Skip to main content

Նկարագիր - Ուղեղային անևրիզմա

Գլխուղեղային անևրիզման, որը նաև հայտնի է որպես ցերեբրալ անևրիզմա կամ ներգանգային անևրիզմա, գլխուղեղի արյունատար անոթի արտափքումն է: 

Անևրիզման հաճախ նման է ցողունից կախված հատապտղի:

Մասնագետները կարծում են, որ ուղեղային անևրիզմաները ձևավորվում և մեծանում են, քանի որ արյունատար անոթով հոսող արյունը ճնշում է անոթային պատի թույլ հատվածի վրա: Սա կարող է մեծացնել ուղեղային անևրիզմայի չափը: Եթե ​​ուղեղային անևրիզման արտահոսում կամ պատռվում է, գլխուղեղում առաջանում է արյունահոսություն, որը հայտնի է որպես հեմոռագիկ (արյունահոսող) ինսուլտ:

Ուղեղային անևրիզմայի պատռվածքն առավել հաճախ տեղի է ունենում գլխուղեղը և այն ծածկող բարակ հյուսվածքների միջև ընկած տարածության մեջ: Հեմոռագիկ ինսուլտի այս տեսակը կոչվում է սուբարախնոիդալ հեմոռագիա (ենթաոստայնային արյունահոսություն):

Ուղեղային անևրիզմաները տարածված են: Սակայն դրանց մեծ մասը լուրջ խնդիր չէ, հատկապես, երբ փոքր է: Դրանց մեծ մասը չի պատռվում և սովորաբար ախտանիշներ կամ առողջական խնդիրներ չի առաջացնում: Շատ դեպքերում ուղեղային անևրիզմաները հայտնաբերվում են այլ վիճակների կապակցությամբ պատկերային հետազոտությունների, օրինակ՝ գլխի ՄՌՏ-ի ժամանակ:

Այնուամենայնիվ, պատռված անևրիզման կարող է արագորեն վերածվել կյանքին սպառնացող վիճակի, ուստի պահանջում է անհետաձգելի բուժում:

Եթե ​​ուղեղային անևրիզման չի պատռվել, որոշ դեպքերում բուժումը կարող է ցուցված լինել: Չպատռված ուղեղային անևրիզմայի բուժումը կարող է ապագայում կանխել պատռվածքը: Խոսեք ձեր բժշկի հետ՝ համոզվելու, որ հասկանում եք ձեր կոնկրետ դեպքում բուժման լավագույն տարբերակները:

Տեսակները

  • Պարկանման (սակուլյար) անևրիզմա, որը նաև հայտնի է որպես հատապտղային անևրիզմա. այս տեսակի անևրիզմայի տեսքը նման է վազից կախված հատապտղի: Այն կլոր, արյունով լցված պարկ է, որը դուրս է ցցվում հիմնական զարկերակից կամ դրա ճյուղերից մեկնումեկից: Այն սովորաբար ձևավորվում է գանգի հիմքում գտնվող մեծ զարկերակների վրա: Սա անևրիզմայի ամենատարածված տեսակն է:
  • Իլիկաձև անևրիզմա. անևրիզմայի այս տեսակն առաջացնում է զարկերակի բոլոր կողմերից փքվածություն:
  • Միկոտիկ անևրիզմա. անևրիզմայի այս տեսակն առաջանում է վարակի հետևանքով: Երբ վարակն ախտահարում է գլխուղեղի զարկերակները, դրանց պատը կարող է թուլանալ՝ ձևավորելով անևրիզմա:

Հոդվածը հրապարակվել է՝ 17-04-2019
Վերջին վերանայում՝ 07-04-2024