Ընդհանուր նկարագրություն
Բիսոպրոլոլը նշանակվում է բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) և սրտային ցավերի (կրծքահեղձուկ) բուժման համար:
Բիսոպրոլոլը կանխում է նորեպինեֆրին և էպինեֆրինը (ադրենալին) նյարդահաղորդիչների կապվելը նյարդերի բետա ընկալիչների (ռեցեպտորների) հետ: Նյարդահաղորդիչները կամ նեյրոմեդիատորները քիմիական նյութեր են, որոնք ապահովում են տարբեր նյարդերի միջև սինապսային հաղորդականությունը:
Բիսոպրոլոլը պատկանում է դեղերի դասին, որը կոչվում է բետա-ադրեներգիկ ընկալիչները պաշարող նյութեր, որոնց կարճ անվանում են բետա-բլոկատորներ կամ բետա-բլոկերներ:
Պաշարելով նորէպինեֆրինի և էպինեֆրինի ազդեցությունը սիրտ և արյունատար անոթներ հասնող նյարդերի վրա՝ բետա-բլոկերները նվազեցնում են սրտազարկի հաճախականությունը (բացասական քրոնոտրոպ ազդեցություն) և սրտի կծկման ուժը (բացասական ինոտրոպ ազդեցություն) և նվազեցնում արյան ճնշումը՝ թուլացնելով և լայնացնելով արյունատար անոթները, սակայն նաև կարող են կծկել օդատար ուղիները (բրոնխները) շրջապատող մկանները և նեղացնել դրանք։
Կրծքահեղձուկ (ստենոկարդիա) առաջանում է, երբ սրտամկանի թթվածնի կարիքը գերազանցում է թթվածին տեղափոխող արյան մատակարարմանը: Դանդաղեցնելով սրտազարկը և նվազեցնելով սրտի մկանների կծկման ուժը, Բիսոպրոլոլը նվազեցնում է սրտի աշխատանքը և սրտի պահանջարկը թթվածնի նկատմամբ:
Ամերիկյան FDA կազմակերպությունը հաստատել է Բիսոպրոլոլը 1992թ. հուլիսին:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Բրենդային անվանումներ
Zebeta
Օրինակներ
Բետա-բլոկերների այլ օրինակներից են՝
- Պրոպրանոլոլ (Ինդերալ)
- Ատենոլոլ (Տենորմին)
- Տիմոլոլ (Բլոկադրեն)
- Մետոպրոլոլ (Լոպրեսոլ) և այլն:
Ցուցումներ
- բարձր արյան ճնշման (հիպերտենզիայի) բուժում
- կրծքահեղձուկի (ստենոկարդիայի) բուժում
- սրտային անբավարարության բուժում
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Ընդհանուր առմամբ Բիսոպրոլոլը լավ հանդուրժվող դեղամիջոց է, որի կողմնակի ազեցությունները թեթև են և ժամանակավոր: Բիսոպրոլոլի կողմնակի ազեցությունները ներառում են՝
- որովայնային կծկանքներ
- փորլուծություն
- գլխապտույտ
- հոգնածություն
- դեպրեսիա
- գլխացավ
- սրտխառնոց
- իմպոտենցիա
- դանդաղած սրտազարկ (բրադիկարդիա)
- ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
- թմրածություն
- ծակծկոցներ
- սառը վերջույթներ
- կոկորդացավ
- շնչարգելություն և հևոց կամ խզզոցներ:
Ասթմայով անձինք կարող են նշել ախտանիշների վատթարացում:
Փոխազդեցություններ
Ռիֆամպինը կարող է մեծացնել Բիսոպրոլոլի նյութափոխանակությունը (քայքայումը)՝ վերջինիս ազդեցության թուլացումը դարձնելով ավելի հավանական:
Որոշ կալցիումական անցուղիների պաշարիչներ (ԿԱՊ), հատկապես Վերապամիլը (Կալան, Իզոպտին) և Դիլտիազեմը (Կարդիզեմ, Տիազակ), կարող են ուժեղացնել սրտի վրա Բիսոպրոլոլի ազդեցությունը: Որոշ հիվանդների մոտ դա կարող է առաջացնել սրտազարկերի չափազանց դանդաղեցում (բրադիկարդիա) կամ խիստ նվազեցնել սրտի կծկման ուժը:
Դիգոքսինի (Լանոքսին) օգտագործումը Բիսոպրոլոլի հետ նույնպես կարող է առաջացնել սրտազարկերի անցանկալի դանդաղեցում (բրադիկարդիա):
Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ), ինչպիսիք են Իբուպրոֆենը (Մոտրին IB, Ադվիլ և այլն) և Նապրոքսեն նատրիումը (Ալեվե, Նապրոսին, Անապրոքս և այլն), կարող են նվազեցնել բետա-բլոկլերների արյան ճնշումը նվազեցնող ազդեցությունները:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
Հայտնի չէ, թե արդյոք Բիսոպրոլոլն արտազատվում է կրծքի կաթում:
Դեղաչափեր
- Բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) բուժման համար Բիսոպրոլոլի չափահասների համար սովորական դեղաչափն օրական 2,5-20 մգ է:
- Սրտային անբավարարության բուժման համար դեղաչափն օրական 1,25 մգ է, որը չպետք է գերազանցի օրական 10 մգ-ը:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Հաբեր` 5 և 10 մգ:
Պահպանում
Բիսոպրոլոլը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանում (15-30° C), փակ տուփում:
Ամփոփում
Բիսոպրոլոլը բետա-բլոկլերներ կոչվող դեղամիջոցների դասի դեղամիջոց է: Այն նշանակվում է բարձր արյան ճնշման, կրծքահեղձուկի և սրտային անբավարարության բուժման համար: Կողմնակի ազդեցությունները, նախազգուշացումները և նախազգուշական միջոցները, դեղերի փոխազդեցությունները և հիվանդի վերաբերյալ տվյալները պետք է գնահատվեն մինչև որևէ դեղամիջոց ընդունելը:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-01-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024