Ընդհանուր նկարագրություն
Նիացինը B վիտամին է, որն արտադրվում և յուրացվում է ձեր օրգանիզմի կողմից՝ սնունդը էներգիայի վերածելու համար:
Այն օգնում է ձեր նյարդային համակարգի, մարսողական համակարգի և մաշկի առողջ վիճակի պահպանմանը:
Նիացինը (վիտամին B3) հաճախ ամենօրյա օգտագործման մուլտիվիտամինի մի մասն է, սակայն մարդկանց մեծամասնությունը բավարար քանակությամբ նիացին կարող է ստանալ սննդով: Նիացինով հարուստ մթերքներից են խմորասնկերը, կաթը, միսը, տորտիլյան և ամբողջահատիկ հացամթերքները:
Մարդիկ օգտագործում են Նիացին դեղամիջոցը (Նիակոռ, Նիասպան)՝ իրենց արյան խոլեստերինի մակարդակի վերահսկումն ավելի արդյունավետ դարձնելու ակնկալիքով:
Չափահաս տղամարդկանց համար նիացինի առաջարկվող դեղաչափը օրական 16 միլիգրամ է (մգ), իսկ չափահաս կանանց համար, ովքեր հղի չեն՝ օրական 14 մգ:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
Առանձնահատուկ առողջական վիճակների բուժման համար բերանային նիացինի օգտագործման վերաբերյալ հետազոտությունները վկայում են հետևյալի մասին:
- Բարձր խոլեստերին. Նիացինի դեղամիջոցներն օգտագործվում են բարձր խտության լիպոպրոտեինի (ԲԽԼ) խոլեստերինի կամ «լավ» խոլեստերինի բարձրացման համար, որն օգնում է ձեր արյան հոսքից ցածր խտության լիպոպրոտեինի (ՑԽԼ)՝ «վատ» խոլեստերինի հեռացմանը: Չնայած նիացինի՝ ԲԽԼ-ի բարձրացման ունակությանը, առկա տվյալները վկայում են, որ նիացինով բուժումը կապված չէ մահացության, սրտամկանի ինֆարկտի կամ ինսուլտի ռիսկերի կրճատման հետ:
- Նիացինի անբավարարություն (պելագրա). նիացինը և դրա հետ փոխկապված մեկ այլ սննդանյութը՝ նիացինամիդն օգտագործվում են նիացինային դեֆիցիտը բուժելու կամ կանխարգելելու համար: Պելագրան ԱՄՆ-ում և այլ զարգացած երկրներում հազվադեպ հանդիպող վիճակ է:
Նիացինի պակասը կապված է բնածին արատների հետ: Մկների վրա կատարված փորձարկումները վկայել են, որ հղիության ընթացքում նիացինային հավելումները կանխարգելել են բնածին արատները: Այնուամենայնիվ, մարդկանց մոտ համանման օգուտը դեռևս ապացուցված չէ:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Ճիշտ քանակներով բերանային (օրալ) նիացինը համարվում է անվտանգ:
Նիացինի բարձր դեղաչափեր հնարավոր է ստանալ այս հավելումը պարունակող դեղամիջոցների անվերահսկելի օգտագործմամբ: Նման դեպքերում նիացինը կարող է առաջացնել՝
- սուր մաշկային ջերմահորդանք, որն ուղեկցվում է գլխապտույտով
- արագացած սրտազարկ (տախիկարդիա)
- քոր
- սրտխառնոց և փսխում
- որովայնային ցավեր
- փորլուծություն
- պոդագրա
- լյարդի վնասում
- դիաբետ:
Լուրջ կամ ծանր կողմնակի ազդեցություններն առավել հավանական են, եթե ընդունում եք օրական 2000-ից մինչև 6000 մգ նիացին: Եթե կարծում եք, որ ձեզ մոտ առկա է նիացինային գերդոզավորում, անմիջապես դիմեք անհետաձգելի բուժօգնության:
Եթե ունեք լյարդային հիվանդություն, պեպտիկ խոցային հիվանդություն կամ ցածր արյան ճնշում (հիպոտենզիա), մի՛ ընդունեք նիացինի մեծ քանակներ: Այս հավելումը կապված է լյարդի վնասման հետ, ինչպես նաև կարող է ավելի ծանրացնել ձեր ցածր ճնշումը և նպաստել պեպտիկ խոցի սրացմանը:
Նիացինի օգտագործումը նաև կարող է վատթարացնել ալերգիաները, լեղապարկի հիվանդությունները և վահանաձև գեղձի որոշակի խանգարումները: Եթե ունեք շաքարային դիաբետ, նիացինը կարող է խանգարել արյան շաքարի վերահսկմանը: Զգույշ օգտագործեք այս հավելումը, եթե ունեք պոդագրային հոդաբորբի բարդացած ձևեր: Նիացինը կարող է առաջացնել արյան միզաթթվի ավելցուկ (հիպերուրիկեմիա)՝ մեծացնելով պոդագրայի ռիսկը:
Փոխազդեցություններ
Հնարավոր փոխազդեցությունների օրինակներից են:
- Ալկոհոլ. ալկոհոլի հետ նիացինի զուգակցումը կարող է մեծացնել լյարդի վնասման ռիսկը և վատթարացնել նիացինի կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են ջերմահորդանքը և քորը:
- Ալոպուրինոլ (Զիլոպրիմ). եթե օգտագործում եք նիացին և ունեք պոդագրա, կարող է առաջանալ վերջինիս բուժման համար օգտագործվող դեղամիջոցների դեղաչափի բարձրացման կարիք:
- Հակամակարդիչ (անտիկոագուլյանտ) և հակաթրոմբոցիտային (անտիագրեգանտ) դեղամիջոցներ, դեղաբույսեր և հավելումներ. այս տեսակի նյութերը թուլացնում են արյան մակարդելիությունը (երկարացնում են արյան մակարդման ժամանակը): Նիացինի հետ դրանց զուգակցումը կարող է բարձրացնել արյունահոսությունների ռիսկը:
- Արյան ճնշման դեղամիջոցներ, դեղաբույսեր և հավելումներ. նիացինը կարող է ուժեղացնել արյան ճնշումը նվազեցնող նյութերի ազդեցությունը, հետևաբար՝ բարձրացնել անցանկալի ցածր արյան ճնշման ռիսկը (հիպոտենզիա):
- Քրոմ. նիացինի օգտագործումը քրոմի հետ կարող է նվազեցնել ձեր արյան շաքարի մակարդակը: Եթե ունեք շաքարային դիաբետ և ընդունում եք միաժամանակ նիացին և քրոմ, ավելի ուշադիր վերահսկեք ձեր արյան շաքարի մակարդակը:
- Դիաբետի դեղամիջոցներ. եթե ունեք դիաբետ, նիացինը կարող է խանգարել ձեր արյան շաքարի վերահսկմանը: Նման իրավիճակներում անհրաժեշտ է պատշաճ կերպով կարգավորել դիաբետի դեղերի դեղաչափերը:
- Լյարդը վնասող (հեպատոտոքսիկ) դեղամիջոցներ, դեղաբույսեր և հավելումներ. այս միջոցները, ինչպես նիացինը, կարող են առաջացնել լյարդի վնասում:
- Ստատիններ. հետազոտությունները վկայում են, որ նիացինի օգտագործումը խոլեստերինի դեղորայքի հետ միայն թեթևակի լրացուցիչ օգուտներ է տալիս՝ համեմատած միայն ստատինների օգտագործման հետ, սակայն կարող է բարձրացնել կողմնակի ազդեցությունների ռիսկը:
- Ցինկ. նիացինի հետ միասին ցինկի ընդունումը կարող է վատթարացնել նիացինի կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են ջերմահորդանքը և քորը:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
Եթե հղի եք, բարձր խոլեստերինի համար մի՛ ընդունեք դեղորայքային նիացին: Այնուամենայնիվ, եթե ունեք նիացինի անբավարարություն, այս սննդանյութն, ամենայն հավանականությամբ, անվտանգ է ընդունել հղիության ընթացքում և կրծքով կերակրող կանանց, եթե օգտագործվի առաջարկվող դեղաչափով:
Ամփոփում
Նիացինային դեղամիջոցները կարող են օգնել բարձր խոլեստերին ունեցող մարդկանց, ովքեր չեն կարող ստանալ ստատիններ կամ եթե ստատինները, սննդակարգը և վարժանքները բավարար չափով չեն կարգավորում արյան խոլեստերինի մակարդակը: Մի՛ օգտագործեք նիացինի մեծ քանակներ, եթե հղի եք և ունեք արյան բարձր խոլեստերին:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-01-2024
Վերջին վերանայում՝ 23-01-2024