Դեղեր և հավելումներ

Ֆլուկոնազոլ

Ընդհանուր նկարագրություն

Ֆլուկոնազոլը վերջին տասնամյակում լայն օգտագործում ստացած հակասնկիկային դեղամիջոց է:

Ֆլուկոնազոլը նոր դասի տրիազոլոնային շարքի բարձր սպեցիֆիկ հակասնկիկային միջոց է, որը հանդիսանում է սնկիկների բջջում լանոստերոլից բջջապատի հիմնական բաղադրիչ էրգոստերոլի փոխակերպման հզոր ընտրողական արգելակիչ:

Ի տարբերություն Իտրակոնազոլի, Կլոտրիմազոլի, Էկոնազոլի և Կետոկոնազոլի, օժտված է սնկիկների Р450 ցիտոքրոմի նկատմամբ բարձր ընտրողականությամբ և ավելի քիչ ազդեցություն է դրսևորում մարդու լյարդի միկրոսոմների օքսիդացման գործընթացների վրա:

Այն ակտիվ է օպորտունիստական միկոզների նկատմամբ, այս թվում, հարուցված հետևյալ տեսակներով՝

  • Candida spp.(ներառյալ՝ թուլացած իմունային համակարգի պայմաններում զարգացող կանդիդոզի գեներալիզացված տեսակները)
  • Coccidioides immitis (ներառյալ՝ ներգանգային վարակները)
  • Cryptococcus neoformans
  • Epidermophyton spp.
  • Histoplasma capsulatum և Blastomyces dermatitidis, որոնք հարուցում են էնդեմիկ միկոզներ
  • Microsporum spp.
  • Trichophyton spp.:

Ամերիկյան FDA կազմակերպությունը Ֆլուկոնազոլը հաստատել է 1990թ. հունվարին, որից հետո տարբեր բրենդային անվանումների ներքո ստացել է լայն կիրառում ողջ աշխարհով:

Բրենդային անվանումներ՝ Diflucan

Ցուցումներ

  • Ֆլուկոնազոլն օգտագործվում է Candida սնկիկով հարուցված հեշտոցի, բերանի խոռոչի և կերակրափողի սնկիկային վարակների (կանդիդոզ կամ կաթնախտ) բուժման մեջ: Ֆլուկոնազոլն արդյունավետ է ինչպես չբարդացած, այնպես էլ բարդացած կամ ախտադարձային (ռեկուրենտ) հեշտոցի կանդիդոզային վարակների ժամանակ:
  • Ֆլուկոնազոլը նաև կարող է արդյունավետ լինել Candida սնկիկով հարուցված միզուղիների վարակի, պերիտոնիտների և թոքաբորբերի ժամանակ:
  • Ֆլուկոնազոլն օգտագործվել է՝ բուժելու կրիպտոկոկային մենինգիտը և կարմիր ոսկրածուծի փոխպատվաստումից հետո քիմիոթերապիա կամ որպես ճառագայթային թերապիա ստացած հիվանդների մոտ Candida սնկիկով հարուցված վարակները կանխարգելող միջոց:

Կողմնակի ազդեցություններ

Ֆլուկոնազոլի ամենահաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝

  • գլխացավ
  • սրտխառնոց
  • որովայնի շրջանի ցավեր:

Այլ կարևոր կողմնակի ազդեցություններից են՝

  • փորլուծություն
  • մարսողության խանգարում (դիսպեպսիա)
  • գլխապտույտ
  • արյան մեջ կալիումի մակարդակի նվազեցում
  • մաշկային ցան
  • համի զգացողության խանգարումներ:

Ֆլուկոնազոլի հնարավոր կողմնակի ազդեցություններից են՝

  • ցնցումներ
  • արյան սպիտակ բջիջների քանակի նվազում (լեյկոպենիա)
  • արյան թիթեղիկների քանակի նվազում (թրոմբոցիտոպենիա)
  • տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ:

Հազվադեպ, կարող են զարգանալ նաև լուրջ ալերգիկ ռեակցիաներ, այդ թվում՝ հյուսվածքների անոթային ծագման այտուցներ: Զեկուցվել է նաև Ֆլուկոնազոլի օգտագործման հետ կապված լյարդի գործունեության խանգարում (դեղնուկ, հեպատիտ), սրտի առիթմիա, և Ստեվեն-Ջոնսոնի համախտանիշ:

Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ

  • Հիդրոքլորթիազիդը մինչև 40%-ով կարող է բարձրացնել Ֆլուկոնազոլի մակարդակն արյան մեջ: Սակայն այս երկու դեղերի համատեղ օգտագործման ժամանակ խորհուրդ չի տրվում կատարել Ֆլյուկոնազոլի դեղաչափի շտկում:
  • Ռիֆամպինը նվազեցնում է արյան մեջ բերանային (օրալ) ընդունած Ֆլուկոնազոլի մակարդակը, հավանաբար, լյարդով վերջինիս քայքայումը խթանելու միջոցով, և կարող է թուլացնել Ֆլուկոնազոլի արդյունավետությունը:
  • Ֆլուկոնազոլը կարող է բարձրացնել արյան մեջ Վարֆարինի մակարդակը՝ արգելակելով վերջինիս քայքայումը: Ուստի, Վարֆարինի ազդեցությունը կարող է ուժեղանալ՝ բերելով արյունահոսության հակման բարձրացմանը:
  • Ֆլուկոնազոլը նաև բարձրացնում է արյան մեջ այլ դեղամիջոցների մակարդակը և, արդյունքում, կարող է բարձրացնել դրանց կողմնակի ազդեցությունների դրսևորումը: Այդ դեղերից են՝
    • Ֆենիտոին
    • Ցիկլոսպորին
    • Զիդովուդին
    • Սեքինավիր
    • Թեոֆիլին
    • Տոլբուտամիդ
    • Գլիբուրիդ
    • Գլիպեզիդ
    • Տրիազոլամ
    • Միդազոլամ
    • Ցելեկոքսիբ
    • Ֆենտանիլ
    • Ատորվաստատին
    • Սիմվաստատին
    • Լովաստատին:
  • Ֆլուկոնազոլի զուգակցումը Ամիոդարոնի, Պիմոզիդի, Բեպրիդիլ և սրտի ռիթմի վրա ազդող այլ դեղերի հետ կարող է բարձրացնել սրտի առիթմիայի հավանականությունը:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Հղի կանանց շրջանում Ֆլուկոնազոլի օգտագործման վերաբերյալ բավարար տվյալներ չկան: Առկա են զեկույցներ այն մասին, որ դեղամիջոցի բարձր դեղաչափերի մի քանի ամիս օգտագործումը կարող է վնաս պատճառել պտղին: Ուստի, հղիության ընթացքում կանանց խորհուրդ չի տրվում օգտագործել Ֆլուկոնազոլ:
  • Ֆլուկոնազոլը մուտք է գործում մայրական կաթի մեջ նրա արյան մակարդակին մոտ խտությամբ: Սակայն, նորածնի մոտ սնկիկային վարակների և Candida վարակների հետ կապված հիվանդությունների բուժման համար Ֆլուկոնազոլ նշանակվում է: Կրծքով կերակրելու ընթացքում մոր կողմից Ֆլուկոնազոլ ստանալու հետ կապված նորածնի մոտ հնարավոր ռիսկը փոքր է:

Դեղաչափեր

  • Չափահասների համար Ֆլուկոնազոլի սովորական դեղաչափը, վարակի տեսակից կախված, օրական 50-400 մգ է: Թեև բերանի խոռոչի Candida վարակների ախտանիշները կարող են մի քանի օրվա մեջ մեղմանալ, բուժումը պետք է շարունակել երկու շաբաթվա ընթացքում:
  • Կերակրափողի կանիդոզային վարակների բուժումը պետք է շարունակել 3 շաբաթ և ավելի երկար:
  • Կրիպտոկոկային մենինգիտի բուժումը կարող է ձգվել ողնուղեղային հեղիուկի մանրէաբանական բացասական պատասխանից հետո մինչև 10-12 շաբաթ:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր՝ 50, 100, 150 և 200 մգ:
  • Բերանային (օրալ) սուսպենզիա՝ 10 մգ/մլ և 40 մգ/մլ:
  • Ներարկման ձև՝ 2 մգ/մլ:

Պահպանում

  • Հաբերը և չոր փոշին պետք է պետք է պահպանել 30° C-ից ցածր ջերմաստիճանային պայմաններում:
  • Ներարկման հեղուկը և պատրաստված սուսպենզիան պետք է պահպանել 5-30 °C պայմաններում:
  • Պատրաստված սուսպենզիայի չօգտագործված մնացորդը պետք է չենթարկել սառեցման և օգտագործել միայն 2 շաբաթվա ընթացքում:

Ամփոփում

Ֆլուկոնազոլը դեղամիջոց է, որը նշանակվում է կանդիդայով հարուցված սնկիկային վարակների բուժման մեջ, օրինակ՝ հեշտոցի, բերանի խոռոչի, կերակրափողի, միզուղիների, թոքերի կանդիդային վարակներ, պերիտոնիտներ և այլն: Կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը, փորլուծությունը, գլխապտույտը, մաշկային ցանը, մարսողական խանգարումները և որովայնի ցավերը:

Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2020 վերանայվել է՝ 06-06-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: