Skip to main content

Մետոկլոպրամիդ - Պրոկինետիկներ

Ընդհանուր նկարագրություն

Մետոկլոպրամիդը պրոկինետիկ դեղամիջոց է, որը խթանում է ստամոքսաղիքային ուղու, այդ թվում՝ ստորին կերակրափողային սեղմակի, ստամոքսի և բարակ աղու մկանները:

Մետոկլոպրամիդը խթանում է մարսողական խողովակի վերին բաժինների մկանային կծկումները փոխազդելով այդ մկանների և նյարդերի ացետիլխոլինային և դոֆամինային ընկալիչների հետ:

Ստորին կերակրափողային սեղմակը (սֆինկտեր) գտնվում է կերակրափողի և ստամոքսի միջև և նորմայում կանխարգելում է ստանոքսից թթվի և այլ պարունակության ռեֆլյուքսը դեպի կերակրափող: Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության (ԳԷՌՀ) ժամանակ այս սեղմակի թուլացումը թույլ է տալիս, որ ստամոքսի թթուն բարձրանա դեպի կերակրափող՝ առաջացնելով այրոցք (изжога) և կերակրափողի վնասում (էզոֆագիտ): Մետոկլոպրամիդը կրճատում է ստամոքսաթթվի ռեֆլյուքսը՝ ուժեղացնելով ստորին կերակրափողային սեղմակի մկանը: Մետոկլոպրամիդը նաև խթանում է ստամոքսի մկանները և օժանդակում ստամոքսից պինդ և հեղուկ սննդի դատարկումը դեպի բարակ աղի:

Որոշ մարդկանց, հատկապես շաքարային դիաբետով հիվանդների մոտ ստամոքսի նյարդերի ախտահարումը կարող է թուլացնել մկանների գործունեությունը և դանդաղեցնել ստամոքսի դատարկումը՝ առաջացնելով սրտխառնոց, փսխումներ, որովայնի լցվածության և փքվածություն (դիաբետիկ գաստրոպարեզ): Մետոկլոպրամիդը կարող է արդյունավետ կերպով մեղմացնել գաստրոպարեզի հետ կապված ախտանիշները՝ խթանելով ստամոքսի դատարկման գործընթացը, ինչպես նաև նվազեցնելով թթվային ռեֆլյուքսը:

Գանգուղեղային նյարդերում առկա դոֆամինային ընկալիչները կաևոր դեր ունեն սրտխառնոցի առաջացման գործում: Մետոկլոպրամիդը փոխազդում է գլխուղեղի դոֆամինային ընկալիչների հետ և կարող է արդյունավետ կերպով ընկճել սրտխառնոցի զգացումը:

Ամերիկյան Դեղերի և սննդի գործակալությունը (FDA) Մետոկլոպրամիդը հաստատել է 1985 թվականի հունիսին:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Reglan, Metozolv ODT

Ցուցումներ

Մետոկլոպրամիդը չափահաս մարդկանց նշանակվում է հետևյալ դեպքերում՝

  • ԳԷՌՀ-ով պայմանավորված այրոցքի ախտանիշների մեղմացում, եթե այլ բուժումներն արդյունավետ չեն
  • դիաբետով մարդկանց մոտ ստամոքսի դատարկման դանդաղեցման (գաստրոպարեզ) հետ կապված ախտանիշների մեղմացում։

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Մետոկլոպրամիդն ընդհանուր առմամբ լավ է տարվում, եթե օգտագործվում է կարճ ժամանակի ընթացքում և փոքր դեղաչափերով: Նյարդաբանական կողմնակի ազդեցությունները բարձրանում են դեղաչափը բարձրացնելիս և բուժման տևողությունը երկարացնելիս:

Մետոկլոպրամիդի տարածված կողմնակի ազդեցություններից են՝

  • քնկոտություն
  • անհանգստություն
  • հոգնածություն
  • տագնապ
  • անքնություն
  • դեպրեսիա
  • սեդացիա:

Մետոկլոպրամիդի այլ կարևոր կողմնակի ազդեցություններից են ծանր նյարդաբանական ախտանիշները, որոնք նմանվում են Պարկինսոնի հիվանդությանը, օրինակ՝

  • ակամա մկանային շարժումներ
  • դիմախաղի անշարժացում
  • փայտացում հիշեցնող դիստոնիկ ռեակցիաներ:

Այս ավելի ծանր կողմնակի ազդեցությունները հանդիպում են հազվադեպ և սովորաբար, թեև ոչ միշտ անհետանում են, երբ Մետոկլոպրամիդի օգտագործումը դադարեցվում է: Պարկինսոնի հիվանդությամբ մարդկանց շրջանում Մետոկլոպրամիդը կարող է վատթարացնել ախտանիշները:

Մետոկլոպրամիդը կարող է ազդել ավտոմեքենա վարելու կամ որևէ սարք աշխատացնելու համար անհրաժեշտ մտավոր և (կամ) ֆիզիկական ունակությունների վրա:

Փոխազդեցություններ

  • Մետոկլոպրամիդն արագացնում է ստամոքսի դատարկումը, հետևաբար կարող է բարձրացնել կամ նվազեցնել բարակ աղիում ներծծվող այլ դեղամիջոցների ներծծումը և ազդեցությունները։ Օրինակ, Մետոկլոպրամիդի հետ զուգակցելիս ալկոհոլի, Դիազեպամի (Վալիում) և Ցիկլոսպորինի ազդեցությունները կարող են արագացվել և, հակառակը, Դիգոքսինի (Լանոքսին) և Ցիմետիդինի (Տագամետ) արյան մակարդակները նվազեցվեն:
  • Մետոկլոպրամիդը չի կարելի զուգակցել ՄԱՕ ինհիբիտորների հետ, օրինակ՝ Իզոկարբոքսազիդ (Մարպլան), Ֆենիլզին (Նարդիլ), Տրանիլցիպրոմին (Պարնատ), Սելեգիլին (Էլդեպրիլ) և Խրոկարբազին (Մուտալան), քանի որ նեյրոմեդիատրների ավելցուկային ազատմամբ բարձրացնում է լուրջ կողմնակի ազդեցությունների ռիսկը:
  • Հակախոլիներգիկ դեղամիջոցները մրցակցային մեխանիզմով կարող են նվազեցնել Մետոկլոպրամիդի արդյունավետությունը:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

Հղիության ընթացքում Մետոկլոպրամիդնի անվտանգությունը չի ապացուցվել:

Մետոկլոպրամիդն արտազատվում է մայրական կաթով, ուստի կրծքով կերակրող կանայք պետք է խուսափեն դեղամիջոցի օգտագործումից:

Դեղաչափեր

  • ԳԷՌՀ բուժման ժամանակ Մետոկլոպրամիդի սովորական դեղաչափն է 10-15 մգ, օրական 4 անգամ, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ:
  • Գաստրոպարեզի բուժման ժամանակ Մետոկլոպրամիդը անակվում է 10 մգ-ից, օրական 4 անգամ, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ և քնելուց առաջ:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր՝ 5 և 10 մգ:
  • Օշարակ՝ 5 մգ/5 մլ (թեյի գդալ):
  • Ներարկման լուծույթ՝ 5 մգ/5 մլ:

Պահպանում

  • Հաբերը և սիրոպը պետք է պահպանել 15-30°C ջերմաստիճանային պայմաններում:
  • Ներարկման լուծույթը պետք է պահպանել 20-25°C սենյակային ջերմաստիճանային պայմաններում:

Ամփոփում

Մետոկլոպրամիդը գաստրոպարեզով հիվանդների շրջանում ԳԷՌՀ-ի պատճառած այրոցքի և էզոֆագիտի բուժման դեղամիջոց է: Այն նաև կարող է նշանակվել բարակ աղու մկանների գործունեության խանգարման և վիրահատության կամ քաղցկեղի քիմիոթերապիայի պատճառով առաջացած սրտխառնոցի բուժման մեջ:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 11-06-2021
Վերջին վերանայում՝ 28-05-2023