Skip to main content

Բակտերիալ վարակներ -

Մեր օրգանիզմը լի է տարատեսակ բակտերիաներով, որոնց այլ կերպ անվանում են մանրէներ կամ միկրոբներ։

Ավելի պատկերավոր լինելու համար զուտ փաստենք, որ մեր մարմնի մակերեսին և օրգանիզմի ներսում ապրում են ավելի շատ բակտերիաներ, քան մեր բջիջների ընդհանուր թվաքանակն է:

Սակայն մաշկի և լորձաթաղանթների մակերեսներին կամ աղիներում բնակվող բակտերիաների մեծ մասն ախտածին (պաթոգեն) չէ, ինչը նշանակում է, որ դրանք որևէ հիվանդություն չեն առաջացնում։ Ավելին, դրանց մի մասն առողջության համար նույնիսկ խիստ անհրաժեշտ է:

Այնուամենայնիվ, որոշ դեպքերում (օրինակ՝ իմունային համակարգի թուլացում) և ավելի հաճախ՝ արտաքին աշխարհից օրգանիզմ ներթափանցած մանրէները կարող են հարուցել վարակային հիվանդություններ, որոնք կոչվում են բակտերիալ վարակներ կամ բակտերիալ վարակային հիվանդություններ։

Բակտերիալ վարակները կարող են ախտահարել գրեթե բոլոր օրգանները և բոլոր հյուսվածքները: Առավել հայտնի վարակային հիվանդությունների դեպքում հարուցիչները վարակում և ախտահարում են բերանի խոռոչը և կոկորդը, թոքերը, մաշկը և ստամոքս-աղիքային խողովակը:

Բակտերիալ հիվանդությունների մեծ մասն ունի մեղմ սկիզբ և ընթացք, բայց կան նաև սուր, անգամ՝ գերսուր սկիզբ և ընթացք ունեցող վարակներ: Որոշ բակտերիալ վարակներ կարող են կյանքի համար դառնալ լուրջ սպառնալիք՝ զարգացնելով սեպսիս և շոկային վիճակ:

Բակտերիալ վարակները կարող են լինել խիստ վարակիչ և հիվանդ մարդուց առողջին փոխանցվել տարբեր ճանապարհներով՝ սկսած օդակաթիլայինից մինչև բերանի միջոցով (կեղտոտ ձեռքեր, վարակված ջուր, սնունդ և այլն):

Որպես կանոն, բակտերիալ վարակների բուժման համար բժիշկները նշանակում են հակաբիոտիկներ: Հակաբիոտիկի տեսակը կախված է հայտնաբերված բակտերիայի տեսակից, թեև ոչ հազվադեպ ախտածին բակտերիա չի հաջողվում հայտնաբերել:

Վարակային հիվանդությունների ընդհանուր կանխարգելումը ներառում է բոլորին հայտնի անձնական հիգիենայի կանոնների պահպանումը, առաջին հերթին՝ ձեռքերը լավ լվանալը և ընդհանուր օգտագործման սպասքից չօգտվելը:

Առանձին վարակներ ունեն կանխարգելման առանձնահատուկ մեթոդներ, ներառյալ՝ պատվաստումը:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024