Գրադարան

Բրոնխոէկտազ

Բրոնխոէկտազ

Time Read 3 րոպե

Բրոնխոէկտազը թոքերի օդատար ուղիների ախտահարմամբ ընթացքող հիվանդություն է, որը պատճառում է այդ ուղեիների կայուն լայնացում։

Բրոնխոէկտազի վաղ ախտորոշումը և բուժումը կարևոր են, որ կանխարգելվի թոքերի հետագա ախտահարումը։ Եթե ունեք բրոնխոէկտազ, կարևոր է, որ սովորեք, թե ինչպես կարելի է շարունակական բուժման և խնամքի միջոցներով վերահսկել ձեր վիճակը։

Բրոնխոէկտազի տեսակները

Բրոնխոէկտազը սովորաբար պատճառվում է թոքերի երկար ընթացքով վարակային բորբոքումից։ Թոքերի օդատար ուղիների ախտահարումն ուղեկցվում է դրանց պաշտպանական գործառույթների, օրինակ՝ լորձի մաքրման թուլացմամբ կամ վերացմամբ: Լորձն արտադրվում է օդատար ուղիների կողմից և օգնում է փոշու և այլ փոքր մասնիկների՝ շնչուղիներով հեռացմանը։

Օդատար ուղիներում կուտակվող լորձը կարող է վարակվե՝ առաջացնելով այդ ուղիների լորձաթաղանթի բորբոքային այտուց, բրոնխների խցանում և կրկնվող թոքային վարակներ։ Ախտահարված բրոնխները լայնանում են և չեն կարողանում ամբողջությամբ դուրս բերել լուսանցքում կուտակված արտազատուկը։

Բրոնխոէկտազի հանգեցնող թոքային վարակների օրինակներից են՝

  • կիստոզ ֆիբրոզ (մուկովիսցեդոզ)՝ հազվադեպ հանդիպող ժառանգական խանգարում, որի ժամանակ թոքերի օդատար ուղիներում արտադրվում և կուտակվում է մածուցիկ և կպչուն լորձ (հանդիսանում է բրոնխոէկտազի դեպքերի կեսի պատճառը)
  • սուր թոքաբորբ (պնևմոնիա)
  • տուբերկուլոզ
  • սնկիկային վարակներ։

Բրոնխոէկտազի այլ, ավելի հազվադեպ հանդիպող պատճառներից են՝

  • աուտոիմուն հիվանդություններ, օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ և Կրոնի հիվանդություն
  • ալերգիկ բորխոթոքային ասպերգիլոզ, որն Aspergillosis սնկիկի նկատմամբ ալերգիկ ռեակցիա է
  • բնածին խանգարումներ։

Երբեմն բրոնխոէկտազի հստակ պատճառ գտնելը խիստ դժվար կամ անհնար է։

Բրոնխոէկտազի ախտանիշները

Ամենահաճախ հանդիպող ախտանիշը մշտական հազն է, որն ուղեկցվում է խորխով։ Խորխը թքի և լորձի խառնուրդ է, որը հազալիս դուրս է գալիս ձեր շնչուղիներից։ Բրոնխոէկտազի դեպքում խորխն առատ է և ունի կանաչավուն կամ դեղնավուն գունավորում։

Այլ ախտանիշներից են՝

  • սինուսիտ՝ հարքթային խոռոչների բորբոքում, որը հաճախ ուղեկցվում է հարբուխի հետ
  • հոգնածություն
  • օդի պակասի զգացում, հևոց կամ խզզոցներ
  • կրծքավանդակի ցավ կամ լարվածության զգացում
  • արյունային հազ կամ արյուն խորխում (չոր բրոնխոէկտազ, եթե խորխ չկա)։

Բրոնխոէկտազի ախտորոշումը

Բժիշկը կլսի ձեզ, կտա որոշ հարցեր՝ կապված ձեր գանգատների և ընդհանուր առողջական վիճակի մասին։ Բժիշկը նաև կզննի ձեզ, այդ թվում՝ սթետոսկոպով կլսի ձեր թոքերը։

Դուք հավանաբար կուղեգրվեք պատկերային որոշ հետազոտությունների՝ կրծքավանդակի ռենտգեն կամ համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ)։ Բժիշկը նաև կարող է ձեզ առաջարկել խորխի մանրէաբանական հետազոտություն՝ հայտնաբերելու որևէ բակտերիա կամ սնկիկ։

Բրոնխոէկտազի կամ հարակից վիճակների ախտորոշման համար նշանակվող այլ հետազոտություններից են՝

  • արյան թեստեր՝ ուղղված վարակների կամ ձեր գանգատների այլ հավանական պատճառների հայտնաբերմանը
  • շնչառական թեստեր, որոնց նպատակը թոքերի գործունեության գնահատումն է։

Բրոնխոէկտազի բուժումը

Բրոնխոէկտազի բուժումը կարող է ներառել վարակի դեմ պայքարը, ախտանիշների մեղմացումը և թոքերի հետագա ախտահարման կանխարգելումը։

Ձեր բժիշկը կարող է նշանակվել հետևյալ դեղերը՝

  • հակաբիոտիկներ՝ վարակը բուժելու համար
  • բրոխները լայնացնող դեղեր (բրոնխոդիլատատորներ կամ բրոնխալայնիչներ), որոնք հեշտացնում են շնչառությունը
  • ներշնչվող (ինհալացվող) կորտիկոստերոիդներ, որոնք մեղմացնում են բրոնխների բորբոքումն ու այտուցը
  • խորխալուծ դեղեր, որոնք ջրիկացնում են խորխը և հեշտացնում հազով հեռացումը։

Ֆիզիոթերապևտը կարող է նշանակել որոշ միջոցներ, որոնք մաքրում են ձեր թոքերի օդատար ուղիները լորձի կամ խորխի ավելցուկներից։ Այլ միջոցներից են բուժական ֆիզկուլտուրան, շնչառական և հազի վարժությունները և այնպիսի դիրքի ընտրությունը, որի դեպքում խորխն ավելի հեշտությամբ է հեռացվում։

Եթե ծխող եք, անպայման ձերբազատվեք ծխախոտից։

Դուք նաև կարող եք՝

  • խորհուրդ հարցնել ձեր բժշկից գրիպի և պնևմոկոկային հիվանդության դեմ պատվաստվելու համար
  • հոգ տանել ձեր ընդհանուր առողջության համար՝ դարձնելով ձեր ապրելակերպն ավելի առողջ
  • պարբերաբար այցելել ձեր բժշկին և անցնել ընդհանուր առողջության ստուգում։

Ե՞րբ դիմել բժշկին

Շատ կարևոր է, որ ձեր բուժումը սկսեք հնարավորինս շուտ, քանի դեռ հիվանդությունը չի ծանրացել և չի ներառել այլ օրգան-համակարգեր, ինչպիսին է սիրտը։ Դիմեք ձեր բժշկին, եթե ունեք երկար ժամանակ շարունակվող հազ՝ անկախ խորխարտադրությունից։

Հոդվածը տեղադրվել է՝ 27-05-2019 վերանայվել է՝ 07-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: