Ընդհանուր նկարագրություն
Ֆոլատը (վիտամին B9) կարևոր է արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտների) ձևավորման, առողջ աճի և գործունեության համար:
Այս սննդանյութը շատ կարևոր է հղիության վաղ շրջանում, քանի որ նվազեցնում է գլխուղեղի և ողնաշարի բնածին արատների ռիսկը:
Ֆոլատ հայտնաբերվում է հիմնականում մուգ կանաչատերև բանջարեղենի, լոբիների, ոլոռների և ընկույզների մեջ: Ֆոլատով հարուստ մրգերից են նարինջը, կիտրոնը, բանանը, սեխը և ելակը: Ֆոլատի սինթետիկ ձևը կոչվում է ֆոլաթթու: Այն նախածննդյան (պրենատալ) վիտամինների անփոխարինելի բաղադրիչներից է և առկա է բազմաթիվ հարստացված մթերքներում, ինչպիսիք են հացահատիկները և մակարոնեղենը:
Ֆոլատով կամ ֆոլաթթվով հարուստ մթերքներից աղքատ սննդակարգը կարող է հանգեցնել ֆոլատի պակասի (դեֆիցիտ): Ֆոլատի անբավարարություն նաև կարող է առաջանալ այն մարդկանց մոտ, ովքեր ունեն այնպիսի առողջական խնդիրներ, ինչպիսին է ցելիակի հիվանդությունը, որը խանգարում է բարակ աղիով սննդանյութերի ներծծումը (մալաբսորբցիայի համախտանիշներ):
Չափահասների համար ֆոլատի խորհուրդ տրվող օրական քանակը 400 միկրոգրամ (մկգ) է: Չափահաս կանանց, ովքեր նախատեսում են հղիանալ կամ կարող են հղիանալ, պետք է խորհուրդ տրվի օրական 400-ից 1000 մկգ ֆոլատ:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
Որոշակի վիճակների ժամանակ ֆոլատի և բերանային (օրալ) ֆոլաթթվի հավելումների օգտագործման վերաբերյալ հետազոտությունները վկայում են հետևյալի մասին:
- Բնածին արատներ. հետազոտությունները ցույց են տվել, որ ֆոլաթթվի հավելումները կարող են կանխարգելել նյարդային խողովակի բնածին արատները: Նախածննդյան վիտամինների ամենօրյա ընդունումը, լավագույն դեպքում՝ սկսած բեղմնավորումից երեք ամիս հետո, կարող է օգնել համոզվելու, որ կինը ստանում է այս անփոխարինելի սննդանյութի բավարար քանակներ:
- Ֆոլաթթվի անբավարարություն. սննդանյութային ֆոլատային անբավարարությունը բուժվում է ֆոլաթթվի բերանային (օրալ) հավելումներով: Այս վիճակն այլևս խնդիր չէ բազմաթիվ երկրների համար, որտեղ հացահատիկային մթերքներն ու մակարողենը հարստացվում է ֆոլաթթվով:
- Սրտի և արյունատար անոթների հիվանդություն և ինսուլտ. ֆոլաթթուն վիտամին B6-ի և B12-ի հետ միասին մասնակցում է արյան մեջ հոմոցիտեինի բարձր մակարդակների վերահսկմանը: Հոմոցիստեինի բարձրացած մակարդակները կարող են մեծացնել սրտի և արյունատար անոթների հիվանդությունների (սրտանոթային հիվանդության) ռիսկը:
- Քաղցկեղ. որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ ֆոլաթթուն կարող է կրճատել բազմաթիվ քաղցկեղների զարգացման ռիսկը:
- Դեպրեսիա. որոշ տվյալներ վկայում են այն բանի օգտին, որ ֆոլաթթուն կարող է օգտակար լինել դեմենցիայի բուժման մեջ:
- Թուլամտություն (դեմենցիա). չկան բավարար ապացույցներ այն մասին, որ ֆոլաթթվի հավելումները կարող են կանխարգելել դեմենցիան:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Բերանային (օրալ) և պատշաճ դեղաչափերով օգտագործելիս ֆոլաթթուն համարվում է անվտանգ:
Ֆոլաթթվի բերանային օգտագործումը կարող է առաջացնել՝
- բերանում տհաճ համ
- սրտխառնոց
- ախտորժակի կորուստ
- շփոթվածություն
- դյուրագրգռություն
- քնի խանգարումներ:
Ալերգիա ունեցող մարդիկ կարող են ռեակցիա դրսևորել ֆոլաթթվի հավելումների նկատմամբ: Ալերգիկ ռեակցիայի նախազգուշացնող գանգատները և ախտանիշները ներառում են՝
- մաշկային ցան
- քոր
- կարմրություն
- դժվարաշնչություն (հևոց):
Ավելցուկային ֆոլաթթուն օրգանիզմից հեռացվում է մեզով:
Ֆոլատի մեծ քանակների ընդունումը կարող է քողարկել վիտամին B12-ի պակասը (անբավարարությունը)՝ քանի դեռ չեն զարգացել վերջինիս անդառնալի նյարդաբանական հետևանքները: Սա սովորաբար կարելի է շտկել՝ ընդունելով հավելումներ, որոնք պարունակում են ինչպես ֆոլաթթվի, այնպես էլ վիտամին B12 օրական պահանջի 100 տոկոսը:
Փոխազդեցություններ
Հնարավոր փոխազդեցությունների օրինակները ներկայացված են ստորև:
- Հակացնցումային դեղամիջոցներ (անտիկոնվուլսանտներ). ֆոլաթթվի ընդունումը Ֆոսֆենիտոինի (Ցերեբիքս), Ֆենիտոինի (Դիլանտին, Ֆենիտեկ) կամ Պրիմիդոնի հետ (Միզոլին) կարող է նվազեցնել արյան մեջ այս դեղամիջոցների խտությունը, հետևաբար՝ հակացնցումային ազդեցությունը:
- Բարբիտուրատներ. ֆոլաթթվի զուգակցումը կենտրոնական նյարդային համակարգն ընկճող բարբիտուրանտների (քնաբերների) հետ կարող է նվազեցնել այս դեղամիջոցների արդյունավետությունը:
- Մեթոտրեքսատ (Տրեքսալ). ֆոլաթթվի և քաղցկեղի բուժման մեջ օգտագործվող այս դեղամիջոցի զուգակցումը կարող է թուլացնել վերջինիս արդյունավետությունը:
- Պիրիմեթամին (Դարապրիմ). ֆոլաթթվի և այս հակամալյարային դեղամիջոցի համատեղ օգտագործումը կարող է թուլացնել վերջինիս բուժական ազդեցությունը:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Ամփոփում
Բազմաթիվ մարդկանց համար ֆոլատի լավագույն աղբյուրը սնունդն է: Հավասարակշռված սննդակարգը սովորաբար ապահովում է բոլոր այն սննդանյութերով, որոնք անհրաժեշտ են ձեր օրգանիզմին: Այնուամենայնիվ, ֆոլաթթվի հավելումներ խորհուրդ են տրվում այն կանանց, ովքեր նախատեսում են հղիանալ, կարող են հղիանալ, հղի են կամ կրծով կերակրող մայրեր են:
Ֆոլաթթվի հավելումները նաև կարող են օգնել այն մարդկանց, ովքեր հետևում են աղքատիկ սննդակարգի կամ ունեն առողջական խնդիրներ, որոնք խոչընդոտում են օրգանիզմի կողմից ֆոլատը ներծծելու ունակությունը:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-01-2024
Վերջին վերանայում՝ 23-01-2024