Դեղեր և հավելումներ

Նիֆեդիպին

Ընդհանուր նկարագրություն

Նիֆեդիպինը կալցիումական անցուղիների պաշարիչների խմբին պատկանող դեղամիջոց է, որը նշանակվում է կրծքահեղձուկի և բարձր արյան ճնշման բուժման մեջ:

Կալցիումը մասնակցում է մկանների կծկմանը, ուստի, պաշարելով կալցիումի մուտքը դեպի մկանաբջիջներ, Նիֆեդիպինը և այս խմբի մյուս դեղերը թուլացնում են զարկերակները շրջապատող մկանաթելերը, որի շնորհիվ այդ անոթները լայնանում են՝ իրենց մեջ տեղավորելով ավելի շատ արյուն: Այսպիսով, Նիֆեդիպինը դառնում է սրտամկանը սնուցող պսակային զարկերակների կծկանքով (սպազմ) պայմանավորված հետկրծոսկային ցավերի՝ կրծքահեղձուկի (ստենոկարդիա) կանխարգելման և բուժման համար արդյունավետ դեղամիջոց:

Մարմնի այլ շրջաններում զարկերակների մկանների թուլացումը բերում է արյան ճնշման նվազեցման, որն իր հերթին սրտի կողմից արյան մղումը դեպի այդ անոթներ դարձնում է ավելի դյուրին և նվազում է թթվածնի նկատմամբ սրտամկանի պահանջը: Նվազեցնելով թթվածնի նկատմամբ սրտամկանի պահանջարկը, Նիֆեդիպինը մեղմացնում կամ կանխարգելում է կրծքահեղձուկը նաև այս մեխանիզմով:

Լայնացնելով զարկերակները՝ Նիֆեդիպինը նաև նվազեցնում է արյան ճնշումը, և այս ազդեցությունը թույլ է տալիս դեղը նշանակել բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) բուժելիս:

Նիֆեդիպինը ամերիկյան FDA կազմակերպության կողմից գրանցվել է 1981 թվականի դեկտեմբերին:

Բրենդային անվանումներ՝ Adalat, Procardia, Afeditab, Nifediac

Օրինակներ

Կալցիումական ուղիների արգելակիչների այլ ներկայացուցիչներից են՝

  • Ամլոդիպին
  • Վերապամիլ
  • Դիլթիազեմ:

Ցուցումներ

Նիֆեդիպինը նշանակվում է լարվածության (ֆիզիկական գործ անելիս) կամ պսակային զարկերակային սպազմի հետևանքով առաջացած կրծքահեղձուկի (ստենոկարդիա) բուժման և կանխարգելման նպատակով: Այն նաև նշանակվում է բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) և վերփորոքային հաճախասրտությամբ ուղեկցվող սրտի ռիթմի խանգարումների (օրինակ՝ շողացող առիթմիա, վերփորոքային պարօքսիզմալ տախիկարդիա) կանխարգելման և բուժման մեջ:

Նիֆեդիպինի անոթալայնիչ ազդեցությունը թույլ է տալիս այն նաև նշանակել Ռեյնոյի ֆենոմենով և այլ վիճակներով պատճառված անոթային կծկանքը (սպազմ) հանելիս:

Ամերիկյան FDA-ի կողմից չհաստատված Նիֆեդիպինի օգտագործման այլ ցուցումներից են՝

  • հետանցային ճաքեր (տեղային օգտագործում)
  • չափահասների մոտ միգրենային գլխացավերի կանխարգելում
  • միզածորանային քարեր (որպես երկրորդային բուժում)
  • վերքերի լավացում (տեղային օգտագործում):

Կողմնակի ազդեցություններ

Նիֆեդիպինի կողմնակի ազդեցությունն ընդհանուր առմամբ թեթև և դարձելի են: Դրանց մեծ մասն ի հայտ են գալիս որպես զարկերակների լայնացմանն ուղեկցող սպասելի հետևանքներ: Ամենատարածված կողմնակի ազդեցություններից են՝

  • գլխացավ
  • գլխապտույտ
  • ջերմահորդանքներ
  • ստորին վերջույթների այտուց:

Ավելի հազվադեպ կարող են ի հայտ գալ՝

  • սրտխառնոց
  • փորկապություն։

Հազվադեպ, կարող են ի հայտ գալ՝

  • մկանային ջղաձգումներ
  • շնչառական խզզոցներ
  • լնդերի գերաճ
  • էրեկտիլ դիսֆունկցիա
  • արյան ճնշման հավելյալ անկում (հիպոտենզիա):

Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ

  • Հազվադեպ, Նիֆեդիպինը կապված է կանգային սրտային անբավարարությանը հետ, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր նախապես ստացել են որևէ բետա-պսշարիչ՝ Պրոպրանոլոլ (Ինդերալ), Մետոպրոլոլ (Լոպրեսսոր) և այլն: Նիֆեդիպինի մեկնարկային ընդունման ժամանակ կարող է գրանցվել արյան ճնշման անցանկալի անկում (հիպոտենզիա), հատկապես այն անձանց մոտ, ովքեր արդեն ընդունում են մեկ այլ ճնշումը նվազեցնող դեղամիջոց:
  • Ընդհանուր առմամբ, Նիֆեդիպինը երեխաներին հակացուցված է:
  • Նիֆեդիպինի օգտագործումը Դիգօքսինի (Լանօքսին) հետ միասին կարող է բարձրացնել արյան մեջ վերջինիս մակարդակը: Նման դեպքերում սովորաբար արյան մեջ Դիգօքսինի մակարդակը վերահսկվում է, որպեսզի կանխարգելվի գլիկոզիդային թունավորումը:
  • Նիֆեդիպինը դանդաղեցնում է լյարդում Տակրոլիմուսի (Պրոգրաֆ) քայքայումը և կարող է բարձրացնել արյան մեջ վերջինիս մակարդակը՝ ավելացնելով դրա թունավոր ազդեցությունը:
  • Նիֆեդիպինը կրճատում է արյան մեջ Խինիդինի մակարդակը, հետևաբար՝ արդյունավետությունը: Մյուս կողմից, Խինիդինը կարող է բարձրացնել Նիֆեդիպինի մակարդակն արյան մեջ և առաջացնել վերջինիս կողմնակի ազդեցությունների ուժեղացման:
  • Ցիմետիդինը (Տագամետ) ազդում է լյարդում Նիֆեդիպինի քայքայման վրա և բարձրացնում արյան մեջ դեղի մակարդակը: Ուստի, այս երկու դեղերը պետք է զուգակցել զգուշորեն:
  • Գրեյպֆրուտի հյութը (200 միլիլիտր) կարող է արգելակել լյարդում Նիֆեդիպինի քայքայումը և բարձրացնել այս դեղի մակարդակն արյան մեջ, ուստի Նիֆեդիպին ընդունելիս պետք է այս հյութից կամ մրգից խուսափել:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Հղի կանանց կողմից Նիֆեդիպինի օգտագործման վերաբերյալ համարժեք հետազոտություններ չկան, ուստի, ընդհանուր առմամբ, այն հղիության ընթացքում չի նշանակվում:
  • Նիֆեդիպինը արտազատվում է կրծքի կաթի մեջ: Ընդհանուր առմամբ, կրծքով կերակրող մայրերին Նիֆեդիպին չի նշանակվում:

Դեղաչափեր

  • Կրծքահեղձուկը բուժելիս Նիֆեդիպինի պատիճների սովորական դեղաչափն է՝ 10-20 մգ-ից օրական երեք անգամ: Կարող է պահանջվել 20-30 մգ-ից ամեն 6-8 ժամը մեկ ընդունում: Դեղաչափը չպետք է անցնի օրական 180 մգ-ից: Երկար ազդող հաբերի դեպքում սովորական դեղաչափը 30 կամ 60 մգ է, օրական մեկ անգամ ընդունմամբ, իսկ առավելագույն դեղաչափը՝ 120 մգ/օր:
  • Բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) բուժելիս նշանակվում է Նիֆեդիպինի երկար ազդող հաբեր՝ օրական 30-60 մգ, առավելագույն դեղաչափը՝ 90 մգ/օր (Ադալատ) կամ 120 մգ/օր (Պրոկարդիա XL):
  • Նիֆեդիպինը կարող է օգտագործվել սննդի հետ կամ առանց դրա:
  • Հաբերը և պատիճները պետք է ամբողջապես կուլ տալ: Դրանք չի կարելի փշրել կամ կիսել մասերի:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Պատիճներ (կապսուլաներ) ՝ 10 և 20 մգ:
  • Հաբեր՝ 30, 60 և 90 մգ:

Պահպանում

  • Հաբերը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանային պայմաններում (15-25°C): Դրանք պետք է պահպանել լույսից և խոնավությունից հեռու տեղում:

Ամփոփում

Նիֆեդիպինը կալցիումական անցուղիների պաշարիչ է, որը նշանակվում է կրծքահեղձուկի և բարձր արյան ճնշման բուժման մեջ: Այն դեղամիջոցը երբեմն նշանակվում է նաև Ռեյնոյի ֆենոմենի, հետանցքային ճաքերի բուժման և միգրենային գլխացավերի կանխարգելման համար:

Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 08-03-2021 վերանայվել է՝ 28-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով