Skip to main content

Ացետամինոֆեն (Պարացետամոլ) - Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղեր

Ընդհանուր նկարագրություն

Ացետամինոֆենը (Թայլենոլ, Պարացետամոլ և այլն) հիրավի ամենահաճախ օգտագործվող դեղամիջոցներից մեկն է, եթե ոչ՝ առաջինը:

Ացետամինոֆենն օգտագործվում է ավելի քան 50 տարի, սակայն այս դեղամիջոցի ցավազրկող և ջերմիջեցնող ազդեցության մեխանիզմները մինչև վերջ պարզաբանված չեն։ Ացետամինոֆենի վերոնշյալ ազդեցությունները սկսվում են դեղն ընդունելուց մոտ կես ժամվա ընթացքում և տևում մինչև 4-6 ժամ։

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Tylenol, Paracetamol

Ցուցումներ

Դուք կարող եք ձեր բժշկի իմացությամբ Ացետամինոֆեն օգտագործել հետևյալ դեպքերում՝

  • թույլից մինչև չափավոր ուժգնության ցավեր, օրինակ
    • մեջքի կամ գոտկատեղի ցավեր
    • գլխացավեր և միգրեն
    • մկանային ցավեր
    • դաշտանային ցավեր
    • ատամնացավ
    • մրսածության և գրիպի հետ կապված և մարմնի տարբեր շրջաններում տեղակայված ցավեր, ինչպիսին է կոկորդի ցավը կամ գլխացավը
  • ջերմություն (տենդ)
  • այլ ցավազրկողների հետ զուգակցված, որ մեղմացվի ավելի ուժեղ բնույթի ցավերը:

Որովայնային ցավերի ժամանակ Ացետամինոֆեն խորհուրդ չի տրվում։

Կարելի՞ է արդյոք երեխաներին Ացետամինոֆեն տալ

Ացետամինոֆենը խորհուրդ է տրվում երեխաներին, եթե նրանց պատվաստումից հետո ի հայտ են գալիս ցավեր և ջերմություն։ Սակայն սա բնավ չի նշանակում, որ դուք պետք է մինչև ձեր երեխայի պատվաստվելը նրան տաք Ացետամինոֆեն, որ ջերմելու ռիսկը նվազի։

Եթե ձեր երեխան ջերմում է և դա առաջացնում է նրա ինքնազգացողության վատացում, Ացետամինոֆենը կարող է տրվել ձեր բժշկի խորհրդով, որ երեխայի մոտ անհարմարավետության (դիսկոմֆորտ) զգացումները մեղմանան։ Եթե Ացետամինոֆենը չի կարգավորում երեխայի ջերմությունը, պետք է դիմել բժշկին։

Կարիքի դեպքում բժիշկը կարող է Ացետամինոֆենը խորհուրդ տալ նաև մինչև մեկ ամսական երեխային, սակայն մի՛ փորձեք ինքներդ որոշել՝ տալ ձեր նորածնին այս դեղամիջոցը, թե ոչ։

Մի՛ օգտագործեք Պարացետամոլ, եթե՝

  • ունեք Պարացետամոլի նկատմամբ ալերգիա
  • ընդունում եք Պարացետամոլ պարունակող մեկ այլ դեղ կամ պատրաստուկ
  • արդեն խմել եք 24 ժամվա համար նախատեսված Պարացետամոլի ձեզ նշանակված դեղաչափը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Տարբեր մարդիկ նույն դեղի նկատմամբ կարող են դրսևորել ամենատարբեր ռեակցիաներ: Եթե ստորև որևէ անցանկալի ազդեցություն թվարկված չէ, դեռ չի նշանակում, որ նման ազդեցություն չի կարող դրսևորվել:

Ացետամինոֆենից կողմնակի ազդեցություններ հազվադեպ են դրսևորվում: Դրանցից են՝

  • ալերգիկ ռեակցիա, այդ թվում՝ եղնջացան կամ անգիոայտուց
  • մաշկային այլ ցանավորումներ
  • արյան շեղումներ և հիվանդություններ
  • լյարդի կամ երիկամների ախտահարումներ (հատկապես, եթե ընդունվում է շատ մեծ քանակներով):

Փոխազդեցություններ

  • Մի՛ ընդունեք Ացետամինոֆեն, եթե օգտագործում եք նույն ակտիվ նյութը պարունակող մեկ այլ դեղամիջոց կամ պատրաստուկ, օրինակ՝ Ացետամինոֆեն/Իբուպրոֆեն զուգակցում, միգրենի պատրաստուկներ, մրսածության դեղեր և այլն, քանի որ նման ձևով բարձրանում է Ացետամինոֆենի գերդոզավորման ռիսկը։ Ացետամինոֆենի մեծ քանակները կարող են վնասել ձեր լյարդը և բերել անդառնալի հետևանքների։
  • Ացետամինոֆենը չի փոխազդում բազմաթիվ այլ դեղեր հետ, եթե ընդունվում է ցավերի կամ ջերմության բարձրացման առաջին մի քանի օրը։
  • Ընդհանուր առմամբ, Ացետամինոֆենի և հակաբիոտիկների միաժամանակյա ընդունումն անվտանգ է։
  • Այնուամենայնիվ, Ացետամինոֆենի և մեկ այլ դեղի միասին ընդունելու անվտանգության մեջ համոզվելու համար ուշադիր ծանոթացեք դեղատուփի տեղեկատվական թերթիկներին և հարցրեք այդ մասին ձեր բժշկին։
  • Հավանական չէ, որ Ացետամինոֆենն ազդի ձեր ավտոմեքենա վարելու վրա:
  • Ալկոհոլի փոքր քանակներն ամենայն հավանականությամբ չեն կարող վնաս տալ, եթե դուք խմում եք Ացետամինոֆեն:
  • Ացետամինոֆենի և տարբեր սննդամթերքների փոխազդեցության վերաբերյալ որևէ տվյալ չկա:

Վարֆարին

Ացետամինոֆենը Վարֆարին ստացող հիվանդների համար համարվում է խորհուրդ տրվող ցավազրկող միջոց:

Այնուամենայնիվ, Ացետամինոֆենի երկարատև օգտագործումը կարող է ուժեղացնել Վարֆարինի ազդեցությունը, որն էլ իր հերթին բարձրացնի արյունահոսությունների ռիսկը: Ամեն դեպքում, Ացետամինոֆենի դեպքից-դեպք ընդունման պայմաններում այս բարդության հավանականությունը խիստ ցածր է:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Ացետամինոֆենը համարվում է հղիների համար առաջին ընտրության ցավազրկող դեղամիջոցը, քանի որ մեծածավալ հետազոտություններով հղիների մոտ որևէ լուրջ կողմնակի ազդեցություն չի դրսևորում և վնաս չի պատճառում ինչպես մորը, այնպես էլ երեխային։ Սակայն, եթե հղի եք և Ացետամինոֆեն ընդունելու կարիք է առաջացել, աշխատեք, որ դեղն ընդունեք հնարավոր ամենակարճ ժամանակահատվածի ընթացքում և ձեր բժշկի իմացությամբ:
  • Կրծքով կերակրող մայրերի համար Ացետամինոֆենը ցավազրկողներից առաջին ընտրության դեղն է: Այն կրծքի կաթում հայտնվում է խիստ փոքր քանակներով, որը քիչ հավանական է, որ կարող է երեխային վնաս պատճառել: Եթե կրծքով կերակրելու ժամանակաշրջանում ստանում եք Ացետամինոֆեն, հոգ տարեք, որ այս դեղն ընդունեք հնարավոր ամենակարճ ժամանակահատվածի ընթացքում և ձեր բժշկի իմացությամբ:

Մինչև Ացետամինոֆեն ընդունելը խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե ունեք՝

  • լյարդային խնդիրներ
  • երիկամային խնդիրներ
  • ալկոհոլի չարաշահման հետ կապված խնդիրներ
  • մարմնի պակասորդային կշիռ:

Ի՞նչ անել, եթե ես մոռացել եմ խմել հերթական դեղաչափը

Եթե մոռացել եք ընդունել ձեզ նշանակված Ացետամինոֆենը, ընդունեք ձեր հերթական դեղաչափը, երբ որ կհիշեք այդ մասին, իսկ մյուս դեղաչափն ընդունեք ոչ շուտ, քան 4 ժամ անց։ Մի՛ փորձեք 24 ժամվա ընթացքում ընդունել 8 հաբից ավելի շատ Ացետամինոֆեն (օրինակ՝ բաց թողնված դեղաչափերը լրացնելու համար)։

Ծանոթացեք նաև դեղատուփի տեղեկատվական թերթիկում նման իրավիճակների վերաբերյալ հրահանգներին։

Ի՞նչ անել, եթե ես պատահմամբ խմել եմ Ացետամինոֆենի մեծ դեղաչափ

Եթե պատահաբար խմել եք Ացետամինոֆենի չափից դուրս մեծ քանակներ, բաց թողեք ձեր հերթական ընդունումը։ Եթե վատ եք զգում կամ ստեղծված իրավիճակից անհանգստացած եք, կապ հաստատեք ձեր բժշկի հետ կամ զանգեք 1-03։

Ացետամինոֆենից գերդոզավորման նշաններից են՝

  • ստամոքսի շրջանի ցավեր, սրտխառնոց, փսխումներ
  • լյարդային խնդիրներ
  • ցնցումներ
  • կոմա և մահ։

Դեղաչափեր

Չափահասների և 12 տարեկանից բարձր երեխաների համար խորհուրդ է տրվում Ացետամինոֆենի 500-ից մինչև 1000 միլիգրամ (մգ) դեղաչափ, կարիքի դեպքում` յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ այնպես, որ օրական (24 ժամյա) դեղաչափը չգերազանցի 4000 մգ։

Երեխաների համար արտադրվող հեղուկ Ացետամինոֆենի պիտակը պարունակում է հստակ ցուցումներ։ Խորհուրդ չի տրվում ընդունել Ացետամինոֆենի նշվածից ավելի բարձր դեղաչափեր, քանի որ կարող է զարգանալ լյարդի ախտահարում, այդ թվում՝ անդառնալի և մահացու ելքով։

Հիշեց, որ Ացետամինոֆենը վաճառվում է առևտրային տարբեր անվանումների ներքո, որը կարող է ձեզ շփոթեցնել և բերել մի անցանկալի իրավիճակի, երբ դուք պատահմամբ ընդունում եք ավելի մեծ դեղաչափ, քան ցուցված է:

Ամփոփում

Ացետամինոֆենը (Թայլենոլ, Պարացետամոլ և այլն) ամենահաճախ օգտագործվող ցավազրկող և ջերմիջեցնող դեղամիջոցն է:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2020
Վերջին վերանայում՝ 16-11-2023