Դեղեր և հավելումներ

Օմեպրազոլ

Ընդհանուր նկարագրություն

Օմեպրազոլը կերակրափողի, ստամոքսի և տասներկումատնա աղու որոշ հիվանդությունների բուժման մեջ լայնորեն կիրառվող դեղամիջոց է:

Օմեպրազոլը պրոտոնային պոմպի արգելակիչների (ՊՊԱ-ներ) խմբին պատկանող դեղամիջոց է, որն ընկճում է ստամոքսի թթվի արտադրությունը:

ՊՊԱ-ները նշանակում են այնպիսի հիվանդությունների բուժման մեջ, որոնք բոլորն էլ պատճառվում են ստամոքսի թթվով՝ խոցային հիվանդություն (ստամոքսի և տասներկումատնա աղու խոցեր), գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ) և Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշ:

Այլ ՊՊԱ-ների նման, Օմեպրազոլն արգելակում է այն ֆերմենտը, որի մասնակցությամբ ստամոքսի պատն արտադրում է թթու: Արգելակելով այս ֆերմենտը, Օմեպրազոլն ընկճում է թթվի արտադրությունը, որը թույլ է տալիս ստամոքսին և կերակրափողին, որ վերականգնվեն այդ թթվի առաջացրած բորբոքումից:

Ամերիկյան FDA կազմակերպությունը Օմեպրազոլը հաստատել է 1989թ. սեպտեմբերին, որից հետո տարբեր բրենդային անվանումների ներքո ստացել է լայն կիրառում ողջ աշխարհով:

Բրենդային անվանումներ՝ Prilosec, Zegerid, Prilosec OTC, Zegerid OTC

Օրինակներ

ՊՊԱ-ների խմբի այլ դեղերից են՝

  • Լանզոպրազոլ
  • Ռաբեպրազոլ
  • Պանտոպրազոլ
  • Էզոմեպրազոլ:

Ցուցումներ

Օմեպրազոլը նշանակվում է հետևյալ դեպքերում

  • պեպտիկ խոցերի բուժում (ստամոքսի և տասներկումատնա աղու խոցեր)
  • թթվային ռեֆլյուքսի (ԳԷՌՀ) բուժում
  • էրոզիվ էզոֆագիտի (կերակրափողի էրոզիվ բորբոքում) բուժում
  • հելիկոբակտեր պիլորիի (H. pylori) վարակի վերացում
  • վերին ստամոքս-աղիքային արյունահոսության կանխարգելում
  • այրոցքի բուժում
  • Զոլինգեր-էլիսոնի համախտանիշի բուժում:

Կողմնակի ազդեցություններ

Այլ ՊՊԱ-ների նման, Օմեպրազոլը հիվանդների կողմից լավ տարվող դեղ է, սակայն կարող է դրսևորել կողմնակի ազդեցություններ, որոնցից ամենահաճախ հանդիպողներն են՝

  • փորլուծություն
  • սրտխառնոց
  • փսխում
  • գլխացավեր
  • ցան
  • գլխապտույտ:

Այլ կարևոր կողմնակի ազդեցություններից են՝

  • դյուրագրգռություն
  • ոչ նորմալ սրտի ռիթմ (առիթմիա)
  • մկանային ցավեր
  • ընդհանուր թուլություն
  • հազվադեպ՝ ոտքերի ջղաձգումներ և ջրի պահպանում:

ՊՊԱ-ները նաև կարող են բարձրացնել Clostridium difficile վարակի ռիսկը: Բարձր դեղաչափերը և երկարատև օգտագործումը (1 տարի կամ ավելի երկար) կարող է բարձրացնել ազդոսկրի, դաստակի կամ ողնաշարի օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքները: Երկարատև օգտագործումը նաև կարող է ընկճել աղիներից Վիտամին B12-ի ներծծումը:

ՊՊԱ-ների երկարատև օգտագործումը կապված է նաև արյան մեջ Մագնեզիումի մակարդակի նվազեցման հետ, որն իր հերթին կարող է բարձրացնել սրտամկանի ինֆարկտի ռիսկը:

Ահա թե ինչու է կարևոր օգտագործել ՊՊԱ-ների բուժական ամենացածր դեղաչափերը հնարավոր ամենակարճ ժամանակահատվածի ընթացքում:

Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ

  • Օմեպրազոլը կարող է բարձրացնել արյան մեջ Դիազեպամի, Վարֆարինի և Ֆենիտոինի մակարդակները՝ կրճատելով լյարդի կողմից այս դեղերի քայքայումը:
  • Ստամոքսի թթվայնության փոփոխության պատճառով կարող է խախտվել որոշ դեղերի ներծծումը: Օրինակ, Օմեպրազոլը կամ այլ ՊՊԱ-ները կարող են արգելակել Կետոկոնազոլի ներծծումը և նվազեցնել արյան մեջ այս դեղի մակարդակը կամ խթանել Դիգոքսինի ներծծումը և բարձրացնել արյան մեջ նույն դեղի խտությունը: Արդյունքում, Օմեպրազոլը կամ այլ ՊՊԱ դեղերը կարող են նվազեցնել Կետոկոնազոլի արդյունավետությունը կամ բարձրացնել Դիգոքսինի թունավոր ազդեցությունը:
  • Դեռևս անհայտ մեխանիզմներով, Օմեպրազոլը կարող է բարձրացնել արյան մեջ Սակրինավիրի մակարդակը և նվազեցնել Նելֆինավիրի և Ատազանավիրի մակարդակները: Նշվածները դեղեր են, որոնք օգտագործվում են ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց բուժման մեջ: Հետևաբար, Սակրինավիրի դեղաչափը պետք նվազեցնել՝ խուսափելու թունավոր ազդեցությունից, իսկ Նելֆինավիրի և Ատազանավիրի դեղաչափերը բարձրացնել՝ պահպանելու բուժական ազդեցությունը:
  • Կլոպիդոգրելն իր ակտիվ ձևը ստանում է լյարդում ֆերմենտային փոխանակությունից հետո: Օմեպրազոլը նվազեցնում է այս ֆերմենտների ակտիվությունը և կարող է թուլացնել Կլոպիդոգրելի ակտիվությունը: Այս պատճառով խորհուրդ չի տրվում համատեղել Կլոպիդոգրելը և Օմեպրազոլը:
  • Օմեպրազոլը բարձրացնում է արյան մեջ Ցիլոստազոլի մակարդակը, ուստի Օմեպրազոլի հետ միաժամանակ նշանակելիս Ցիլոստազոլի դեղաչափը պետք է կրճատել 100 մգ օրական երկու անգամից մինչև 50 մգ օրական երկու անգամ:
  • Օմեպրազոլը նաև կարող է բարձրացնել արյան մեջ Մետոտրեքսատի և Տակրոլիմուսի մակարդակները:

Հղիություն և կրծքով կերակրում

Հղի կանանց կողմից Օմեպրազոլի օգտագործումը բավարար չի գնահատվել, ուստի հղի կանանց պետք է այս դեղը նշանակել միայն այն դեպքերում, երբ օգուտները գերակշռում են անհայտ ռիսկերին:

Օմեպրազոլը մուտք է գործում կրծքի կաթ և հնարավոր է, որ կարող է կողմնակի ազդեցություններ դրսևորել նորածնի մոտ:

Դեղաչափեր

  • Ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցերի, ԳԷՌՀ-ի, էրոզիվ էզոֆագիտի (կերակրափողի էրոզիվ բորբոքում) բուժման և հելիկոբակտեր պիլորիի (H. pylori) վերացման համար Օմեպրազոլի խորհուրդ տվող դեղաչափը չափահաս մարդկանց համար օրական 20-40 մգ է: Խոցերի լավացումը սովորաբար տեղի է ունենում 4-8 շաբաթվա ընթացքում:
  • Հելիկոբակտեր պիլորիի (H. pylori) վարակը բուժվում է 10-28 օրվա ընթացքում:
  • Ծանր վիճակում գտնվող մարդկանց մոտ վերին ստամոքս-աղիքային արյունահոսության կանխարգելման համար Օմեպրազոլը սովորաբար տրվում է օրական 40 մգ 14 օրվա ընթացքում:
  • Այրոցքի բուժման համար Օմեպրազոլը օգտագործվում է մինչև 2 շաբաթվա ընթացքում, սովորաբար՝ օրական 20 մգ դեղաչափով:
  • Զոլինգեր-էլիսոնի համախտանիշի բուժման համար չափահասներին Օմեպրազոլը նշանակվում է օրական 60 մգ սկզբնական դեղաչափով, որից հետո դեղաչափը կարգավորվում է՝ ելնելով ախտանիշների մեղմացման պատասխանից կամ ստամոքսային թթվի արտադրության չափման պատասխանից: Կան հետազոտություններ այն մասին, որ նույն համախտանիշի բուժումը հաջողվել է Օմեպրազոլի 120 մգ օրական 3 անգամյա ընդունմամբ:

Առավելագույն արդյունավետության համար Օմեպրազոլի հաբերը պետք է խմել ճաշից առաջ, կուլ տալ ամբողջապես, այլ ոչ թե կոտրատել, ծամել կամ պատիճը բացել:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Պատիճներ՝ 10, 20 և 40 մգ:
  • Հաբեր՝ 20 մգ:
  • Խմելու սուսպենզիայի փոշի՝ 20 և 40 մգ:

Պահպանում

Պատիճները պետք է պահպանել 15-30°C, իսկ հաբերը՝ 20-25°C ջերմաստիճանային պայմաններում: Դրանք պետք է պահել խոնավությունից և լույսից հեռու պայմաններում:

Ամփոփում

Օմեպրազոլը պրոտոնային պոմպի արգելակիչների խմբի դեղ է, որը նշանակվում է խոցերի, ստամոքս-կերակրափողային ռեֆլյուքս հիվանդության, Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշի, դուոդենիտների, էրոզիվ էզոֆագիտների, այրոցքի և H. pylori վարակի բուժման մեջ:

Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2020 վերանայվել է՝ 06-06-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: