Գրադարան

Բոտուլիզմ

Բոտուլիզմ

Time Read 3 րոպե

Բոտուլիզմը հազվադեպ հանդիպող, սակայն ծանր հիվանդություն է, որն առաջանում է օրգանիզմի նյարդերը վնասող թույնով (տոքսինով):

Բոտուլիզմը կարող է առաջացնել կյանքին սպառնացող ախտանիշներ: Թույնն արտադրվում է բակտերիաների մի տեսակով, որը կոչվում է կլոստրիդիում բոտուլինում՝ Clostridium botulinum (C. botulinum), արտադրում է թույնը: Բոտուլիզմը կարող է առաջանալ սննդի կամ վերքերի աղտոտման հետևանքով: Հիվանդությունը կարող է առաջանալ նաև այն ժամանակ, երբ նորածինների կամ մանկահասակ երեխաների աղիքներում աճում են նույն բակտերիայի սպորներ: Հազվադեպ, բոտուլիզմի պատճառ կարող է լինել նաև բուժումը կամ կենսաահաբեկչությունը:

Բոտուլիզմի երեք տարածված ձևերը հետևյալն են:

  • Սննդային (սննդածին) բոտուլիզմ. վնասակար բակտերիաները զարգանում և թույն են արտադրում այն միջավայրում, որտեղ թթվածինը քիչ է, օրինակ՝ տանը պահածոյացված մթերքներում:
  • Վերքային բոտուլիզմ. եթե այս բակտերիաները հայտնվեն կտրված կամ այլ վերքի մեջ, կարող են առաջացնել վտանգավոր վարակ, որն արտադրում է թույն:
  • Մանկական բոտուլիզմ. բոտուլիզմի այս ամենատարածված ձևը սկսվում է այն բանից հետո, երբ երեխայի աղիքային խողովակում աճում են C. botulinum բակտերիաների սպորներ: Այն սովորաբար հանդիպում է 2 ամսականից մինչև 8 ամսական երեխաների մոտ (90%-ը` մինչև վեց ամսականում): Հազվադեպ, աղիքային բոտուլիզմի այս ձևն ախտահարում է նաև չափահասներին:

Երբեմն բոտուլիզմն առաջանում է, երբ կոսմետիկ կամ բժշկական նկատառումներով ներարկվում է շատ բոտուլինի տոքսին: Այս հազվադեպ ձևը կոչվում է յատրոգեն բոտուլիզմ: «Յատրոգեն» տերմինը նշանակում է հիվանդություն, որն առաջացել է բժշկական հետազոտության կամ բուժման արդյունքում:

Բոտուլիզմի ևս մեկ հազվադեպ ձև կարող է առաջանալ թույները (տոքսինները) ներշնչելուց: Դա կարող է տեղի ունենալ որպես կենսաահաբեկչության հետևանք։

Բոտուլիզմի բոլոր ձևերը կարող են մահացու լինել և համարվում են անհետաձգելի բուժօգնության պահանջող վիճակներ:

Հոդվածը տեղադրվել է՝ 12-04-2019 վերանայվել է՝ 19-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով