Skip to main content

Մշուշոտ տեսողություն -

Մշուշոտ տեսողությունը պատճառվում է աչքի բազմաթիվ հիվանդություններով, ինչպես նաև այլ հիվանդություններով ու վիճակներով և դրսևորվում տեսողության սրության իջեցմամբ։

Եթե մշուշոտ տեսողությունն ի հայտ է գալիս հանկարծակի, դուք պետք է առանց հետաձգելու այցելեք ձեր բժշկին:

Ի՞նչ է մշուշոտ տեսողությունը

Եթե ունեք մշուշոտ տեսողություն, առարկաները տեսնում եք ոչ հստակ և աղավաղված եզրագծերով: Պատճառից կախված, տեսողության սրությունը կարող է իջնել ինչպես մեկ, այնպես էլ զույգ աչքերում: Երբեմն մշուշոտ տեսողությունը ներառում է ձեր տեսադաշտի միայն մի մասը, այլ դեպքերում՝ ամբողջ տեսադաշտը:

Մշուշոտ տեսողությունը կարող է ուղեկցվել այլ ախտանիշներով, օրինակ՝ գլխացավեր, լույսի նկատմամբ զգայունության բարձրացում կամ աչքերի գրգռում։

Մշուշոտ տեսողության պատճառները

Աչքի հիվանդություններ

Մշուշոտ տեսողությունը կարող է պատճառվել աչքի հիվանդություններով, այդ թվում՝

  • աչքի բեկունակության թերություն, օրինակ՝ կարճատեսություն կամ հեռատեսություն
  • աստիգմատիզմ, երբ աչքի եղջերաթաղանթի կամ ոսպնյակի կորությունը խախտված է
  • տարիքային հեռատեսություն (պրեսբիոպիա)
  • չոր աչքի համախտանիշ
  • կատարակտ
  • գլաուկոմա
  • եղջերաթաղանթի վնասվածք
  • տարիքով պայմանավորված մակուլյար դեգեներացիա
  • աչքի վարակային հիվանդություններ
  • ցանցաթաղանթի ախտահարում, օրինակ՝ դիաբետիկ ռետինոպաթիա
  • աչքի վնասվածք:

Այլ հիվանդություններ

Մշուշոտ տեսողությունը կարող է դառնալ մեկ այլ՝ աչքերի հետ կապ չունեցող առողջական խնդրի ախտանիշներից մեկը, ինչպիսիք են՝

  • շաքարային դիաբետ
  • միգրեն
  • ինսուլտ
  • գլխի վնասվածք
  • ցածր արյան գլյուլոզ (հիպոգլիկեմիա)
  • պրեէկլամպսիա՝ բարձր արյան ճնշում հղիների մոտ
  • փսորիազ, որը երբեմն կարող է ախտահարել աչքերը
  • ցրված սկլերոզ
  • գլխուղեղի ուռուցք
  • Պարկինսոնի հիվանդություն:

Երբեմն, մշուշոտ տեսողությունը կարող է հանես գալ որպես ձեր ընդունած դեղի կողմնակի ազդեցություն:

Մշուշոտ տեսողության բուժումը

Տեսողության սրության նվազման պատճառը կարող է ախտորոշվել աչքերի զննմամբ և տեսողության ստուգման հետազոտություններով, իսկ եթե կասկածվում է արտաակնային հիվանդություն, ապա կարող են նշանակվել նաև արյան թեստ և այլ հետազոտություններ:

Մշուշոտ տեսողության բուժումը կախված է պատճառից: Ձեզ կարող են նշանակել աչքի կաթիլներ, լազերային վիրահատություն կամ խմելու և ներարկման դեղեր։

Տեսողության սրության նվազման ժամանակ ձեզ նաև կարող են նշանակել սովորական օպտիկական ակնոցներ կամ կոնտակտային լինզաներ:

Ինչպե՞ս կանխարգելել մշուշոտ տեսողությունը

Շատ կարևոր է աչքերի պաշաճ խնամքը և աչքերի ու տեսողության պարբերաբար ստուգումները:

Ուլտրամանուշակագույն ճառագայթներից ձեր աչքերը կարող եք պաշտպանել արևային լայնեզր գլխարկով և արևային ակնոցներով: Եթե ձեր աշխատանքը կապված է աչքերի ֆիզիկական վնասման վտանգի հետ, երբեք մի՛ հրաժարվեք պաշտպանական ակնոց կրելուց:

Առողջ ապրելակերպը և ծխախոտից հրաժարվելը (եթե ծխող եք) նույնպես կարող են պաշտպանել ձեր աչքերը:

Աչքերի խնամքը դառնում է առավել կարևոր, եթե ունեք շաքարային դիաբետ: Պարբերաբար ստուգեք և խստորեն հետևեք արյան շաքարի վերահսկման արդյունքներին, ինչպես նաև ուշադրություն դարձրեք ձեր արյան ճնշման և խոլեսթերինի մակարդակի նորմալացմանը:

Դիմեք ձեր բժշկին և նրա ուղեգրմամբ՝ ակնաբույժին, եթե ձեր աչքերի կամ տեսողության հետ կապված որևէ խնդիր ունեք:

Ե՞րբ դիմել բժշկին

Անհապաղ դիմեք բժշկական օգնության, եթե ձեզ մոտ հանկարծակի առաջանում է մշուշոտ տեսողություն և հետևյալ նշաններից մեկնումեկը՝

  • գլխապտույտ
  • մեկ ձեռքի թուլություն կամ թմրածության զգացում
  • դեմքի մի կեսի թուլություն (կաթված)
  • հավասարակշռության խանգարում
  • խոսքի աղավաղում:

Հոդվածը հրապարակվել է՝ 19-06-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024