Skip to main content

Սիբիրյան խոց - Վարակներ

Սիբիրյան խոցը կամ սիբիրախտը բակտերիալ (մանրէային) ծագման ծանր վարակիչ զոոնոզ՝ կենդանիներից կամ կենդանական արտադրանքից փոխանցվող հիվանդություն է:

Հայաստանում մարդկանց շրջանում սիբիրյան խոց հայտնաբերվում է եզակի դեպքերում:

Ի՞նչ է սիբիրյան խոցը

Սիբիրյան խոցը վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է Bacillus Anthracis բակտերիայով: Այս բակտերիան աէրոբ, գրամդրական, սպոր և պատիճ առաջացնող անշարժ ցուպիկ է, որը վարակված կենդանիների օրգանիզմում առաջացնում է արտահայտված պատիճ, իսկ անբարենպաստ պայմաններում սպորի տեսքով կարող է պահպանվել երկար ժամանակի ընթացքում:

Դուք չեք կարող սիբիրյան խոցով վարակվել այլ մարդուց:

Սիբիրյան խոցն ունի սուր ընթացք և բնորոշվում է արյան վարակով, օրգանիզմի թունավորմամբ (ինտոքսիկացիա) և մարմնի տարբեր հատվածներում մաշկային բշտերի և խոցերի առաջացմամբ։

Սիբիրյան խոցի տեսակները և ախտանիշները

Կախված վարակման ճանապարհից, հիվանդությունը կարող է դրսևորվել երեք առանձին տեսակներով՝ միմյանցից տարբերվող կլինիկական նշաններով և ընթացքով:

  • Մաշկային սիբիրյան խոցն ամենահաճախ հանդիպող կլինիկական ձևն է: Այն զարգանում է խախտված մաշկի կամ վերքի միջոցով սիբիրյան խոցի սպորների թափանցելու հետևանքով, որից հետո 2-6 օրվա ընթացքում մաշկի ախտահարված շրջանում առաջանում են սև կամ մուգ կենտրոնով անցավ և քորի զգացողություն առաջացնող խոցեր: Խոցերի հարակից հյուսվածքներն այտուցվում են: Մարդկանց մեծ մասը սիբիրյան խոցի մաշկային ձևից կարող է հաջողությամբ ապաքինվել:
  • Աղիքային սիբիրյան խոցը զարգանում է, երբ մարդը սննդում օգտագործում է բավարար ջերմային մշակման չենթարկված վարակված կենդանու միս և ենթամթերք: Հիվանդությունն ընթանում է ջերմությամբ, պարանոցի և պարանոցային ավշային հանգույցների այտուցով, կոկորդի ցավով և ցավոտ կլման ակտով, ձայնի խռպոտությամբ, սրտխառնոցով և փսխումով, հատկապես՝ արյունային, փորլուծությամբ (այդ թվում՝ արյունային), գլխացավով, որովայնի ցավերով, ուշագնացությամբ և որովայնի (ստամոքսի) փքվածությամբ: Սովորաբար սիբիրյան խոցի աղիքային ձևն ունենում է մահացու ելք:
  • Ինհալացիոն սիբիրյան խոցը զարգանում է, երբ մարդը շնչում է սիբիրյան խոցի սպորներ: Հիվանդությունը սկսվում է վարակվելուց հետո 1-5 օրվա (հազվադեպ՝ մինչև 60 օրվա) ընթացքում որպես գրիպանման նշաններ՝ ընթանալով ջերմությամբ, կրծքավանդակում տհաճ զգացողությամբ, հևոցով, գիտակցության խառնվածությամբ կամ գլխապտույտով, հազով, կրծքավանդակի ստորին հատվածում ցավով, սրտխառնոցով, փսխումով, գլխացավով, հաճախ՝ քրտնարտադրությամբ, ծայրահեղ հոգնածությամբ և մկանացավերով: Սիբիրյան խոցի ինհալացիոն ձևով վարակված 10 մարդուց 6-9-ը մահանում են:

Եզակի դեպքերում ներարկային թմրամիջոցներ օգտագործողների մոտ սիբիրյան խոց կարող է զարգանալ նաև ներարկային վարակմամբ: Ախտանշանները նման են մաշկային տարբերակին, սակայն կարող են ախտահարվել մաշկի ավելի խորը շերտերը և մկանները:

Ինչպե՞ս է սիբիրյան խոցը փոխանցվում

Հիվանդ մարդը համաճարակաբանական նշանակություն չունի և դուք չեք կարող սիբիրյան խոցով վարակվել հիվանդ մարդուց: Այն համարվում է զոոնոզ հիվանդություն, ինչը նշանում է, որ դուք սիբիրյան խոցով կարող եք հիվանդանալ միայն վարակված կենդանիներից կամ կենդանական ծագման արտադրանքներից:

Վարակի աղբյուր են հանդիսանում խոշոր և մանր եղջերավորները, ձիերը և ուղտերը: Հիվանդության ընթացքում կենդանիները արտազատում են հարուցիչներ մեզի, կղանքի, թքի, արյունային արտազատուկների միջոցով, որոնք ընկնում են հողի մեջ: Հողում սիբիրյան խոցի հարուցիչները կարող են պահպանվել 100-150 տարի:

Հիվանդ կենդանուց ստացված կաշին, մորթին, մազերը և դրանցից կազմված իրերը երկարամյա համաճարակաբանական վտանգ են ներկայացնում:

Մարդը մեծ մասամբ վարակվում է սիբիրյան խոցով հիվանդ կենդանու սպանդի ժամանակ, կենդանու միսը և մսամթերքը սննդում կիրառելիս, սատկած կենդանիների դիերի, մորթու, կաշվի և այլնի հետ ուղղակի շփման հետևանքով, ինչպես նաև հիվանդ կենդանիներին խնամելիս: Հնարավոր է նաև վարակումը արյունածուծ հոդվածոտանիների խայթոցների, աղտոտված հողի հետ շփման և սպորներ պարունակող աէրոզոլներ շնչելու հետևանքով:

Եղել են նաև դեպքեր, երբ մարդիկ սիբիրյան խոցի սպորներով վարակվել են փոստային նամակների միջոցով:

Սիբիրյան խոցի ախտորոշումը

Սիբիրյան խոցի կասկած առաջացնող մաշկային խոցերի և այլ գանգատների դեպքում բժիշկը կարող է նշանակել լաբորատոր թեստ (արյան, խոցից վերցված քսուքի կամ խորխի անալիզ), որի պատասխանն էլ հանդիսանում է հիվանդությունը հաստատելու կամ բացառելու հիմք:

Սիբիրյան խոցի բուժումը

Սիբիրյան խոցը բուժվում է հակաբիոտիկներով, ինչպիսիք են պենիցիլինները, Դոքսիցիկլինը և Ցիպրոֆլոքսացինը:

Սիբիրյան խոցի կանխարգելումը

Հակասիբիրախտային կանխարգելիչ միջոցառումները իրականացնում են ընկալունակ կենդանիների պատվաստումով, հիվանդության «հողային օջախների» հաշվառումով և դրանց վերացումով, սանիտարա-սահմանափակիչ և բացատրական աշխատանքներով։ Անհրաժեշտ է դադարեցնել առանց անասնաբույժի թույլտվության կենդանիների սպանդը, պահպանել դիակների օգտահանման, հավաքման և ոչնչացման կանոնները։

Այն տեղանքը, որտեղ նկատվել են կենդանիների հիվանդության, անկման, ինչպես նաև թաղման դեպքեր, պետք է արձանագրվեն և մեկուսացվեն։ Վարակված տեղանքի վարակազերծման արդյունավետությունը որոշելու, ինչպես նաև սպառնալիքի տարածքից կատարում են հողի նմուշի մանրէաբանական հետազոտություն։

Շատ կարևոր է նաև անհատական պաշտպանությունը: Օրինակ, սիբիրյան խոցով հնարավոր վարակված կենդանիների կամ դրանց արտադրանքների հետ շփվելիս պետք է կրել ձեռնոցներ, պաշտպանական հագուստ և ռետինե կոշիկներ: Նման դեպքերում անհրաժեշտ է նաև անջրաթափանց վիրակապով ծածկել մաշկային վերքերը, և կանոնավոր կերպով լվանալ ձեռքերը և ցնցուղ ընդունել:

Հոդվածը հրապարակվել է՝ 29-03-2020
Վերջին վերանայում՝ 08-04-2024