Skip to main content

Արյուն կղանքում -

Զուգարանից օգտվելիս կարող եք ձեր կղանքում կամ օգտագործած զուգարանի թղթի վրա նկատել արյան կաթիլներ կամ հետքեր։

Մարդկանց մի մասը նման դեպքերին ուշադրություն չի դարձնում, մյուսներն անհանգստանում են և շտապ դիմում բժշկին։ Երկրորդ տեսակի մարդիկ ավելի ճիշտ են, քանի որ կղանքում արյան հայտնվելը, առավել ևս՝ ուղիղաղիքային արյունահոսությունը կարող են հանդիսանալ ոչ միայն թեթև, այլ լուրջ և ծանր հիվանդությունների ախտանիշներից մեկը։

Կղանքում արյան տեսքը

Կղանքում հայտնված արյան տեսքը կախված է այն հանգամանքից, թե ստամոքս-աղիքային խողովակի որ հատվածից է այն հայտնվել աղիների լուսանցքում։

  • Զուգարանի թղթի վրա կարմիր արյան հետքը, զուգարանակոնքում թարմ արյան կաթիլները կամ կղանքի մակերեսին թարմ արյան բծերը կարող են վկայել այն մասին, որ արյունահոսությունն առաջացել է ուղիղ աղիքի ստորին հատվածում կամ հետանցքում։
  • Եթե արյունը խառնված է կղանքի հետ, հավանաբար արյունահոսությունը սկսվել է հաստ աղիքների ավելի բարձր հատվածներում։
  • Եթե աղիքային պարունակության մեջ թարմ արյան հետքեր չկան, սակայն կղանքը սևացած և մազութանման է, արյունահոսությունն ամենայն հավանականությամբ ծագել է ձեր աղիների ամենաբարձր հատվածում՝ տասներկումատնյա աղիում կամ ավելի վերևում՝ ստամոքսում։ Նման դեպքերում արյունահոսության ամենահավանական պատճառը պեպտիկ խոցն է, ավելի հազվադեպ՝ ստամոքոսի քաղցկեղը։

Կղանքում արյան պատճառները

Կղանքում արյունը կարող է հայտնվել ստամոքս-աղիքային ծագման տարբեր պատճառներով, այդ թվում՝

  • թութք
  • հետանցքի ճաքեր
  • աղիքային վարակներ
  • կոլոռեկտալ (հաստ աղիքի) քաղցկեղներ
  • կոլոռեկտալ պոլիպներ՝ փոքր գերաճեր, որոնք կարող են քաղցկեղանալ
  • աղիների բորբոքային և խոցային հիվանդություններ
  • դիվերտիկուլներ
  • վնասվածքներ։

Եթե ձեր կղանքում նկատում եք արյուն, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին։

Այլ ախտանիշներ

Կղանքում արյան առկայությունից բացի կարող եք նշել նաև այլ գանգատներ, որոնք կապված են արյան կորստի հետ, ինչպես նաև ստամոքս-աղիքային արյունահոսության այդ դրվագը պատճառած հիմնական հիվանդության հետ։

Եթե կղանքում արյան հայտնվելն ուղեկցվում է ուշագնացության զգացման կամ գլխապտույտի հետ, սա կարող է վկայել անհետաձգելի բուժօգնություն պահանջող սուր արյունահոսության մասին։ Նման դեպքերում անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն։

Եթե կղանքում արյան առկայությունն ուղեկցվում է վերջին ժամանակներում զարգացած մարմնի քաշի կորստի հետ, սա կարող է վկայել լուրջ աղիքային հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի մասին։

Դիմեք ձեր բժշկին, եթե կղանքում նկատել եք արյուն և ունեք սրտխառնոց կամ փսխում, փորլուծություն կամ փորկապություն, որովայնի շրջանի ցավեր, կծկանքներ և մարսողության խանգարման նշաններ։ Հիշեք նաև, որ կղանքում արյուն կարող է հայտնվել որպես թութքի բարդություն։

Այնուամենայնիվ, նույնիսկ եթե կղանքում արյան առկայությունը դրսևորվում է միայնակ՝ առանց որևէ այլ նշանների, ձեր բժշկին դիմելը կարևոր է, որ հնարավորինս վաղ ախտորոշվի ձեզ մոտ առկա առողջական խնդիրը և շուտ սկսվի դրա բուժումը։

Կղանքում արյան դեպքում ախտորոշիչ թեստերը

Բժիշկը ձեզ հետ զրուցելուց և ձեզ զննելուց հետո կարող է նշանակել որոշ հետազոտություններ։ Կղանքում արյուն հայտնվելիս ձեզ հաճախ կարող են առաջարկվել հետևյալ հետազոտությունները՝

  • ուղիղաղիքային զննում, երբ բժիշկը դիտում է ձեր ուղիղ աղիքի՝ հետանցքին հարակից շրջանները, ինչպես նաև կատարում մատային շոշափում
  • անոսկոպիա, երբ հատուկ սարքի միջոցով դիտվում է ձեր հետանցքը և ուղիղ աղիքի վերջնային հատվածը
  • սիգմոիդոսկոպիա՝ հետանցքից մինչև սիգմայաձև աղին ընկած աղիքային ուղու էնդոսկոպիկ հետազոտություն, որով դիտվում է սիգմայաձև աղիքը, ուղիղ աղիքը և հետանցքը
  • կոլոնոսկոպիա՝ ամբողջ հաստ աղիների էնդոսկոպիկ զննում։

Որոշ հետազոտությունների համար կարող են կիրառվել հանգստացնող և անզգայացնող միջոցառումներ։ Այս հետազոտությունների մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ կարող եք ստանալ ձեր բժշկից։

Բուժում

Կղանքում արյուն հայտնվելու դեպքում դիմեք ձեր բժշկին, որ նա հնարավորինս վաղ հետազոտի և հայտնաբերի հնարավոր պատճառը։ Որպես կանոն, բուժումը կախված է արյունահոսության պատճառից։

Որոշ դեպքերում բուժումը կարող է ներկայացնել զուտ ձեր ապրելակերպի կամ սննդակարգի փոփոխություններ։ Այլ դեպքերում կարող է ավելի լուրջ բուժական միջոցառումների, այդ թվում՝ հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք առաջանալ։ Սուր արյունահոսության ժամանակ ձեզ կարող է առաջարկվել անհետաձգելի բուժօգնություն և շտապ վիրահատություն։

Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024