Skip to main content

Ատորվաստատին - Ստատիններ

Ընդհանուր նկարագրություն

Ատորվաստատինը ստատինների խմբին պատկանող դեղամիջոց է, որը նվազեցնում է արյան խոլեստերինի մակարդակը:

Բոլոր ստատինները, այդ թվում՝ Ատորվաստատինը կրճատում է լյարդում խոլեստերինի արտադրությունը՝ արգելափակելով HMG-CoA ռեդուկտազը՝ ֆերմենտ, որն իրականացնում է խոլեստերինի արտադրությունը:

Ստատինները նվազեցնում են ինչպես ընդհանուր, այնպես էլ ցածր խտության լիպոպրոտեիդների (ՑԽԼ) խոլեստերինը: ՑԽԼ խոլեստերինը համարվում է վատ խոլեստերին, քանի որ մասնակցում է սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) զարգացման գործընթացներին: ՑԽԼ խոլեստերինի մակարդակի կրճատումը դանդաղեցնում է ՍԻՀ-ի զարգացումը և կարող է նույնիսկ հետզարգացնել այն:

Ատորվաստատինը նաև բարձրացնում է բարձր խտության լիպոպրոտեիդների (ԲԽԼ) խոլեստերինի՝ լավ խոլեստերինի մակարդակը, որն անոթները պաշտպանում է ՍԻՀ–ի զարգացումից և կրճատում է տրիգլիցերիդների մակարդակը, որոնք նույնպես կապված են ՍԻՀ-ի զարգացման հետ:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Lipitor

Օրինակներ

Ստատինների խմբին են պատկանում նաև հետևյալ դեղամիջոցները՝

  • Լովաստատին (Մեվեկոր)
  • Սիմվաստատին (Զոկոր)
  • Ֆլուվաստատի (Լեսկոլ)
  • Պրավաստատի (Լիվալով, Զիպիտամգ)
  • Ռոսուվաստատին (Կրեստոր):

Ցուցումներ

  • Ատորվաստատինը նշանակվում է արյան բարձր խոլեստերինը, ՑԽԼ խոլեստերինը և տրիգլիցերիդները նվազեցնելու, ԲԽԼ խոլեստերինը բարձրացնելու համար: Ատորվաստատինի միջոցով խոլեստերինը նվազեցնելու արդյունավետությունը կախված է; դեղաչափից, որը նշանակում է, որ բարձր դեղաչափերն ավելի շատ են կրճատում արյան խոլեստերինի մակարդակը:
  • ՍԻՀ ունեցող անձանց մոտ Ատորվաստատինը կարող է կանխարգելել հետևյալ վիճակները՝
    • կրծքահեղձուկ (ստենոկարդիա)
    • ինսուլտ
    • սրտամկանի ինֆարկտ
    • կանգային սրտային անբավարարության պատճառով հոսպիտալացում
    • ռեվասկուլյարիզացիայի միջամտություններ:
  • Ատորվաստատինը կրճատում է սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի, կրծքահեղձուկի և ռեվասկուլյարիզացիայի ռիսկը նաև ՍԻՀ չունեցող, սակայն բազմաթիվ ռիսկի գործոններով անձանց շրջանում, օրինակ՝ ծխախոտի օգտագործում, բարձր արյան ճնշում (հիպերտենզիա) կամ սրտային հիվանդության վերաբերյալ ընտանեկան պատմություն:
  • Ատորվաստատինը նաև կանխարգելում է սրտամկանի ինֆարկտը և ինսուլտները 2-րդ տիպի դիաբետով անձանց շրջանում, ովքեր չունեն ՍԻՀ, սակայն ենթարկվում են բազմաթիվ ռիսկի գործոնների ազդեցությանը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Ատորվաստատինն ընդհանուր առմամբ օգտագործողների կողմից լավ է տարվում: Թեթև կողմնակի ազդեցություններից են՝

  • փորկապություն
  • փորլուծություն
  • ընդհանուր թուլություն
  • աղիքային գազերի կուտակում
  • այրոցք
  • գլխացավեր:

Այլ հաճախ զեկուցվող կողմնակի ազդեցություններից են՝

  • մրսածության (նազոֆարինգիտի) նկատմամբ հակում
  • հոդացավեր (արթրալգիա)
  • ցավեր վերջույթներում
  • միզուղիների վարակ:

Ատորվաստատինը կարող է առաջացնել լյարդի և մկանների վասում: Ստատիններով պայմանավորված լյարդի ծանր ախտահարում հազվադեպ է հանդիպում: Բուժման սկզբում անհրաժեշտ է կատարել լյարդի գործունեությունը գնահատող լաբորատոր թեստեր:

Ստատիններով պատճառված մկանային բորբոքումը կարող է բերել մկանաբջիջների ծանր քայքայման, որը կոչվում է ռաբդոմիոլիզ: Այս հիվանդությունն ընթանում է արյան մեջ մկանային սպիտակուցի՝ միոգլոբինի հայտնվելով, որը կարող է դառնալ երիկամային անբավարարության և անգամ մահվան պատճառ: Նման բարդությունից խուսափելու համար Ատորվաստատին ստացող անձանց պետք է ներկայացնել, որ անբացատրելի մկանային ցավերի կամ թուլության դեպքում անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բժշկի հետ:

Ստատինների օգտագործումը կապված է նաև դիաբետով մարդկանց մոտ արյան շաքարի և գլիկոհեմոգլոբինի (HbA1c) մակարդակների բարձրացման հետ:

Ատորվաստատինի վերաբերյալ առկա են նաև հետ-շուկայական զեկույցներ հետևյալ կողմնակի ազդեցությունների վերաբերյալ՝

  • hիշողության կորուստ
  • մոռացկոտություն
  • ամնեզիա
  • շփոթվածություն
  • հիշողության խանգարում:

Այս ախտանիշները կարող են ի հայտ գալ բուժումը սկսելուց մեկ օրից մինչև մեկ տարի հետո և աստիճաաբար անհետանալ ստատիններով բուժումն ավարտելուց մոտ 3 շաբաթվա ընթացքում:

Փոխազդեցություններ

Ատորվաստատինի հեռացման դանդաղեցումը կարող է նպաստել օրգնաիզմում ակտիվ դեղանյութի կուտակմանը և բարձրացել մկանային թունավոր ազդեցության ռիսկը: Ուստի, Ատորվաստատինը չի կարելի զուգակցել այնպիսի դեղերի հետ, որոնք կարող են ընկճել օրգանիզմից դրա հեռացումը: Այսպիսի դեղերից են՝

  • Էրիթրոմիցին (Է-միցին)
  • Կետոկոնազոլ (Նիզորալ)
  • Իտրակոնազոլ (Սպորանոքս)
  • Կլարիթրոմիցին (Բիաքսին)
  • Տելիթրոմիցին (Կետեկ)
  • Ցիկլոսպորին (Սանդիմմուն)
  • Նեֆազոդոն (Սերզոն)
  • ՄԻԱՎ պրոտեազի պաշարիչեր, օրինակ՝ Ինդինավիր (Կրիքսիվան) և Ռիտոնավիր (Նորվիր)։

Գրեյպֆրուտի հյութի մեծ քանակները (օրական > 1,2 լիտր) նույնպես կարող են բարձրացնել արյան մեջ Ատորվաստատինի մակարդակը, ուստի այս հյութից կամ մրգից նույնպես պետք է խուսափել:

Ատորվաստատինի հետ զուգակցելիս հետևյալ դեղերը նույնպես կարող են բարձրացնել մկանային տոքսիկության ռիսկը՝

  • Ամիոդարոն (Կորդարոն)
  • Վերապամիլ (Կալա, Վերելան, Իզոպտին)
  • Նիացին (Նիակոր, Նիասպան, Սլո-Նիացին)
  • Գեմֆիբրոզիլ (Լոպիդ)
  • Ֆենոֆիբրատ (Տրիկոր):

Ատորվաստատինն ուժեղացնում է Վարֆարինի (Կումադին) ազդեցությունը և արյան մեջ Դիգօքսինի (Լանօքսին) մակարդակը: Ուստի, Ատորվաստատին և Վարֆարին կամ Դիգօքսին ստացող անձինք պետք է գտնվեն մշտական հսկողության ներքո:

Խոլեստիրամինը (Քվեստրան) կրճատում է Ատորվաստատինի ներծծումը, ուստի վերջինս պետք է տրվի Խոլեստիրամին ընդունելուց առնվազն 2 ժամ առաջ կամ առնվազն 4 ժամ հետո:

Ռիֆամպինն արագացնում է Ատորվաստատինի քայքայումը: Այսպիսի փոխազդեցությունից խուսափելու համար դեղերը չի կարելի ընդունել միասին, իսկ Ատորվաստատինը չի կարելի ընդունել Ռիֆամպինից հետո:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Ատորվաստատինը չի կարելի ընդունել հղիության ընթացքում, քանի որ զարգացող պտուղն ունի խոլեստերինի կարիք, մինչդեռ Ատորվաստատինը կրճատում է դրա արտադրությունը: Այն պետք է նշանակել միայն վերարտադրողական տարիքի այն կանանց, ովքեր չեն պատրաստվում հղիանալ:
  • Դեռ հայտնի չէ, թե արդյոք Ատորվաստատինն արտազատվում է կրծքի կաթի մեջ: Բոլոր դեպքերում, հնարավոր ռիսկերից խուսափելու համար կրծքով կերակրող մայրերը պետք է չօգտագործեն Ատորվաստատին:

Դեղաչափեր

  • Ատորվաստատինը նշանակվում է օրական մեկ անգամյա ընդունմամբ:
  • Չափահասների համար սովորական մեկնարկային դեղաչափը 10-20 մգ/օր է, իսկ առավելագույն դեղաչափը՝ 80 մգ/օր:
  • Այն չափահասները, ովքեր կարիք ունեն ՑԽԼ խոլեստերինի ավելի քան 45% նվազեցման, պետք է սկսեն օրական 40 մգ դեղաչափից:
  • Ատորվաստատինի մանկական դեղաչափերն են՝ 10 մգ/օր, առավելագույնը՝ 20 մգ/օր:
  • Ատորվաստատինը կարելի է ընդունել սնդի հետ կամ առանց դրա, օրվա ցանկացած ժամին:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Բերանային (օրալ) հաբեր՝ 10, 20, 40 և 80 մգ:

Պահպանում

  • Հաբերը պետք է պահպանել 25-25°C սենյակային ջերմաստիճանային պայմաններում:

Ամփոփում

Ատորվաստատինը (Լիպիտոր) ստատինային խմբի դեղ է, որը նշանակվում է արյան բարձր խոլեստերինը, ՑԽԼ-ն և տրիգլիցերիդները նվազեցնելու, ԲԽԼ-ն բարձրացնելու, կրծքահեղձուկը, ինսուլտը, սրտամկանի ինֆարկտը, կանգային սրտային անբավարարությունը և սրտային հիվանդության դեպքում ռեվասկուլյարիզայի միջամտությունը կանխարգելելու, 2-րդ տիպի դիաբետով մարդկանց մոտ սրտամկանի ինֆարկտը և ինսուլտը կարգավորելու համար:

Ատորվաստատինի կողմնակի ազդեցություններից են գլխացավը, միզուղիների վարակները, հոդացավերը, մրսածությունը, աղիքային գազերի կուտակումը, փորլուծությունը, փորկապությունը և այրոցքը:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 08-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024