Skip to main content

Ազիթրոմիցին - Հակաբիոտիկներ

Ընդհանուր նկարագրություն

Ազիթրոմիցինը կամ Զիտրոմաքսը կիսասինթետիկ մակրոլիդային շարքի հակաբիոտիկ է, որը քիմիապես կապված է էրիթրոմիցինի և կլարիթրոմիցինի հետ:​

Ազիթրոմիցինը, ինչպես բոլոր մակրոլիդային հակաբիոտիկները, կանխարգելում է բակտերիաների աճը՝ ազդելով դրանց կողմից սպիտակուց արտադրելու ունակության վրա: Մարդու օրգանիզմում և բակտերիաներում սպիտակուցներն արտադրվում են տարբեր ուղիներով, ուստի Ազիթրոմիցինը չի ազդում բնական սպիտակուցների արտադրության վրա:

Ազիթրոմիցինն ունի երկար կիսատրոհման պարբերություն և օրգանիզմում մնում է երկար ժամանակի ընթացքում, և այս առանձնահատկությունը թույլ է տալիս բազմաթիվ վարակների բուժման համար դեղը նշանակել օրական մեկ ընդունմամբ և կարճատև ժամանակի ընթացքում:

Ազիթրոմիցինը լայնորեն օգտագործվում է տարբեր բակտերիալ վարակների, իսկ որոշ հետազոտություններով՝ նաև COVID-19 վիրուսային վարակի բուժման մեջ:

Ամերիկյան Դեղերի և սննդի գործակալությունը (FDA) Ազիթրոմիցինը հաստատել է 1991 թվականի նոյեմբերին:

Բրենդային անվանումներ

Zithromax, Z-Pak, Zmax

Օրինակներ

Մակրոլիդային շարքի հակաբիոտիկների են նաև՝

  • Էրիթրոմիցին
  • Կլարիթրոմիցին։

Ցուցումներ

Ազիթրոմիցինն արդյունավետ է կասկածելի բակտերիաների դեմ բուժման ժամանակ, որոնք առաջացնում են՝

  • միջին ականջի բորբոքում (միջին օտիտ)
  • նշագեղձերի բորբոքում (տոնզիլիտ)
  • կոկորդի բորբոքում (լարինգիտ)
  • բրոնխների բորբոքում (բրոնխիտ)
  • թոքաբորբ (պնևմոնիա)
  • հարքթային ծոցերի բորբոքում (սինուսիտ)
  • մաշկի և մաշկային կառուցվածքների չբարդացած վարակներ
  • Mycobacterium avium կոմպլեքս
  • թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) սուր բակտերիալ սրացում:

Այն արդյունավետ է նաև կանանց մոտ փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների (ՓԿՕԲՀ) սուր դրսևորումների և որոշ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, օրինակ՝ ոչ գոնոկոկային միզուկաբորբի (ուրեթրիտ) և արգանդի վզիկի բորբոքման (ցերվիցիտ) բուժման համար:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Ազիթրոմիցինի ամենատարածված կողմնակի ազդեցություններից են՝

  • փորլուծություն կամ թուլացած կղանք
  • սրտխառնոց
  • որովայնային ցավեր
  • փսխում:

Ազիթրոմիցինի այլ հնարավոր կողմնակի ազդեցություններից են՝

  • մաշկացան
  • նյարդայնություն
  • վագինիտ
  • լեզվի գունափոխում
  • ականջներում աղմուկ (տինիտուս)
  • մարսողության խանգարում (դիսպեպսիա):

Ազիթրոմիցինի հնարավոր ծանր կողմնակի ազդեցություններից են՝

  • անոթային այտուցներ (անգիոօդեմա)
  • լյարդային թեստերի շեղում
  • լեղականգային դեղնուկ
  • Ստեվեն-Ջոնսոնի համախտանիշ
  • ծանր ալերգիկ ռեակցիաներ
  • անկանոն սրտի ռիթմ (առիթմիա):

