Գրադարան

Աբսցեսները կամ ֆուրունկուլները (չիբան) երեխաների մոտ

Աբսցեսները կամ ֆուրունկուլները (չիբան) երեխաների մոտ

Time Read 2 րոպե

Թարախակույտը կամ աբսցեսը մարմնի հյուսվածքներում թարախի կուտակումն է, որի պատճառը, որպես կանոն, բակտերիալ, հատկապես՝ ստաֆիլոկոկային վարակն է:

Մաշկային աբսցեսները, երբ մաշկի վրա առաջանում է ցավոտ, կարմրած և թարախով լցված բշտիկներ, կոչվում են ֆուրունկուլ («չիբան»):

Թարախակույտերի և ֆուրունկուլների պատճառները

Մաշկի թարախակույտը պատճառվում է վարակով: Այն սովորաբար ոսկեգույն ստաֆիլոկոկ (Staphylococcus aureus) կոչվող բակտերիան է: Երեխայի օրգանիզմը փորձում է դադարեցնել վարակի տարածումը, ուստի բակտերիան, այդ բակտերիայի դեմ պայքարած և մահացած արյան սպիտակ բջիջները (լեյկոցիտներ) և մեռուկացած բջիջները (հյուսվածքները) հավաքում են մի տեղում: Սա կոչվում է թարախակույտ կամ աբսցես:

Երեխաների մոտ աբսցես կարող է առաջանալ մաշկի վնասածքի, օրինակ՝ քերծվածքի պատճառով:

Առողջական որոշ խնդիրներով երեխաների մոտ (օրինակ՝ 1-ին տիպի դիաբետ, գիրություն կամ թուլացած իմունային համակարգ) աբսցեսի առաջացման հավանականությունը բարձրանում է, սակայն տարածված չէ:

Թարախակույտի կամ ֆուրունկուլի ախտանիշները

Աբսցեսներն ավելի հաճախ առաջանում են երեխաների դեմքին, ըմպանում, աճուկներում և հետույքի վրա: Սակայն դա չի նշանակում, որ մարմնի այլ շրջաններում չեն կարող ի հայտ գալ:

Ամենասկզբում երեխայի ախտահարված շրջանի մաշկի վրա ի հայտ է գալիս լարված, վարդագույն ուռածություն կամ հանգույցիկ: Հաջորդ մի քանի օրվա ընթացքում ուռածությունը մեծանում է, ավելի կարմրում և դառնում ավելի ցավոտ: Սա թարախի կուտակման շրջանն է:

Եվս մի քանի օրվա ընթացքում թարախակույտը «ծայր է տալիս»՝ կենտրոնը խոցոտվում է և մեռուկանում: Այն կամ բնականոն կերպով բացվում է կամ էլ կարիք է առաջանում, որ վիրաբույժի կողմից կատարվի բացահատում՝ արհեստական բացվածքի ստեղծում, որից պետք է դուրս հոսի և դատարկվի թարախը: Դատարկվելուց հետո թարախակույտի առաջացրած ցավերը մեղմանում են և սկսում է լավացումը:

Երբեմն երեխայի մոտ թարախակույտին մոտ գտնվող ավշային հանգույցները կարող են պնդանալ և այտուցվել: Որոշ դեպքերում թարախակույտը կարող է ուղեկցվել բարձր ջերմությամբ:

Ե՞րբ այցելել բժշկին

Եթե ձեր երեխայի մոտ մաշկի աբսցեսը կամ ֆուրունկուլն ինքնուրույն չեն բացվում, անհրաժեշտ է այցելել բժշկին:

Տանը սեղմելով թարախակույտը բացել չի թույլատրվում: Սա երեխային մեծ ցավեր է պատճառում, ինչպես նաև կարող է նպաստել վարակի տարածմանը, այդ թվում՝ դեպի արյան հուն:

Բժիշկը կարող է նաև երեխայի մաշկի աբսցեսից վերցնել նմուշ, որ պարզի վարակի հարուցիչը:

Եթե ձեր երեխան ջերմություն ունի, ձեր բժշկին պետք է այցելել առանց ուշացնելու: Նման դեպքերում գուցե առաջանա հիվանդանոցային բուժման կարիք, քանի որ մեծ է արյան վարակի հավանականությունը:

Եթե ձեր երեխայի մոտ շարունակաբար մաշկային նոր աբսցեսներ են առաջանում կամ դրանց լավանալուց հետո առաջանում են սպիական հետևանքներ, չի բացառվում, որ նրա մոտ առկա է մաշկային որևէ հիվանդություն:

Թարախակույտերի կամ ֆուրունկուլների բուժումը

Ձեր բժիշկը կարող է երեխային նշանակել հակաբիոտիկներ, հատկապես, եթե առկա է մաշկային վարակի տարածման նախանշաններ:

Եթե դուք կամ ձեր երեխան դիպչում եք թարախաբշտին, համոզվեք, որ մինչ այդ և դրանից հետո ձեր ձեռքերը լվացած են: Հիշեք, որ թարախակույտում կուտակված թարախը վարակիչ է:

Աբսցեսը լավանալու ընթացքում երեխայի համար ապահովեք հանգիստ պայմաններ: Խուսափեք ախտահարված շրջանը տրորելուց: Ցավազրկող դեղերը, օրինակ՝ Ացետամինոֆենը (Պարացետամոլ), կարող են օգնել ցավերի մեղմացմանը:

Հոդվածը տեղադրվել է՝ 04-06-2020 վերանայվել է՝ 24-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով