Skip to main content

Որովայնային ցավեր - Ախտանիշներ

Որովայնի շրջանի ցավը հայտնի է նաև որպես ստամոքսի ցավ կամ փորացավ։

Իր բնույթով որովայնի ցավը կարող է լինել ուժեղ՝ սուր կամ բութ։

Ի՞նչ է որովայնային ցավը

Որովայնային ցավը սովորաբար առաջանում է մարսողական որևէ խնդրի առկայության ժամանակ։ Միևնույն ժամանակ, ստամոքսի շրջանի հանկարծակի ցավ կարող է ի հայտ գալ որպես ստամոքսում գազերի կուտակման և փքվելու հետևանք։ Սա շատ տհաճ վիճակ է, որը, սական, կարող է արագ անհետանալ որոշ դեղեր ընդունելուց հետո։

Եթե ստամոքսի սուր նոպայաձև ցավերն ուղեկցվում են փորլուծութան հետ, պատճառն ամենայն հավանականությամբ գաստրոէնտերիտն է։ Սա նշանակում է, որ դուք ունենք ստամոքս-աղիքային խողովակի վիրուսային կամ բակտերիալ վարակ։

Եթե ստամոքսի ցավերը և փորլուծությունը բերում են ձեր ինքնազգացողության կտրուկ վատթարացման (օրինակ, առաջացնում են դող, սարսուռ և ջերմության բարձրացում), սա կարող է վկայել ավելի լուրջ վարակների մասին, ինչպիսին է սննդային թունավորումը։

Որովայնի շրջանի ցավը նաև կարող է առաջանալ որովայնի խոռոչում տեղակայված մարսողական օրգանների տարատեսակ քրոնիկ և հատկապես սուր հիվանդությունների ժամանակ, այդ թվում՝ ստամոքսի և աղիների, տասներկումատնյա աղու, մարսողական գեղձերից՝ լյարդ-լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի, արյունաստեղծ օրգան համարվող փայծաղի:

Այս հիվանդությունների մի մասն ունի սուր ընթացք և առանձնացվել է որպես սուր վիրաբուժական հիվանդություններ, քանի որ պահանջում է շտապ կամ անհետաձգելի վիրահատական միջամտություն:

Որովայնային ցավերով կարող է ուղեկցվել նաև ընտանեկան միջերկրածովյան տենդը (պարբերական հիվանդություն):

Ե՞րբ դիմել բժշկին

Առանց ուշացնելու դիմեք բուժօգնության, եթե՝

  • ձեր ցավն ուժեղ է և գնալով սաստկանում է
  • վերջերս մարմնի քաշի կորուստ եք ունեցել
  • ունեք աղիքային արյունահոսութուն
  • դժվարացել է ձեր կլման ակտը
  • ունեք կրկնակի փսխումներ
  • ունեք ջերմություն
  • ձեր մաշկը ստացել է դեղնավուն երանգ
  • ձեր որովայնին հպվելը կամ մեղմ սեղմելը առաջ է բերում ցավի ուժգնացում
  • ձեր ստամոքսը խիստ փքված է։

Եթե ցավը տեղակայված է որովայնի կոնկրետ մի շրջանում և ունի տանջող բնույթ, դա կարող է վկայել վիրաբուժական սուր հիվանդության, օրինակ՝ ապենդիցիտի մասին։ Նման դեպքերում ձեզ պետք է շտապ դիմել մոտակա վիրաբուժական բաժանմունք։

Պետք է նաև հիշել, որ որոշ դեղեր (օրինակ՝ Ասպիրին և այլ հակաբորբոքայիններ) որպես կողմնակի ազդեցություն նույնպես կարող են առաջացնել ստամոքսի շրջանի ցավ։ Տեղեկացրեք ձեր բժշկին այս մասին, որ նա վերանայի ձեր նշանակումները։

Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 07-04-2024