում (մետաղական կամ աղի համ)
  • մաշկային ցան
  • օրթոստատիկ հիպոտենզիա (ցածր արյան ճնշում՝ կանգնելիս)
  • հոգնածություն
  • ստամոքսի խանգարում (դիսպեպսիա)
  • արյան գլյուկոզի բարձրացում (հիպերգլիկեմիա)
  • գրիպանման գանգատներ
  • սինուսիտ (հարքթային ծոցերի բորբոքում)
  • բրոնխիտ (թոքերի օդատար խողովակների բորբոքում)
  • վերին շնչուղիների վարակներ:

ԱՓՖ արգելակիչների հետ համեմատած, այս խմբի դեղերը ավելի հազվադեպ են հազ առաջացնում:

ԱԸՊ ծանր կողմնակի ազդեցությունները

  • Ամենածանր, սակայն խիստ հազվադեպ կողմնակի ազդեցություններից են՝
    • երիկամային անբավարարություն
    • լյարդային անբավարարություն (հեպատիտ)
    • ծանր ալերգիկ ռեակցիաներ
    • արյան սպիտակ բջիջների քանակի պակասում (լեյկոպենիա)
    • արյան թիթեղիկների քանակի պակասում (թրոմբոցիտոպենիա)
    • հյուսվածքային այտուց (անգիոայտուց):
  • Կան ԱԸՊ-ներից ռաբդոմիոլիզի առաջացման զեկույցներ (կմախքային մկանների քայքայում):
  • Երիկամները սնուցող զարկերակների նեղացմամբ մարդիկ կարող են ուժեղ ռեակցիա դրսևորել ԱԸՊ-ների նկատմամբ, ուստի պետք է խուսափեն այս խմբի դեղեր ընդունելուց:
  • Արյան ճնշումը նվազեցնող այլ դեղերի նման ԱԸՊ-ները կարող են առաջացնել սեռական դիսֆունկցիա:

Փոխազդեցություններ

  • ԱԸՊ-ներն այլ դեղամիջոցների հետ դրսևորում են քիչ փոխազդեցություն:
  • ԱԸՊ-ները կարող են բարձրացնել արյան կալիումի մակարդակը, ուստի կալիումական հավելումների կամ կալիում պարունակող կերակրի աղի փոխարինիչների հետ միասին օգտագործելիս կարող է գրանցվել արյան կալիումի մակարդակի վտանգավոր բարձրացում և սրտային առիթմիաներ:
  • ԱԸՊ-ները նաև կարող են բարձրացնել արյան լիթիումի մակարդակը, ուստի լիթիում պարունակող կամ լիթիումի պատրաստուկների հետ զուգակցելիս կարող է զարգանալ լիթիումի կողմնակի ազդեցությունների ուժգնացում:
  • Ռիֆամպինը կրճատում է արյան մեջ Լոզարտանի մակարդակը, իսկ Ֆլուկոնազոլը՝ Լոզարտանի փոխակերպումն ակտիվ ձևի: Այս փոփոխությունները կարող են նվազեցնել Լոզարտանի բուժական ազդեցությունը:
  • ԱԸՊ-ները չի կարելի զուգակցել ԱՓՖ արգելակիչների հետ, քանի որ բարձրանում է արյան ճնշման կտրուկ անկման (հիպոտենզիա), հիպերկալեմիայի (արյան կալիումի մակարդակի բարձրացում) և երիկամների վնասման ռիսկը:
  • ԱԸՊ-ները չի զուգակցել Ալիսկիրենի հետ, քանի որ կարող է բարձրանալ երիկամային անբավարարության, անցանկալի ցածր արյան ճնշման և հիպերկալեմիայի ռիսկը:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

ԱԸՊ-ները չի կարելի նշանակել հղի կանանց, քանի որ կարող է զարգանալ «օլիգոհիրամնիոզ» վիճակը, որը կարող է բերել պտղի ծանր վնասման և անգամ մահվան:

Ամփոփում

Անգիոտենզին II ընկալիչի պաշարիչները (ԱԸՊ-ներ) արյան ճնշման կառավարման, սրտային անբավարարության բուժման և դիաբետով կամ բարձր արյան ճնշմամբ մարդկանց մոտ երիկամային անբավարարության կանխարգելման բուժման մեջ նշանակվող դեղաբանական խումբ է:

ԱԸՊ-ներից են՝ Կանդեսարտան, Էպրոսարտան, Իրբեսարտան, Տելմիսարտան, Վալսարտան, Լոզարտան և Օլմեսարտան: Մինչև այս դեղերի ընդունումը պետք է մանրակրկիտ կերպով ծանոթանալ այլ դեղերի հետ փոխազդեցության, դեղաչափավորման, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում հնարավոր անցանկալի երևույթների և այլ կարևոր տեղեկատվությանը:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2020
Վերջին վերանայում՝ 10-04-2024