Skip to main content

Նկարագիր - Ադենոիդներ

Ադենոիդները երեխաների քթի խոռոչի ետևում փափուկ հյուսվածքներից կազմված փոքր գոյացություններ են:

Իրենց բնույթով ադենոիդները «մսոտ» հյուսվածքային գեղձեր են (այստեղից էլ՝ «քթի միս» անվանումը), որոնք տեղադրված են քթըմպանում՝ սա ըմպանի բերանից չերևացող՝ վերին մասում:

Որպես ավշային համակարգի մի օղակ, ադենոիդները մասնակցում են վարակների նկատմամբ երեխայի իմունային պաշտպանությանը, մասնավորապես, քթով և բերանով մուտք գործած բակտերիաների ոչնչացմանը: Կառուցվածքով դրանք նման են ավշային գեղձերին:

Յուրաքանչյուր ոք ծնվում է ադենոիդներով: Դրանք իրենց ամենամեծ չափերին հասնում են 3-5 տարեկանում, որից հետո՝ 5-8 տարեկանում սկսում են ետաճել (փոքրանալ), իսկ սեռահասունացման շրջանում անհետանում կամ դառնում են աննշան չափերի:

Երբ ադենոիդներն իրենք են վարակվում և մեծանում, առաջացնում են ինչպես քթով շնչառության, այնպես էլ ականջների հետ կապված խնդիրներ: Սուր խնդիրների պատճառ դառնալու դեպքում ադենոիդները կարող են հեռացվել վիրահատական ճանապարհով (ադենոիդէկտոմիա):

Հոդվածը հրապարակվել է՝ 20-04-2018
Վերջին վերանայում՝ 04-04-2024