Գրադարան

Կովի կաթի նկատմամբ ալերգիկ ռեակցիա

Կովի կաթի նկատմամբ ալերգիկ ռեակցիա

Time Read 2 րոպե

Կովի կաթի նկատմամբ ալերգիան երեխաների մոտ ամենահաճախ հանդիպող սննդային ալերգիկ ռեակցիաներից մեկն է:

Ըստ տարբեր հաշվարկների, կովի կաթի նկատմամբ ալերգիկ ռեակցիա կարող է առաջանալ սննդում կովի կաթ օգտագործող նախադպրոցական տարիքի երեխաների 1-2%-ի մոտ: Դպրոցական տարիքի երեխաների մոտ կովի կաթից ալերգիկ ռեակցիայի հաճախականությունը կտրուկ, մոտ 10 անգամ իջնում է՝ դառնալով 0.1%: Չափահասների մոտ կովի կաթից իսկական ալերգիկ ռեակցիա հանդիպում է խիստ հազվադեպ:

Կաթի նկատմամբ ալերգիայի առաջացումը բացատրվում է կաթում առկա սպիտակուցների նկատմամբ օրգանիզմի իմունային արձագանքով: Ընդ որում, կաթի սպիտակուցների նույնիսկ չնչին քանակությունը կարող է զարգացնել սուր ալերգիկ պատասխան:

Կաթի նկատմամբ ալերգիան հաճախ դրսևորվում է հետևյալ նշաններով՝

  • ցան (եղնջացան)
  • մաշկի այտուց
  • ցավ որովայնում կամ փսխումներ
  • փորլուծություն
  • ծանր դեպքերում՝ շնչարգելություն:

Անաֆիլաքսիան ամենածանր ալերգիկ ռեակցիան է, որը պահանջում է անհետաձգելի բուժօգնություն: Անաֆիլաքսիան կարող է սկսվել դժվարացած և խռպոտած շնչառությամբ և լեզվի այտուցով:

Եթե կարծում եք, որ ինչ-որ մեկի մոտ սկսվում կամ ընթանում է գերսուր ալերգիկ ռեակցիա, առանց հետաձգելու զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:

Կովի կաթից ալերգիայի մասին կարելի է կասկածել, եթե վերոնշյալ գանգատները սկսվում են կաթը խմելուց րոպեներ անց: Հակառակ դեպքում, եթե գանգատների առաջացումը երկարաձգվում է, ախտորոշումն իր հերթին դառնում է ավելի դժվար:

Լակտոզի անհանդուրժողականություն

Այն մարդիկ, ում մոտ կա լակտազ ֆերմենտի անբավարարություն, նույնպես կարող են կովի կաթ ընդունելուց հետո ունենալ որոշակի խնդիրներ, բայց սա ալերգիկ ռեակցիա չէ և պահանջում է հատուկ բուժում: Նման վիճակը կոչվում է լակտոզի անհանդուրժողականություն կամ անտանելիություն, երբ կաթում առկա կաթնաշաքարը (լակտոզ) լակտազ ֆերմենտի պակասի պատճառով չի յուրացվում օրգանիզմից կողմից` առաջացնելով մի շարք ստամոքսաղիքային գանգատներ և ախտանիշներ, ինչպիսիք են ստամոքսի կծկանքները, փորլուծությունը կամ վքնածությունը (աղիքային գազեր):

Իմացե՛ք ավելին լակտոզի անհանդուրժողականության մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 12-04-2019 վերանայվել է՝ 22-12-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով