Skip to main content

Մեջքի վնասվածքներ -

Մեջքի շրջանի վնասվածքները շատ տարածված վիճակներ են, որոնք առաջացնում են նույն շրջանի ցավ և դիսկոմֆորտ:

Դուք կարող եք վնասել ձեր մեջքը (թիկունքը կամ գոտկատեղը) մարզվելիս, մարզական կամ ակտիվ այլ խաղերի ընթացքում, տանը կամ այգում ֆիզիկական գործ անելիս, ավտոճանապարհային և այլ պատահարներից, մեջքի կտրուկ կամ անբնական շարժում կատարելիս, մեջքի կամ գոտկատեղի շրջանում հարված ստանալիս կամ ընկնելիս:

Մեջքի վնասվածքների մեծ մասը տեղակայվում է գոտկատեղում: Ավելի հաճախ առաջանում է գերձգում և ձևափոխում, միջողնային սկավառակների ճողվածք կամ ողների կոտրվածքներ: Մեջքի շրջանի վնասվածքները խիստ տարբեր են՝ կախված վնասվածքի պատճառից, ծանրության աստիճանից և բուն վնասվածքի բնույթից:

Մեջքի ծանր վնասվածքի նշանները

Եթե կարծում եք, որ դուք կամ ձեր շրջապատից մեկնումեկը ստացել է մեջքի ծանր վնասվածք, առանց հետաձգելու դիմեք անհետաձգելի բուժօգնության կամ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն: Նման դեպքերում մի՛ տեղաշարժեք տուժողին, քանի դեռ նա վտանգի մեջ չէ և խորհուրդ տվեք նրան, որ չփորձի շարժել իր մեջքը կամ կանգնել: Փորձեք հանրահայտ մեթոդներով անշարժացնել նրա գլուխը, պարանոցը և մեջքը:

Մեջքի ծանր վնասվածքներից են կոտրվածքները, տարածուն վերքերը, տարածուն արյունազեղումները, ինչպես նաև ողնուղեղի և ներքին օրգանների տրավմատիկ վնասվածքները:

Այս նշաններից որևէ մեկի առկայությունը կարող է վկայել ծանր վնասվածքի մասին՝

  • դժվարաշնչություն կամ հևոց
  • ձեքերի, ոտքերի, ձեռնաթաթերի կամ ոտնաթաթերի շրջանում թմրածություն կամ ծակոցներ
  • լուծանք (պարալիչ)՝ վերջույթների կամավոր շարժունակության կորուստ
  • մեզի մեջ արյան առկայություն (արյունամիզություն):

Մեջքի վնասվածքի նշանները

Մեջքի վնասվածքի դեպքում դուք կարող եք ունենալ՝

  • ցավ կամ ցավոտություն
  • ցավեր, որոնք սաստկանում են շարժում կատարելիս, հազալիս, փռշտալիս կամ ծիծաղելիս
  • շարժումների կաշկանդվածություն, դժվարացում կամ սահմանափակում
  • ոտքերի վրա ուղիղ կանգնելու դժվարություն կամ անհնարինություն
  • մեջքի որևէ կողմից մկանային լարվածություն կամ կծկանք (սպազմ)
  • արյունազեղում
  • այտուցվածություն
  • ցավ, որը ճառագայթում է ներքև՝ դեպի մեկ կամ երկու ոտքերը:

Այնուամենայնիվ, մեջքի շրջանի ցավն ունի բազմաթիվ այլ պատճառներ: Ցավ կարող է ի հայտ գալ բազմաթիվ հիվանդությունների ժամանակ, օրինակ՝ օստեոարթրիտ կամ օստեոպորոզ, ուղեկցել տարիքն առնելուն, կապված լինել ավելորդ քաշի, մասնագիտական աշխատանքի կամ գերծանր ֆիզիկական մարզանքների հետ:

Ուստի, շատ կարևոր է, որ հայտնաբերվի ձեր գանգատների ճիշտ պատճառը:

Մեջքի վնասվածքի բուժումը

Բժիշկը կզննի ձեզ՝ ստուգելու ձեր ողնաշարից դուրս եկող նյարդերի գործունեությունը: Համոզվեք, որ նրան տեղեկացրել եք ձեր բոլոր գանգատների, այդ թվում՝ զուգարանից օգտվելուց նկատած խնդիրների մասին:

Մեջքի թեթև վնասվածքների մեծ մասն ինքնուրույն լավանում է մինչև վեց շաբաթվա ընթացքում: Սովորաբար դուք որևէ լրացուցիչ հետազոտության կամ բուժման կարիք չունեք: Նման դեպքերում ռենտգենը ցուցված է, եթե ունեք այլ լուրջ խնդիրներ՝ միզապարկի կամ աղիների գործունեության խանգարումներ, սաստիկ ցավեր, վերջույթներում թմրածության կամ թուլության զգացում:

Թեթև վնասվածքից հետո կարևոր է, որ շարունակեք ձեր ֆիզիկապես ակտիվ առօրյան: Փորձեք երկար ժամանակ պառկած կամ անկողնում չմնալ: Սովորական ցավազրկող դեղերը, ինչպիսիք են Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կամ հակաբորբոքայինները, օրինակ՝ Իբուպրոֆեն (Մոտրին IB և այլն) կարող են օգնել:

Դուք կարող եք օգնել ձեր մեջքի վնասվածքի հետևանքների մեղմացմանը հետևյալ միջոցառումներով՝

  • վնասվածքը ստանալու առաջին օրը՝ կիրառեք 3-4 ժամը մեկ 20 րոպեանոց սառեցնող միջոցներ (օրինակ՝ սառցեպարկ), որը կարող է մեղմացնել տեղային ցավը և այտուցը
  • առաջին օրվանից հետո՝ տաքացնող միջոցներ, ինչպիսիք են տաք ցնցուղը, տաք լոգանքը կամ ջեռակը, որոնք կարող են մեղմացնել ցավերը և նպաստել ինքնազգացողության բարելավմանը
  • ակտիվ կամ կտրուկ շարժումների և տեղաշարժվելու սահմանափակում և հանգիստ ռեժիմ՝ մինչև ինքնազգացողության բարելավումը:

Կախված ձեր մասնագիտությունից և աշխատանքի բնույթից, կարող է առաջանալ աշխատանքի չներկայանալու և տնային հանգիստ կազմակերպելու անհրաժեշտություն:

Ե՞րբ դիմել բժշկին

Դուք պետք է կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե՝

  • ջերմում եք
  • ձեր հետույքի շրջանում, ազդրերում կամ ոտնաթաթերում զգում եք թմրածություն, ցավեր կամ ծակոցներ
  • դուք կորցրել եք ձեր միզապարկի կամ աղիների հսկողության ունակությունը
  • ձեր խնդիրները մի քանի օրվա ընթացքում որևէ կերպ չեն բարելավվում
  • ձեր խնդիրները վեց շաբաթվա ընթացքում լիարժեքորեն չեն վերանում:

Բժիշկը կարող է ձեզ նշանակել ցավազրկողներ, ֆիզիոթերապիա կամ ուղեգրել լրացուցիչ հետազոտությունների:

Հոդվածը հրապարակվել է՝ 17-04-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024