Skip to main content

Որովայնային սոնոգրաֆիա - Գործիքային թեստեր

Որովայնային գերձայնային հետազոտությունը նույն գերձայնային հետազոտությունն է, որի ժամանակ հետազոտվում են որովայնի խոռոչի օրգանները:

Գերձայնային հետազոտության (ԳՁՀ) ընթացքում ուղարկվող և ընդունվող գերձայնային ալիքների շնորհիվ ստացվում են ձեր ներքին օրգանների ռեալ ժամանակի մեջ՝ հետազոտության պահին առկա սոնոգրաֆիկ պատկերներ:

Որովայնային ԳՁՀ համարվում է որովայնի խոռոչի օրգանների տարբեր հիվանդությունների ու վիճակների ախտորոշման, ինչպես նաև աորտայի պարկաձև արտափքման՝ անևրիզայի սքրինինգային հետազոտության գերադասելի մեթոդ:

Ինչո՞ւ է նշանակվում որովայնային ԳՁՀ

Բժիշկը ձեզ կարող է առաջարկել որովայնային ԳՁՀ, եթե անհրաժեշտ է գնահատել ձեր որովայնի խոռոչի պինդ (պարենքիմատոզ) օրգանների և հյուսվածքների կառուցվածքը, իսկ որոշ դեպքերում՝ նաև գործունեությունը: Օրինակ, բժիշկը կարող է խորհուրդ տալ այս հետազոտությունը, եթե ունեք այս շրջանների հետ կապված որևէ խնդիր՝

  • մարսողական օրգաններ՝ լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ (պանկրեաս) և աղիներ
  • միզասեռական օրգաններ՝ երիկամներ, ստորորովայնային շրջանում՝ նաև՝ միզապարկ, վերարտադրողական օրգաններ, տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձ,
  • փայծաղ և որովայնի խոռոչով անցնող խոշոր անոթներ (այդ թվում՝ աորտա)։

Որովայնային ԳՁՀ-ը կարող է բժշկին օգնել, որ պարզի ձեզ մոտ առկա ստամոքսի (որովայնի) շրջանի ցավի կամ աղիների փքվածության (մետեորիզմ) պատճառը, ստուգի լեղուղիներում կամ երիկամներում քարերի առկայությունը, գտնի լյարդի վնասում, հայտնաբերի աորտայի անևրիզմա, ուռուցքներ և բազմաթիվ այլ հիվանդություններ:

Ի՞նչ ռիսկեր է պարունակում որովայնային ԳՁՀ

Որովայնային ԳՁՀ-ը անվտանգ միջոցառում է, որն օգտագործում է ցածր ուժգնության գերձայնային ալիքներ: Այն ոչ ինվազիվ («արյունային» միջամտություն չպահանջող) և անցավ հետազոտություն է, որն, ի տարբերություն ռենտգեն հետազոտության, ճառագայթում չի օգտագործում: Մինչ օրս այս հետազոտության հետ կապված որևէ վտանգ չի նկարագրվել:

Ինչպե՞ս նախապատրաստվել

Սովորաբար հետազոտության պետք է ներկայանալ քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից առնվազն 12 ժամ հետո: Ստամոքսում առկա սննդախույսը և հեղուկները (ինչպես նաև միզապարկում առկա մեզը) բժիշկ-սոնոգրաֆիստի համար կարող են դժվարացնել որովայնի խոռոչի օրգանների հստակ կառուցվածքի պատկերումը:

Ամեն դեպքում, մինչև հետազոտությունը հարցրեք ձեր բժշկին, թե արդյոք կարիք կա՞ պահպանելու այլ առանձնահատուկ պայմաններ:

Հիշեք, որ հետազոտության այցելելիս տանը թողնեք ձեր արդուզարդի առարկաները:

Ինչպե՞ս է կատարվում ԳՁՀ

ԳՁՀ-ն իրականացնում է բժիշկ-սոնոգրաֆիստը: Նա հետազոտությունը կատարում է՝ սոնոգրաֆին լարով միացած կամ անլար տվիչը (датчик) հպելով ձեր որովայնի մաշկին: Նա կարող է ձեզ խնդրեն, որ պառկեք մի կողմի կամ մեջքի վրա: Հետազոտման ենթակա շրջանի մաշկը օծվում է հատուկ անվնաս և ոչ գրգռիչ գելային քսուքով: Հետազոտության ընթացքում բժիշկը տվիչը դանդաղորեն շարժում է ձեր մաշկի վրայով՝ երբեմն սեղմելով որովայնի պատը (խոր ընկած օրգանները դիտելիս):

Սովորական հետազոտությունը տևում է մինչև 30 րոպե: Այն անցավ արտահիվանդանոցային միջոցառում է և չունի որևէ կողմնակի ազդեցություն: Հետազոտությունից անմիջապես հետո դուք կարող եք վերադառնալ տուն կամ մեկնել աշխատանքի:

Ե՞րբ է տրամադրվում պատասխանը

Որովայնային ԳՁՀ պատասխանը սովորաբար տրամադրվում է հետազոտությունից անմիջապես հետո: Հիշեք, որ այդ հետազոտության արդյունքները պետք է քննարկել ձեր բժշկի հետ։

Հոդվածը հրապարակվել է՝ 11-02-2021
Վերջին վերանայում՝ 07-04-2024