Գրադարան

Շփոթվածություն և խառնաշփոթ վիճակ

Շփոթվածություն և խառնաշփոթ վիճակ

Time Read 3 րոպե

Շփոթվածությունը մարդուն կարող է պատճառել մեծ սթրես և անհանգստություն, քանի որ նա չի հասկանում, թե ինչ է իր հարևանությամբ տեղի ունենում:

Ի՞նչ է շփոթված կամ խառնաշփոթ վիճակը

Մարդու խառնաշփոթ վիճակը նշանակում է, որ նա՝

  • չի կարողանում պարզ ու հստակ մտածել
  • չի հասկանում, թե իր շուրջբոլորն թե ինչ է կատարվում
  • համոզված չէ, թե ինչ օր է կամ ժամը քանիսն է:

Շփոթվածության պատճառները

Շփոթվածությունը հաճախ կապված են բարձր տարիքի հետ: Այնուամենայնիվ, այս վիճակը կարող է հանկարծակի ի հայտ գալ նաև այլ՝ տարիքի հետ կապ չունեցող գործոնների ազեցության ներքո, որոնցից են՝

  • մեծ քանակով ալկոհոլի օգտագործում
  • դեղամիջոցների կողմնակի ազդեցություն
  • որոշ թմրամիջոցների օրգտագործում (նարկոտիկ թմբիր)
  • որևէ դեղամիջոցի կամ թմրամիջոցի մեծ քանակների ընդունում (գերդոզավորում)
  • դեպի գլխուղեղ թթվածնի մատակարարման կտրուկ նվազում, օրինակ՝ ինսուլտ կամ «միկրոինսուլտ», ծանր ասթմատիկ վիճակ, սրտային կամ թոքային հիվանդություններ
  • գլխի տրավմաներ և ուղեղի ցնցում
  • սուր թունավորումներ
  • քնի պակաս
  • որոշ հոգեկան շեղումներ
  • ջրազրկմամբ և սուր ինքոտսիկացիայով ընթացող ծանր վարակներ
  • շաքարային դիաբետի որոշ բարդություններ, այդ թվում՝ հիպոգլիկեմիա (բարձր արյան շաքար):

Շփոթված կամ շշմած վիճակը կարող է ունենալ ժամանակավոր բնույթ, եթե այն չի առաջացել որևէ երկարատև ընթացք ունեցող հիվանդությունից, որոնցից են՝

  • ինսուլտ
  • էպիլեպսիա կամ ցնցումներ
  • արյան շաքարի շատ ցածր կամ շատ բարձր մակարդակներ (հիպո- կամ հիպերգլիկեմիա)
  • երիկամների գործունեության թուլացում (անբավարարություն)
  • շոկ
  • վարակ
  • Ալցհեյմերի հիվանդություն կամ դեմենցիայի այլ տեսակներ։

Եթե կասկածում, որ ձեզ մոտ առկա է թվարկված վիճակներից որևէ մեկը, առանց հետաձգելու դիմեք ձեր բժշկին:

Շփոթվածությանն ուղեկցող ախտանիշները

Շփոթվածության հետ դրսևորվող ախտանիշները կարող են ի հայտ գալ հանկարծակի կամ զարգանալ որոշակի ժամանակի ընթացքում: Իրենց ընթացքով դրանք կարող են լինել թեթևից մինչև ծանր:

Շփոթվածությունը սովորաբար ներառում է հետևյալ ախտանիշները՝

  • տարակուսանք և վրդովմունք
  • ագրեսիա
  • անսովոր վարք կամ անկայուն տրամադրություն
  • տագնապ
  • անօգնական զգալու վիճակ:

Շփոթվածության բուժումը և կանխարգելումը

Որոշ դեպքերում դուք կարող եք կանխել շփոթվածության առաջացումը հետևյալ քայլերով՝

  • մի՛ օգտագործեք չափից դուրս շատ ալկոհոլ
  • խուսափեք թմրամիջոցներ կամ «ակումբային» հաբեր օգտագործելուց
  • անցեք առողջ սննդակարգի, որը թույլ կտա թարմ մրգերով և բանջարեղեններով լրացնել կամ կանխարգելել վիտամինների և միներալների հնարավոր պակասը
  • եթե դիաբետիկ եք, մշտապես հետևեք ձեր արյան գլյուկոզի (շաքարի) մակարդակին, որ կանխարգելեք հիպոգլիկեմիան կամ հիպերգլիկեմիան
  • ձեր հանգստին և քնին տրամադրեք բավարար ժամանակ
  • հետևեք ձեր բուժմանը և դեղերն ընդունեք այն դեղաչափերով, ինչպես նշանակել է ձեր բժիշկը:

Զանգեք 1-03 և խորհուրդ հարցրեք, եթե՝

  • խառնաշփոթ վիճակն ի հայտ է եկել հանկարծակի
  • ձեր վիճակը գնալով վատանում է
  • զարգանում են նոր ախտանիշներ
  • ձեր անհանգստությունն աստիճանաբար աճում է:

Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2018 վերանայվել է՝ 14-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով