Skip to main content

Շնչառական խնդիրներ -

Շնչառության հետ կապված խնդիրները մարդիկ առաջին հերթին կապում են գլխավոր «շնչող» օրգանի՝ թոքերի հետ։

Սա, իհարկե, ճիշտ է, սակայն պետք է հաշվի առնել, որ կան նաև շնչարգելությամբ կամ հևոցով ուղեկցվող բազմաթիվ արտաթոքային պատճառներ և խնդիրներ։

Շնչառական խնդիրները կարող են մի դեպքում զարգանալ դանդաղորեն, իսկ մեկ այլ դեպքում սկսվել սուր և հանկարծակի։ Ըստ ընթացքի դրանք կարող են լինել թեթև՝ քիչ անհանգստացնող, չափավոր ծանրության, ծանր և կյանքին սպառնացող։

Շնչառական խնդիրների պատճառները

Սուր շնչարգելության և հևոցի ամենատարածված պատճառներից են՝

  • թոքային խնդիրներ, օրինակ՝ թոքի կոլապս (պնևմոթորաքս), թոքային անոթների խցանում արյան մակարդուկներով (թոքային էմբոլիա), ասթմայի նոպա և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ)՝ սրացման շրջանում, ինչպես նաև ավելի հազվադեպ հանդիպող որոշ թոքային հիվանդություններ
  • սրտային խնդիրներ
  • ալերգիկ ռեակցիաներ
  • խուճապի նոպա կամ տագնապ
  • թունավորումներ
  • օտար մարմին շնչուղիներում։

Շնչարգելության այլ տարածված պատճառներից են նաև՝

  • շնչուղիների վարակներ, օրինակ՝ կրուպ (մանկահասակ երեխաների մոտ), բրոնխիտ, թոքաբորբ, գրիպ և մրսածություն
  • այլ, տարածուն և տենդով ընթացող վարակներ
  • տարբեր քրոնիկ նյարդային և մկանային հիվանդություններ:

Որոշ մարդկանց մոտ հևոցը կարող են ստանալ կայուն՝ քրոնիկ բնույթ։ Նման իրավիճակներից են՝

  • ծխախոտի օգտագործում
  • գիրություն (ճարպակում)
  • բուժումից դուրս մնացած կամ ոչ արդյունավետ բուժվող ասթմա և ԹՔՕՀ
  • սակավարյունություն (անեմիա)
  • սրտային անբավարարություն կամ սրտային այլ խնդիրներ։

Շնչառական խնդիրների ախտանիշները

Շնչառական խնդիրները կարող են դրսևորվել հետևյալ նշաններով՝

  • օդի պակասի կամ անբավարարության զգացում և շնչարգելություն՝ շնչելու համար լրացուցիչ ջանքերի գործադրում
  • հևոց՝ շնչառության հաճախացում
  • հազ՝ չոր կամ խորխով
  • շնչառությանն ուղեկցող խզզոցներ, որոնք կարող են լսվել տարածության վրա
  • վատ ինքնազգացողություն, ընդհանուր անհանգստություն, տագնապ և խուճապ՝ իրենց բնորոշ նշաններով
  • մաշկի գունատություն, ծանր դեպքերում՝ ցիանոզ (շրթունքների կամ մատների կապտավուն երանգ)
  • առատ կամ գիշերային քրտնարտադրություն:

Ըստ ծանրության աստիճանի այս ախտանիշները կարող են լինել սկսած թեթևից մինչև ծանր։ Օրինակ, օդի պակասի զգացումը կարող է վերափոխվել շնչարգելության և ծանր հևոցի կամ խզզոցները կարող են լսվել միայն բժշկի կողմից՝ թոքերը սթետոսկոպով լսելիս կամ տարածության վրա (դիստանցիոն)։

Ե՞րբ զանգել 1-03

Առանց հետաձգելու զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե՝

  • օդի պակասի զգացումը, շնչարգելությունը և հևոցը սկսվում են հանկարծակի
  • շնչարգելությունն ու հևոցն այն աստիճան են խորանում, որ դժվարանում եք խոսել կամ խոսքը մինչև վերջ արտաբերել
  • շնչարգելությունն ու հևոցն ուղեկցվում են այլ նշաններով, օրինակ՝ ետկրծոսկրային, ձեռքերի, ուսագոտու կամ թիկունքի շրջանի ցավեր, քրտնարտադրություն, գլխապտույտ և ինքնազգացողության կտրուկ վատթարացում։

Ի՞նչ անել մինչև շտապբուժօգնության ժամանումը

  • Պահեք ձեզ հանգիստ և խուճապի մի՛ մատնվեք:
  • Ընդունեք ուղղահայաց դիրք՝ նստեք աթոռին, կիսանստեք անկողնու մեջ կամ կանգնեք:
  • Ապահովեք սենյակի մաքուր օդ (բացեք պատուհանը):
  • Կապի մեջ մնացեք 1-03 հեռախոսավարի հետ, լսեք ու կատարեք նրա հրահանգները։

Ե՞րբ դիմել բժշկին

Պայմանավորվեք և հանդիպեք բժշկին, եթե զարգացել են հետևյալ նշանները՝

  • ոտքերի կամ դեմքի այտուցներ
  • օդի պակասը և հևոցը սաստկանում են, երբ պառկում եք հորիզոնական դիրքով կամ մեղմանում են անկողնում նստելուց կամ գլխատակը բարձրացնելուց
  • ջերմություն, դող, սարսուռ և հազ
  • շրթունքների կամ մատների կապտավուն երանգ
  • շնչելուց լսվում են տարօրինակ ձայներ և խզզոցներ
  • շնչելու համար լրացուցիչ ջանքեր եք գործադրում՝ օգտագործելով ուսագոտու կամ որովայնի մկանները
  • չնայած որոշ բուժական միջոցառումներին, ինքնազգացողությունը չի բարելավվում։

Շնչառական խնդիրների ախտորոշումը

Երբ այցելեք բժշկին, ձեզ հետ զրուցելուց և գանգատները լսելուց հետո բժիշկը կարող է նշանակել շնչառական խնդիրների բերող հիվանդությունների ախտորոշումը ճշտելու համար նախատեսված մի շարք հետազոտություններ, այդ թվում՝

  • արյան թեստեր
  • կրծքավանդակի ռենտգեն կամ ավելի հազվադեպ՝ համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) հետազոտություն
  • արտաքին շնչառության (թոքերի գործունեության) գնահատման թեստեր։

Բուժում

Շնչարգելության բերող հիվանդության բուժումը կարող է ներառել՝

  • եթե ծխող եք, ծխախոտից հրաժարվելը
  • դեղորայքային բուժում
  • ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ
  • բուժական մարմնամարզություն։

Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024