Skip to main content

Ախտանիշներ - Կարդիոգեն շոկ

Կարդիոգեն շոկի գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը:

  • Արագ շնչառություն
  • օդի սուր պակաս, շնչարգելություն և հևոց
  • հանկարծակի, արագացած սրտազարկ (տախիկարդիա)
  • գիտակցության կորուստ
  • թույլ անոթազարկ (պուլս), որը երբեմն ձեռքի վրա չի շոշափվում
  • ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
  • քրտնարտադրություն
  • գունատ մաշկ
  • սառը ձեռքեր կամ ոտնաթաթեր
  • նորմայից քիչ միզելը (օլիգուրիա) կամ ընդհանրապես չմիզելը (անուրիա):

Սրտամկանի ինֆարկտի նշանները

Կարդիոգեն շոկը սովորաբար զարգանում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ծանր սրտամկանի ինֆարկտ, ուստի կարևոր է իմանալ սրտամկանի ինֆարկտի գանգատներն ու ախտանիշները: Դրանք ներառում են՝

  • ճնշում, լցվածություն կամ սեղմող ցավ ձեր կրծքավանդակի կենտրոնում (կրծոսկրի ետևում), որը տևում է ավելի քան մի քանի րոպե
  • ցավը տարածվում կամ ճառագայթում է ձեր ուսին, մեկ կամ երկու ձեռքերի, թիկունքի կամ նույնիսկ ատամների և ծնոտի վրա
  • կրծքավանդակային ցավի (կրծքահեղձուկի կամ ստենոկարդիայի) դրվագների ավելացում
  • շնչարգելություն և հևոց
  • քրտնարտադրություն
  • ուշագնաց լինելու զգացում կամ հանկարծակի գլխապտույտ
  • սրտխառնոց և փսխում:

Այս գանգատների կամ ախտանիշների առկայության դեպքում արագ դիմեք բժշկին՝ կարդիոգեն շոկի զարգացման ռիսկը նվազեցնելու համար:

Իմացե՛ք ավելին սրտամկանի ինֆարկտի մասին:

Ե՞րբ դիմել բժշկին

Սրտամկանի ինֆարկտի բուժումը արագորեն բարելավում է ապրելու ձեր հնարավորությունը և նվազեցնում ձեր սրտի վնասումը: Եթե ունեք սրտամկանի ինֆարկտի ախտանիշներ, զանգահարեք 1-03 կամ շտապ դիմեք բժշկական ծառայություններ՝ օգնության համար: Եթե շտապ օգնություն կանչելը չի հաջողվում, թող ինչ-որ մեկը ձեզ ուղեկցի մոտակա հիվանդանոց: Ինքներդ մի՛ վարեք:

Հոդվածը հրապարակվել է՝ 17-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024