Գրադարան

Խոսքի ապրաքսիա

Խոսքի ապրաքսիա

Time Read 3 րոպե

Ապրաքսիան հազվադեպ հանդիպող խոսքի խանգարում է, որի ժամանակ դժվարանում են անհրաժեշտ հնչյունները և բառերն արտաբերելու համար բերանի նպատակասլաց շարժումները։

Նման դեպքերում խոսքի խանգարման մասնագետները առաջարկում են հատուկ մեթոդներ, որոնք կարող են բարելավել խոսքը։

Ի՞նչ է խոսքի ապրաքսիան

Ապրաքսիան զարգանում է, երբ գլխուղեղը չի կարողանում կարգավորել բերանի, շրթունքների, ստորին ծնոտի և լեզվի նպատակասլաց շարժումները։ Նույնիսկ եթե ապրաքսիայով անձը գիտի, թե ինչ է ցանկանում ասել, միևնույն է, դժվարանում է արտաբերել անհրաժեշտ հնչյունները, վանկերը և բառերը։

Խոսքի ապրաքսիան սովորաբար հայտնաբերվում է այն ժամանակ, երբ մանկահասակ երեխան սկսում է թոթովել իր առաջին բառերը, սակայն կարող է շարունակվել մինչև չափահաս տարիք։ Չափահասների մոտ ապրաքսիա կարող է առաջանալ գլխուղեղի վնասվածքների կամ դեմենցիայի պատճառով։

Խոսքի ապրաքիան հայտնի է նաև որպես դիսպրաքսիա, զարգացման վերբալ (խոսքային) դիսպրաքսիա կամ խոսքի մանկական ապրաքսիա։

Խոսքի ապրաքսիայի գանգատներն ու ախտանիշները

Խոսքի ապրաքսիան խիստ անհանգստացնող և սթրեսով լի վիճակ է, քանի որ դժվարացնում կամ անհնարին է դարձնում այլ մարդկանց հետ նորմալ հաղորդակցումը։ Ապրաքսիայով երեխաները ավելի հավանական է, որ ունենան կարդալու և գրելու հետ կապված խնդիրներ, ինչպես նաև՝ փոքր և մեծ մկանների շարժունակության և կորդինացիայի հետ կապված դժվարություններ, նոր հմտություններ ձեռք բերելու հետ կապված խնդիրներ և այլն։

Խոսքի ապրաքսիան մանկահասակ երեխաների մոտ՝ համեմատած նույն տարիքի այլ երեխաների հետ, կարող է ներառել հետևյալ ախտանիշները՝

  • սնման հետ կապված դժվարություններ
  • քչախոսություն
  • խոսքի զարգացման ուշացում
  • նույնիսկ ընտանիքի անդամների կողմից երեխայի խոսքը հասկանալու հետ կապված դժվարություններ
  • շրթունքների և լեզվի ճիշտ ու նպատակասլաց շարժումների հետ կապված դժվարություններ
  • բառի սխալ արտաբերվող մասի շեշտադրում
  • բառերի որոշ հնչյունների բաց թողում կամ ավելացում (օրինակ՝ «դասարան»-ի փոխարեն՝ «դասարարան»)
  • խիստ աղքատիկ բառային պաշար
  • դանդաղ և հաճախակի ընդմիջվող խոսք։

Խոսքի ապրաքսիայի պատճառները

Խոսքի ապրաքսիան երբեմն պատճառվում է գեներով կամ գլխուղեղի որևէ ախտահարմամբ, ինչպիսին է ինսուլտը։

Ապրաքսիան նաև կարող է կապված լինել այլ հիվանդությունների հետ, ինչպիսիք են Դաունի համախտանիշը, աուտիզմի սպերկտրի խանգարումները, Կուլեն դե Վրիեսի համախտանիշ և այլն։ Սակայն, ավելի հաճախ որևէ պատճառ չի հայտնաբերվում։

Խոսքի ապրաքսիան հազվադեպ հանդիպող վիճակ է։

Ինչպե՞ս է խոսքի ապրաքսիան ախտորոշվում

Եթե անհանգստացած եք, որ ձեր երեխայի մոտ կարող է լինել ապրաքսիա, դիմեք ձեր մանկաբույժին։ Ամենայն հավանականությամբ, վերջինս կարող է երեխային ուղեգրել խոսքի խանգարումների մասնագետի՝ թերապևտի մոտ։ Ապրաքսիայի առկայությունը հաստատելու կամ խոսքի խանգարումը գնահատելու համար խոսքի թերապևտը կարող է առաջարկել որոշ հետազոտություններ։

Այնուամենայնիվ, ապրաքսիան հաճախ չի հայտնաբերվում, քանի դեռ երեխան չի հասել 3-4 տարեկան։

Ինչպե՞ս է խոսքի ապրաքսիան բուժվում

Բուժումը ներառում է խոսքի թերապևտի հետ աշխատելը, որի նպատակն է հնչյունների ճիշտ արտասանությունը սովորելը։ Որքան շուտ սկսվեց բուժումը, այդքան ավելի լավ արդյունքներ կարող են ստացվել։ Սովորաբար նշանակվում է շաբաթական մի քանի անգամյա դասընթացներ։ Ժամանակի ընթացքում նմանատիպ դասընթացների հաճախականությունը կարող է նվազեցվել։

Կախված երեխայի տարիքից, կան ապրաքսիայի բուժման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են հնչյունների, բառերի կամ արտահայտությունների ճիշտ արտաբերմանը։ Ինչքան էլ նման միջոցառումները երեխայի համար հոգնեցուցիչ լինեն, դրանք պետք է շարունակվեն այնքան ժամանակ, մինչև ստացվեն ցանկալի արդյունքներ։

Օգնության կարող են գալ նաև հոգեբանները կամ խորհրդատուները։

Հոդվածը տեղադրվել է՝ 07-07-2019 վերանայվել է՝ 29-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: