Skip to main content

Ֆուրոսեմիդ - Միզամուղներ

Ընդհանուր նկարագրություն

Ֆուրոսեմիդը հզոր միզամուղ է, որը նշանակում են այտուցների բուժման համար, իսկ երբեմն նաև՝ բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) որոշ դեպքերում, երբ առկա է սրտային կամ երիկամային անբավարարություն:

Ֆուրոսեիդը միզարձակությունը խթանող դեղամիջոց է, որը նշանակվում է օրգանիզմից ջուրը և աղերը հեռացնելու համար:

Երիկամների կծիկներում կերակրի աղը՝ կազմված նատրիումից և քլորիդից, ջուրը և այլ փոքր մոլեկուլները նորմայում քամազատվում (ֆիլտրվում) են՝ արյունից անցնելով դեպի խողովակիկներ: Զտված հեղուկն ի վերջո վերածվում է մեզի: Ջրի, նատրիումի և քլորիդի մեծ մասը, որը զտվել էր կծիկներում, խողովակիկներում կրկին վերածծվում է արյան հուն (կոչվում է ռեաբսորբցիա), իսկ վերջնական մեզը միզուղիներով հեռացվում է օրգանիզմից:

Ֆուրոսեմիդն ազդում է՝ արգելակելով կծիկներով զտված նատրիումի, քլորիդի և ջրի խողովակիկներում ռեաբսորբցիան, որի արդյունքում միզարձակումը դառնում է ավելի ծավալային: Այս դեղամիջոցի բերանային (օրալ) միջոցով օգտագործելուց հետո միզարձակման խթանումը սկսվում է մոտ մեկ ժամվա ընթացքում և շարունակվում մոտ 6-8 ժամ, իսկ ներերակային օգտագործելուց հետո՝ սկսվում մինչև 5 րոպեի ընթացքում և տևում շուրջ 2 ժամ:

Ֆուրոսեմիդի միզամուղ ազդեցությունը կարող է առաջացնել օրգանիզմի նատրիումի, քլորիդի, ջրի և այլ միներալների կորուստ, ուստի պահանջվում է բուժման ընթացքի լուրջ վերահսկում:

Ամերիկյան FDA կազմակերպությունը Ֆուրոսեմիդը հաստատել է 1982թ. հուլիսին:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Lasix

Ցուցումներ

Բժիշկները Ֆուրոսեմիդ նշանակում են օրգանիզմում պահպանված և կուտակված ավելցուկային հեղուկները կամ այտուցները բուժելու համար, որոնք կարող են առաջանալ հետևյալ հիվանդությունների կամ վիճակների դեպքում՝

  • լյարդի ցիռոզ
  • քրոնիկ երիկամային անբավարարություն
  • սրտային անբավարարություն
  • երիկամային հիվանդություն:

Բժիշկները Ֆուրոսեմիդը նաև զուգակցում են ճնշման դեղերի հետ՝ բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) բուժելիս:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Ֆուրոսեմիդի ավելի հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝

  • ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
  • ջրազրկում (դեհիդրատացիա)
  • էլեկտրոլիտների (աղերի) կորուստ, ինչպիսիք են նատրիումը և կալիումը (դեմիներալիզացիա):

Այլ կարևոր կողմնակի ազդեցություններից են՝

  • դեղնուկ
  • ականջներում աղմուկ (տինիտուս)
  • լույսի նկատմամբ զգայունություն (ֆոտոֆոբիա)
  • մաշկային ցան
  • ենթաստամոքսային գեղձի բորբոքում (պանկրեատիտ)
  • սրտխառնոց
  • փորլուծություն
  • որովայնի ցավեր
  • գլխապտույտ:

Կարող են նաև առաջանալ արյան շաքարի բարձրացում (հիպերգլիկեմիա) և միզաթթվի բարձրացում (ուրիկեմիա):

Ֆուրոսեմիդի մեծ քանակների օգտագործումը առաջացնում է մեծ ծավալներով միզարձակության, որը կարող է հանգեցնել ջրի և էլեկտրոլիտների վտանգավոր կորստի:

Այս դեղամիջոցի մյուս կողմնակի ազդեցություններից և անցանկալի երևույթներից են՝

  • ստամոքս-աղիքային ռեակցիաներ, օրինակ՝ պանկրեատիտ, ախորժակի կորուստ, կծկանքներ, փորլուծություն, փորկապություն, սրտխառնոց և փսխում
  • համակարգային գերզգայունության ռեակցիաներ, օրինակ՝ ծանր անաֆիլաքսիա, նեկրոզվող անգիիտ, ինտերստիցիալ նեֆրիտ
  • կենտրոնական նյարդային համակարգի ռեակցիաներ, օրինակ՝ վերտիգո, գլխացավեր, աղավաղված տեսողություն, տինիտուս և լսողության կորուստ
  • արյան կողմից ռեակցիա, օրինակ՝ անեմիա, սպիտակ բջիջների քչացում (լեյկոպենիա), արյան թիթեղիկների քչացում (թրոմբոցիտոպենիա) և էոզինոֆիլների շատացում (էոզինոֆիլիա)
  • մաշկի գերզգայունության ռեակցիաներ, օրինակ՝ ցան, քոր, եղնջացան, լուսավախություն, էքսֆոլիատիվ դերմատիտ կամ Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշ
  • սրտային ռեակցիաներ, օրինակ՝ օրթոստատիկ հիպոտենզիա (կանգնելիս ուշագնացություն կամ գլխապտույտ), արյան տրիգլիցերիդների և խոլեսթերինի մակարդակների բարձրացում:

Այլ ռեակցիաներից են՝

  • ընդհանուր թուլություն
  • մկանային կծկանքներ (սպազմ)
  • թրոմբոֆլեբիտ
  • ջերմություն
  • բարձր արյան գլյուկոզ (հիպերգլիկեմիա):

Փոխազդեցություններ

  • Ֆուրոսեմիդի զուգակցումն ամինոգլիկոզիդային հակաբիոտիկների (օրինակ՝ Գենտամիցին) կամ Էթակրինիկ թթվի հետ կարող է վնասել լսողությունը:
  • Ֆուրոսեմիդն արգելակում է մեզով Ասպիրինի հեռացումը, ուստի այս երկու դեղերի զուգակցումը կարող է բերել արյան մեջ Ասպիրինի մակարդակի բարձրացման և թունավոր (տոքսիկ) ազդեցությունների դրսևորման:
  • Ֆուրոսեմիդը նաև կարող է բարձրացնել արյան մեջ Լիթիումի մակարդակը՝ կրճատելով երիկամներով այս միներալի դուրսբերումը, որի պատճառով կարող է բարձրանալ Լիթիումի թունավոր ազդեցությունը:
  • Սուկրալֆատը նվազեցնում է Ֆուրսեմիդի ազդեցությունը, քանի որ աղիներում կապում է Ֆուրոսեմիդը և արգելակում վերջինիս ներծծումը դեպի արյան հուն: Այդ պատճառով Սուկրալֆատի և Ֆուրոսեմիդի ընունումների միջև պետք է թողնել 2 ժամյա միջակայք:
  • Ֆուրոսեմիդը բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) դեղերի հետ զուգակցելիս բարձրանում է արյան ճնշման կտրուկ անկման (հիպոտենզիա) կամ երիկամների գործունեության ընկճման ռիսկը:
  • Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցները, ինչպիսիք են Իբուպրոֆենը կամ Ինդոմեթացինը, կարող են թուլացնել Ֆուրոսեմիդի արյան ճնշումը նվազեցնող ազդեցությունը:

Ֆուրոսեմիդը նաև կարող է փոխազդել հետևյալ դեղերի հետ՝

  • Ցիսպլատին
  • Ցիկլոսպորին
  • Մեթոտերքսատ
  • Ֆենիտոին
  • հակաբիոտիկներ
  • սրտային դեղամիջոցներ
  • լուծողականներ
  • ստերոիդներ:

Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ընդունում եք վիտամիններ կամ հավելումներ:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Հղիության ընթացքում Ֆուրոսեմի կարող է օգտագործվել միայն այն դեպքում, երբ ակնկալվող օգուտը գերակշռում է պտղի վրա դրսևորած հնարավոր բացասական ազդեցությունների ռիսկը:
  • Ֆուրոսեմիդն արտազատվում է կրծքի կաթի մեջ, ուստի կրծքով կերակրող կանայք պետք է խուսափեն այս դեղն օգտագործելուց, եթե բժիշկն այլ բան չի հրահանգավորել:

Դեղաչափեր

  • Այտուցը բուժելիս Ֆուրոսեմիդի սովորական մեկնարկային դեղաչափը չափահասների համար 20-80 մգ է, որը տրվում է միանվագ: Նույն դեղաչափը կարող է կրկնվել 6-8 ժամ անց: Դեղաչափը կարող է 6-8 ժամը մեկ բարձրացվել 20-40 մգ-ով՝ մինչև ցանկալի արդյունք ստանալը:
  • Արդյունավետ (բուժական) դեղաչափը կարող է տրվել օրական մեկ կամ երկու անգամյա ընդունմամբ:
  • Որոշ պացիենտների մոտ ցանկալի արդյունք կարող է ստացվել օրական ընդհանուր 600 մգ դեղաչափ ընդունելիս:
  • Երեխաների համար Ֆուրոսեմիդի մեկնարկային բերանային (օրալ) դեղաչափը 2 մգ/կգ է։ Այս դեղաչափը կարող է յուրաքանչյուր 6 ժամը մեկ բարձրացվել 1-2 մգ/կգ-ով՝ մինչև ցանկալի արդյունք ստանալը: Երեխաներին խորհուրդ չի տրվում նշանակել ավելի շատ Ֆուրոսեմիդ, քան օրական 6 մգ/կգ:
  • Բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) բուժելիս Ֆուրոսեմիդը նշանակվում է 40 մգ-ից օրական 2 անգամ: Երբ հիպերտենզիայի բուժմանն ավելացվում է Ֆուրոսեմիդ, ճնշում իջեցնող մյուս դեղերի դեղաչափերը պետք է առնվազն կեսով կրճատվեն:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր՝ 20, 40 և 80 մգ:
  • Բերանային (օրալ) հեղուկ՝ 10 մգ/մլ և 8 մգ/մլ :
  • Ներարկման լուծույթ՝ 10 մգ/մլ:

Պահպանում

  • Ֆուրոսեմիդը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանային պայմաններում, անլուսաթափանց տուփում:

Ամփոփում

Ֆուրոսեմիդը միզամուղ դեղամիջոց է, որը բժիշկները նշանակում են օրգանիզմում հեղուկի ավելցուկային կուտակումը կամ ցիռոզի, քրոնիկ երիկամային անբավարարության, սիտային անբավարարության կամ երիկամների ախտահարման ժամանակ առաջացող այտուցները բուժելու համար:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2020
Վերջին վերանայում՝ 05-06-2023