Համակցված հակաբեղմնավորիչ բերանային (օրալ) հաբը նախատեսված է անցանկալի կամ չնախատեսված հղիությունը կանխարգելելու համար:
Այս դեղը կարող է նաև օգնել ձեր դաշտանային արյունահոսության թուլացմանը, ցիկլերի ավելի կանոնավոր դառնալուն և դաշտանային ցավերի մեղմացմանը: Բժիշկներն այս դեղին այլ կերպ անվանում են «կոմբինացված օրալ կոնտրացեպտիվ հաբ», որտեղ «օրալը» ցույց է տալիս, որ հաբը պետք է ընդունել բերանով խմելու ձևով (ի տարբերություն հեշտոցային հաբի), իսկ «կոնտրացեպտիվը» նույն հակաբեղմնավորիչն է կամ բեղմնականխիչը: Այս հաբերը կոչվում են համակցված (կոմբինացված), քանի որ պարունակում է մեկից ավելի ակտիվ ազդող նյութ (հորմոն):
Ի՞նչ է իրենցից ներկայացնում համակցված հաբը
Համակցված հակաբեղմնավորիչ օրալ հաբը բեղմնականխման միջոցներից մեկն է, երբ անցանկալի հղիությունը կանխում եք՝ միայն խմելով հաբ: Այս դեղը պարունակում է երկու հորմոն՝ էստրոգեն և պրոգեստոգեն:
Ինչպե՞ս է համակցված հաբն ազդում
Համակցված հակաբեղմնավորիչ օրալ հաբի գլխավոր ազդեցությունը կնոջ ձվարանների կողմից յուրաքանչյուր ամիս կրկնվող ձվազատման (օվուլյացիա) կանխարգելումն է: Համակցված հաբը նաև արգանդի վզիկի լորձը դարձնում է ավելի մածուցիկ՝ խոչընդոտելով սպերմատոզոիդների տեղաշարժը դեպի արգանդի խոռոչ: Վերջապես, հորմոնային հաբը բարակեցնում է արգանդի լորձաթաղանթը՝ ավելի քիչ հավանական դարձնելով բեղմնավորված ձվաբջջի ներդրումն արգանդի պատին:
Կան համակցված հաբեր, որոնք ազդում են խմելու առաջին իսկ օրվանից և կան այլ հաբեր, որոնց հակաբեղմնավորիչ ազդեցությունը զարգանում է առնվազն 7 օր ընդունելուց հետո:
Համակցված հաբի տեսակները
Կան համակցված հակաբեղմնավորիչ հաբի տարբեր տեսակներ, սակայն դրանք բոլորն էլ ազդում են գրեթե նույն մեխանիզմներով: Եթե նախատեսում եք օգտագործել համակցված հաբ, արժի նախ զրուցել ձեր բժշկի հետ, որ միասին ընտրեք ձեզ համար ամենահարմար և անվնաս տարբերակը:
Համակցված դեղը սովորաբար արտադրվում է 28 հաբ պարունակող տուփերով կամ փաթեթներով, և պետք է յուրաքանչյուր օր նույն ժամին խմեք մեկ հաբ: Որոշ տեսակների տուփերը կարող են պարունակել 21 հաբ. սա նախատեսված է 7-օրյա ընդմիջում անելու (հաբի ընդունումն ընդհատելու) համար: Բոլոր դեպքերում, մանրամասն ծանոթացեք դեղատուփում առկա թերթիկին:
Համակցված հակաբեղմնավորիչ հաբից բացի կան նաև բեղմնականխիչ հաբի այլ տեսակներ, օրինակ՝ միայն պրոգեստագեն պարունակող «մինի հաբ» և անհետաձգելի բեղմնականխման «առավոտից հետո» հաբ:
Ե՞րբ է համակցված հաբն առավել լավ ազդում
Համակցված հակաբեղմնավորիչ օրալ հաբի արդյունավետությունը խիստ բարձրանում է, եթե ընդունում եք կանոնավոր կերպով և բաց չեք թողնում նույնիսկ մեկ դեղաչափ:
Ի՞նչը կարող է խանգարել համակցված հաբի ազդեցությանը
Եթե ունեք փսխում կամ փորլուծություն, ձեր խմած հաբը կարող են աղեստամոքսային խողովակում լիարժեք չներծծվել:
Նաև, որոշ այլ խմբի դեղեր կարող են փոխազդել և թուլացնել հակաբեղմնավորիչ հաբի ազդեցությունը: Եթե ստանում եք որևէ լրացուցիչ բուժում, քննարկեք այս խնդիրը ձեր բժշկի հետ:
Նշված պատճառներից ելնելով հակաբեղմնավորիչ օրալ հաբ ընդունող որոշ կայանք կարող են հղիանալ: Եթե վերոնշյալ իրավիճակներից մեկնումեկը ձեր դեպքում առկա է, ներառյալ այն, որ բաց եք թողել ձեր օրական դեղաչափը, մտածեք բեղմնականխման մեկ այլ տարբերակից օգտվելու մասին (օրինակ՝ պահպանակ)՝ մինչև ձեր հաջորդ դաշտանը:
Համակցված հաբի առավելությունները և թերությունները
Համակցված հորմոնային հաբի գլխավոր առավելություններից են՝
- կանանց մեծ մասի համար անվտանգ է
- կարող է օգնել դաշտանային ցիկլի կարգավորմանը, օրինակ՝ հաճախ մեղմացնում է առատ դաշտանը ու ցավերը
- կարող է օգնել ակնեի (կորյակ, պզուկ) լավացմանը, ինչպես նաև նախադաշտանային համախտանիշի և դաշտանադադարի որոշ ախտանիշների բարելավմանը
- հնարավոր է, որ նվազեցնում է էնդոմետրիումի և ձվարանի քաղցկեղների ռիսկը:
Համակցված հաբի հիմնական թերություններից են՝
- չի կարող օգտագործվել բոլոր կանանց կողմից
- կարող է առաջացնել կողմնակի երևույթներ, հատկապես առաջին անգամ ստանալիս, այդ թվում՝
- կրծքագեղձերի ցավոտություն
- սրտխառնոց
- գլխացավ
- քաշի ավելացում
- կարող է բարձրացնել խիստ հազվադեպ հանդիպող խորանիստ երակների թրոմբոզի կամ ինսուլտի ռիսկերը
- ի տարբերություն պահպանակի, չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից:
Ի՞նչ անել, եթե բաց եք թողել ամենօրյա դեղաչափը
Եթե մոռացել կամ մեկ այլ պատճառով չեք խմել ձեր հերթական դեղաչափը, նույնիսկ եթե դա եղել է միայն մեկ անգամ, հավանաբար այլևս հղիանալուց լիարժեք պաշտպանված չեք: Ծանոթացեք ձեր դեղատուփում առկա թերթիկում նշված խորհուրդներին:
Եթե համոզված չեք, թե ինչ քայլ է պետք ձեռնարկել, այցելեք ձեր բժշկին կամ մոտակա ընտանիքի պլանավորման գրասենյակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-04-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024