Skip to main content

Նապրոքսեն - Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղեր

Ընդհանուր նկարագրություն

Նապրոքսենը ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոց (ՈՍՀԲԴ) է, որը նշանակվում է թույլից մինչև չափավոր ցավերի, բորբոքման և ջերմության ժամանակ:

ՈՍՀԲԴ-ները լայնորեն օգտագործվում են թույլից մինչև չափավոր ցավերի, ջերմության և բորբոքման ժամանակ: Դրանք ազդում են՝ նվազեցնելով ցավի, ջերմության բարձրացման և բորբոքման համար պատասխանատու պրոստոգլանդինների մակարդակը: Նապրոքսենն արգելակում է այն ֆերմենտը (ցիկլոօքսիգենազա), որի մասնակցությամբ արտադրվում են պրոստոգլանդինները, որի արդյունքում վերջիններիս մակարդակը նվազում է, իսկ բորբոքումը, ցավը և բարձր ջերմությունը՝ մեղմանում:

Ամերիկյան FDA կազմակերպությունը Նապրոքսենը հաստատել է 1991թ.:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Anaprox, Naprelan, Naprosyn, Aleve, Mediproxen

Օրինակներ

ՈՍՀԲԴ-ների խմբի այլ դեղամիջոցներից են՝

  • Իբուպրոֆեն
  • Դիլկոֆենակ
  • Ինդոմեթացին
  • Նաբումետոն
  • այլ տասնակ դեղեր:

Ցուցումներ

Նապրոքսենն օգտագործվում է թույլից մինչև չափավոր ցավերի, բորբոքման և ջերմության ժամանակ:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Նապրոքսնի ամենահաճախ առաջացարած կողմնակի ազդեցություններից են՝

  • մաշկային ցան
  • ականջներում աղմուկ (տինիտուս)
  • գլխացավեր
  • գլխապտույտ
  • քնկոտություն
  • որովայնի շրջանի ցավեր
  • սրտխառնոց
  • փորլուծություն
  • փորկապություն
  • սրտխփոցի զգացում
  • հեղուկների պահպանում և այտուցներ
  • շնչարգելություն:

Այլ հազվադեպ հանիդիպող, սակայն լուրջ կողմնակի ազդեցություններից են՝

  • այտուցներ
  • արյան մակարդուկներ (թրոմբ)
  • սրտամկանի ինֆարկտ
  • բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
  • սրտային անբավարարություն:

Փոխազդեցություններ

Նապրոքսենը կապված է որոշ կասկածելի կամ հավանական փոխազդեցությունների հետ, որոնք փոփոխում են այլ դեղամիջոցների ազդեցությունը:

  • Նապրոքսենը կարող է բարձրացնել արյան մեջ Լիթիումի մակարդակը՝ կրճատելով երիկամներով այս միներալի դուրսբերման արագությունը, որի պատճառով կարող է բարձրանալ Լիթիումի թունավոր (տոքսիկ) ազդեցությունը:
  • Նապրոքսենը կարող է թուլացնել բարձր արյան ճնշման բուժման դեղերի հակահիպերտենզիվ (ճնշումը նվազեցնող) ազեդեցությունը: Նման փոխազդեցության մեջ կարող է դեր խաղալ արյան ճնշման կարգավորման մեջ մասնակցող պրոստոգլանդինների քչացումը:
  • Մեթտրեքսատի կամ ամինոգլիկոզիդների (օրինակ՝ Գենտամիցին) հետ զուգակցնելիս դրանց մակարդակն արյան մեջ կարող է բարձրանալ, ըստ երևույթին օրգանիզմից հեռացումը դանդաղելու պատճառով: Ուստի, նշված դեղերի հետ միաժամանակ Նապրոքսեն ընդունելիս կարող են սաստկանալ Մեթտրեքսատի կամ ամինոգլիկոզիդների հետ կապված կողմնակի ազդեցությունները:
  • Հակամակարդիչներ, օրինակ՝ Վարֆարին ստացող անձինք պետք է զերծ մնան Նապրոքսեն ընդունելուց, քանի որ վերջինս նույնպես «ջրիկացնում է» արյունը, և լրացուցիչ հակամակարդիչ ազդեցությունը կարող է հանգեցնել արյունահոսությունների:
  • Արգելակելով պրոստոգլանդինները, Նապրոքսենը ուժեղացնում է Ցիկլոսպորինի բացասական ազդեցությունը երիկամների գործունեության վրա և թուլացնում Ֆուրոսեմիդի և թիազիդային միզամուղների բուժական ազդեցությունը:
  • Նապրոքսենը հակացուցված է այն մարդկանց, ովքեր ունեն Ասպիրինի կամ մեկ այլ ՈՍՀԲԴ-ի նկատմամբ ասթմայի նոպայի, եղնջացանի կամ մեկ այլ ալերգիկ ռեակցիայի պատմություն:
  • Ասպիրինի հետ զուգակցելիս բարձրանում է նաև ստամոքսի կամ տասներկումատնյա աղու (պեպտիկ) խոցի առաջացման ռիսկը:
  • Նույն կերպ, ստամոքսի խոցի հավանականությունը բարձրանում է, երբ Նապրոքսեն կամ այլ ՈՍՀԲԴ ընդունող մարդիկ օգտագործում են ավելի շատ, քան օրական երեք չափաբաժին ալկոհոլային խմիչքներ:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • ՈՍՀԲԴ-ները կարող են հղիության 3-րդ եռամսյակում առաջացնել պղտի բնածին արատ, որը կոչվում է զարկերակային ծորան (ductus arteriosus, նախկինում՝ Բոտալյան ծորան): Ուստի, ուշ հղիության շրջանում ՈՍՀԲԴ-ից պետք է հրաժարվել:
  • Նապրոքսենի փոքր քանակություն արտազատվում է կրծքի կաթ: Այս դեղամիջոցի խտությունը կրծքի կաթում փոքր է, ուստի կրծքով կերակրող մայրերի կողմից դեղի ընդունումը նորածնի համար հավանաբար վնասակար չէ:

Դեղաչափեր

  • Նապրոքսենը պետք է ընդունել սննդի հետ միաժամանակ, որ կրճատվի ստամոքսի խանգարման ռիսկը (դիսպեպսիա):
  • Չափահասների համար որպես ցավազրկող Նապրոքսենի ստանդարտ հաբերի սովորական դեղաչափն է 250 մգ 6-8 ժամը մեկ անգամ կամ 500 մգ օրական երկու անգամ: Կառավարվող ազատվող հաբերի դեղաչափն է՝ 750-1000 մգ օրական մեկ անգամ:
  • Ռևմատոիդ արթրիտի, օստեոարթրիտի կամ անկիլացնող սպոնդիլիտի (Բեխտերևի հիվանդություն) ժամանակ Նապրոքսենի դեղաչափն է 500-1000 մգ 12 ժամը մեկ:
  • Ցավոտ դաշտանի (դիսմենորեա) ժամանակ Նապրոքսենը նշանակվում է սկզբնական 500 մգ-ից հետո 250 մգ ամեն 6-8 ժամը մեկ:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր (հետաձգված ազատման)` 25, 50 և 75 մգ:
  • Հաբ (անհապաղ ազատման)՝ 50 մգ:
  • Հաբ (երկարատև ազատման)` 100 մգ:
  • Պատիճ՝ 25 մգ:
  • Բերանային (օրալ) լուծույթ՝ 50 մգ:

Պահպանում

Նապրոքսենը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանում (15-30° C):

Ամփոփում

Նապրոքսենը ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերի դասին պատկանող դեղամիջոց է, որը նշանակվում է թույլից մինչև չափավոր ցավերի, բորբոքման և ջերմության ժամանակ:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2020
Վերջին վերանայում՝ 04-04-2024