Ընդհանուր նկարագրություն
Կոլխիցինը պոդագրայի սուր բռնկումների բուժման մեջ նշանակվող դեղամիջոց է:
Այն նաև նշանակվում է չափահասների և 4 տարեկան և բարձր երեխաների մոտ ընտանեկան միջերկրածովյան տենդի (պարբերական հիվանդություն) բուժելիս:
Կոլխիցինի այլ չապացուցված օգտագործման ոլորտներից են կեղծ պոդագրայի, ամիլոիդոզի և սկլերոդերմիայի բուժումները:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Բրենդային անվանումներ
Colcrys, Mitigare
Ցուցումներ
Կոլխիցինի նշանակումն ապացուցված է հետևյալ հիվանդությունների բուժման մեջ՝
- պոդագրա
- ընտանեկան միջերկրածովյան տենդ:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Կոլխիցինի ամենատարածված կողմնակի ազդեցություններից են՝
- սրտխառնոց
- փսխում
- որովայնային ցավեր
- փորլուծություն:
Այս անցանկալի երևույթների հանդիպման հաճախականությունը կախված է մշտապես խմվող Կոլխիցինի դեղաչափից:
Կոլխիցինը նաև կարող է առաջացնել՝
- մազաթափություն
- ընդհանուր թուլություն
- նյարդի գրգռում:
Փոխազդեցություններ
Որոշ դեղեր կրճատում են Կոլխիցինի տրոհումը և օրգանիզմից հեռացումը, քանի որ արգելակում են Կոլխիցինի քայքայմանը մասնակցող ֆերմենտները: Նման դեղերի հետ զուգակցելիս խորհուրդ է տրվում զուգակցումից 14 օր առաջ կրճատել կոլխիցինի դեղաչափը:
Օրգանիզմից Կոլխիցինի հեռացումը կրճատող դեղերի և սննդամթերքների օրինակներից են՝
- Ատազանավիր
- Կլարիթրոմիցին
- Ինդինավիր
- Իտրակոնազոլ
- Իտրակոնազոլ
- Կետոկոնազոլ
- Լոպինավիր
- Նելֆինավիր
- Սաքվինավիր
- Տելիթրոմիցին
- Ռիտոնավիր
- Ամպրենավիր
- Ապրեպիտանտ
- Դիլթիազեմ
- Էրիթրոմիցին
- Ֆլուկոնազոլ
- Ֆոզամպրենավիր
- Գրեյպֆրութի հյութ
- Վերապամիլ
- Ցիկլոսպորին
- Ռանոլազին:
Կոլխիցինի զուգակցումը ստատինների, օրինակ՝ Ատորվաստատինի, Սիմվաստատինի և Լովաստատինի, Լոպիդի կամ Ֆենոֆիբրատի հետ բարձրացնում է մկանների հետ կապված կողմնակի ազդեցությունները, քանի որ այս դեղերը նույնպես կարող են իրենք առաջացնել մկանների հետ կապված կողմնակի ազեդեցություններով:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Դեղաչափեր
Սուր պոդագրայի ժամանակ Կոլխիցինի խորհուրդ տրվող դեղաչափերն են՝
- 1,2 մգ՝ առաջին ախտանիշների ի հայտ գալուց, որից 1 ժամ անց՝ 0,6 մգ
- մեկ ժամվա ընթացքում առավելագույն դեղաչափը՝ 1,8 մգ
- կլինիկական փորձարկումների ժամանակ 1 ժամվա ընթացքում տրված 1,8 mg Կոլխիցինը ցուցաբերել է նույնչափ արդյունավետություն, որքան 6 ժամվա ընթացքում տրված 4,8 մգ-ը, ընդ որում՝ ավելի քիչ կողմնակի երևույթներով
- պոդագրայի սրացումները կանխարգելելու համար 16 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց խորհուրդ է տրվում օրական մեկ կամ երկու անգամ 0,6 մգ Կոլխիցին:
Ընտանեկան միջերկրածովյան տենդի (պարբերական հիվանդություն) ժամանակ Կոլխիցինի խորհուրդ տրվող դեղաչափերն են՝
- 4-6 տարեկան երեխաներ՝ օրական 0,3-ից մինչև 1,8 մգ
- 6-12 տարեկան երեխաներ՝ օրական 0,6-ից մինչև 1,8 մգ
- 12 տարեկանից մեծ երեխաներ և չափահասներ՝ օրական 1,2-ից մինչև 2,4 մգ:
Օրական դեղաչափը կարող է բաժանվել երկու անգամյա ընդունման: Դեղաչափերը պետք է բարձրացնել օրական 0,3 մգ-ով՝ մինչև ախտանիշների լիարժեք մեղմացման կամ առավելագույն օրական դեղաչափերին հասնելը: Նույն կերպ, կողմնակի ազդեցություններ դրսևորվելիս դեղաչափը պետք է նվազեցնել օրական 0,3 մգ-ով:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Հաբեր` 0,6 մգ:
Պահպանում
- Կոլխիցինի հաբերը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանում (20-25° C):
Ամփոփում
Կոլխիցինը սուր պոդագրայի և ընտանեկան միջերկրածովյան տենդի բուժման մեջ նշանակվող դեղամիջոց է: Դեռևս չապացուցված ցուցումներից են նաև կեղծ պոդագրան, ամիլոիդոզը և սկլերոդերմիան:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-08-2020
Վերջին վերանայում՝ 03-12-2023