Ընդհանուր նկարագրություն
Դիկլոֆենակը ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոց (ՈՍՀԲԴ) է, որն օգտագործվում է տարբեր հիվանդությունների ժամանակ առաջացող ցավը, ջերմությունն ու բորբոքումը բուժելու համար:
ՈՍՀԲԴ-ները լայնորեն օգտագործվում են թույլից մինչև չափավոր ցավերը, ջերմությունն ու բորբոքումը բուժելիս: Այս դեղերը նվազեցնում են պրոստոգլանդինների արտադրությունը, որոնք կենսաբանորեն ակտիվ նյութեր են և անմիջականորեն մասնակցում են ցավի, բորբոքման և ջերմության բարձրացման գործընթացներին: Նվազեցնելով օրգանիզմում պրոստոգլանդինների քանակը, Դիկլոֆենակը մեղմացնում է ցավը, բորբոքումը և կարգավորում բարձրացած ջերմությունը։
Տարբեր մարդիկ տարբեր ձև են պատասխանում տարբեր ՈՍՀԲԴ-ներին, ուստի տարօրինակ չէ, որ բժիշկը կարող է նույն մարդու մոտ փորձել մի շարք հակաբորբոքայիններ՝ մինչև գտնի ամենաարդյունավետ ու այդ մարդու առողջական կարիքներին առավել համապատասախող դեղամիջոցը:
Ամերիկյան FDA կազմակերպությունը Դիկլոֆենակը հաստատել է 1998թ. հուլիսին:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Բրենդային անվանումներ
Voltaren, Cataflam, Voltaren-XR, Cambia, Zipsor, Zorvolex
Օրինակներ
ՈՍՀԲԴ-ների խմբի այլ դեղերից են՝
- Իբուպրոֆեն
- Ինդոմեթացին
- Նաբումետոն
- Նապրոքսեն նատրիում
- այլ տասնակ դեղեր:
Ցուցումներ
Դիկլոֆենակը նշանակվում է հետևյալ հիվանդությունների գանգատները և մյուս ախտանիշները մեղմացնելու համար՝
- օստեոարթրիտ
- ռևմատոիդ արթրիտ
- անկիլացնող սպոնդիլիտ (Բեխտերևի հիվանդություն):
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Դիկլոֆենակի կողմնակի ազդեցությունների մեծ մասը կապված է ստամոքս-աղիքային համակարգի հետ, օրինակ՝
- ստամոքսի կամ 12-մատնյա աղու (պեպտիկ) խոցի առաջացում
- որովայնում այրոցանման կամ անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ)
- որովայնային ցավեր կամ կծկանքներ (սպազմ)
- սրտխառնոց
- ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում (գաստրիտ)
- ստամոքս-աղիքային արյունահոսություն
- լյարդի թունավոր (տոքսիկ) ախտահարում:
Երբեմն ստամոքսի խոցի առաջացումը և արյունահոսությունը կարող են զարգանալ առանց որովայնային ցավերի: Սև ձութանան կղանքը, ընդհանուր թուլությունը և կանգնելիս գլխապտույտը (օրթոստատիկ հիպոտենզիա) կարող են լինել ներքին արյունահոսության միակ նշանները:
Այլ կարևոր կողմնակի ազդեցություններից են՝
- օրգանիզմում հեղուկների պահպանում և այտուցներ
- արյան մակարդուկներ (թրոմբ)
- սրտամկանի ինֆարկտ
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- սրտային անբավարարություն:
Այն անձինք, ովքեր այլ ՈՍՀԲԴ-ների նկատմամբ դրսևորել են ալերգիա, պետք է զերծ մնան Դիկլոֆենակ օգտագործելուց:
ՈՍՀԲԴ-ները նվազեցնում են երիկամների արյունամատակարարումը, որը կարող է թուլացնել երիկամների գործունեությունը: Նման խանգարումն ավելի հավանական է, որ առաջանա երիկամային հիվանդություններով կամ կանգային սրտային անբավարարությամբ անձանց մոտ, ուստի նման դեպքերում հակաբորբոքային դեղերը պետք է նշանակել մեծ զգուշությամբ։
Ասթմայով անձինք ավելի հավանական է, որ ալերգիկ ռեակցիա դրսևորեն Դիկլոֆենակի կամ մեկ այլ ՈՍՀԲԴ-ի նկատմամբ:
Փոխազդեցություններ
Այլ դեղերի հետ Դիկլոֆենակի փոխազդեցությունը մեծամասամբ կրկնօրինակում է ՈՍՀԲԴ-ների խմբի նույն փոխազդեցությունները:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
- Համարժեք տվյալներ չկան այն մասին, թե արդյոք Դիկլոֆենակն արտազատվում է կրծքի կաթի մեջ:
Դեղաչափեր
- Բազմաթիվ հիվանդությունների բուժման համար Դիկլոֆենակի խորհուրդ տրվող դեղաչափն է օրական 100-200 մգ:
- Կախված հիվանդությունից և դեղաձևից, օրական դեղաչափը պետք է բաժանել 2-4 ընդունման վրա:
- Ստամոքսի խանգարումից խուսափելու համար Դիկլոֆենակը պետք է ընդունվի սննդի հետ:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Հաբեր` տարբեր բրենդային անվանումներ արտադրում են տարբեր դեղաչափերով՝ 220, 250, 275, 375 և 500 կամ 550 մգ:
- Սուսպենզիա (կախույթ)՝ 125 մգ/5 մլ (մեկ թելի գդալ):
- Կառավարելի-ազատվող հաբեր՝ 375 և 500 մգ:
Պահպանում
Դիկլոֆենակը պետք է պահպանել 30° C-ից ցածր ջերմաստիճանային պայմաններում և պաշտպանել խոնավությունից:
Ամփոփում
Դիկլոֆենակը ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոց է (ՈՍՀԲԴ), որը նշանակվում է ռևմատոիդ արթրիտին, օստեոարթրիտին, անկիլացնող սպոնդիլիտին, բուրսիտին և դաշտանային կծկանքներին ուղեկցող բորբոքումը և ցավը բուժելու համար:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2020
Վերջին վերանայում՝ 16-11-2023