Հակաբիոտիկները կարող են փոփոխել հաստաղիքային նորմալ բակտերիալ կազմը և նպաստել որոշ բակտերիաների, օրինակ՝ Clostridium difficile-ի գերաճը, որը կարող է առաջացնել հաստ աղու բորբոքում (կեղծ-թաղանթային կոլիտ)` փորլուծություն, բարձր ջերմություն, որովայնային ցավեր, հնարավոր է նաև շոկ: Նան դեպքերում անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի հետ:

Փոխազդեցություններ

  • Ազիթրոմիցինը (բացառությամբ Zmax®-ի) չի կարելի ընդունել ալյումինիում կամ մագնեզիում պարունակող անտացիդների հետ միաժամանակ (օրինակ՝ Միլանտա կամ Մաալոքս), քանի որ դրանք կարող են կապել ակտիվ դեղը և կանխել աղիներից ներծծումը:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Հղիների շրջանում Ազիթրոմիցինի օգտագործման վերաբերյալ տվյալները լիարժեք չեն, ուստի հղիության ընթացքում դեղը պետք է նշանակել միայն այն դեպքերում, երբ հստակորեն ցուցված է:
  • Դեռևս անհայտ է, թե արդյոք Ազիթրոմիցինն արտազատվում է մայրական կաթով:

Դեղաչափեր

  • Ազիթրոմիցինը կարող է ընդունվել սննդի հետ կամ քաղցած վիճակում, սակայն սնունդը նվազեցնում է մարսողության խանգարման հավանականությունը: Zmax®-ը պետք է ընդունվի քաղցած վիճակում՝ սնունդ ընդունելուց 1 ժամ առաջ կամ 2 ժամ հետո:
  • Չափահասների համար Ազիթրոմիցինի դեղաչափը 500-2000 մգ է՝ եզակի կամ բազմակի ընդունմամբ:
  • Վարակների մեծ մասի ժաանակ Ազիթրոմիցինը պետք է ընդունել օրական մեկ անգամ և կարճ ժամանակի ընթացքում (սովորաբար՝ 5 օր):
  • Առաջին դեղաչափը հաճախ ընտրվում է կրկնակի չափով՝ մնացած օրերի դեղաչափերի կրկնակին:
  • Սուր բակտերիալ սինուսիտի ժամանակ Ազիթրմոիցինը կարող է նշանակվել օրական մեկ անգամ՝ 3 օրվա ընթացքում։
  • Zmax®-ը սովորաբար նշանակվում է որպես եզակի ընդունման 2 գրամանոց դեղաչափ:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր՝ 250, 500 և 600 մգ:
  • Օշարակ՝ 100 մգ/5 մլ (թեյի գդալ) և 200 մգ/5 մլ (թեյի գդալ)
  • Օշարակ պատրաստելու փոշի (երկարաձգված ազատմամբ)՝ 2 գրամ:
  • Բերանային (օրալ) օշարակի համար փոշի՝ 1 գրամ:
  • Ներարկման փոշի՝ 500 մգ:

Պահպանում

  • Հաբերը պետք է պահպանել 15-30°C (սենյակային) ջերմաստիճանային պայմաններում:
  • Օշարակը և ներարկման լուծույթը պետք է պահպանել 5-30°C ջերմաստիճանային պայմաններում:

Ամփոփում

Ազիթրոմիցինը հակաբիոտիկ է, որը նշանակվում է բակտերիալ վարակների լայն շրջանակի բուժման համար, այդ թվում՝ միջին օտիտ, լարինգիտ, բրոնխիտ, թոքաբորբ և այլն: Թեև Ազիթրոմիցինը հակաբիոտիկ է և չի ազդում վիրուսների վրա, որոշ հետազոտողներ պնդում են, որ Կովիդ-19-ով հիվանդների մոտ կարող է որոշակի արդյունավետություն դրսևորել, եթե ավելացվում է մալարիայի բուժման դեղերին (Քլորոխին կամ Հիդրօքսիքլորոխին):

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 20-02-2021
Վերջին վերանայում՝ 30-05-2023