Skip to main content

Նկարագիր - Կոնտակտային դերմատիտ

Կոնտակտային դերմատիտը քոր առաջացնող ցան է, որն առաջանում է որևէ նյութի հետ անմիջական շփման կամ դրա նկատմամբ ալերգիկ ռեակցիայի հետևանքով:

Ցանը վարակիչ չէ, բայց մաշկի գրգռումը և բորբոքումը (այլ կերպ կոչվում է բորբոքային ռեակցիա) կարող է մեծ անհարմարություն պատճառել:

Բազմաթիվ նյութեր կարող են առաջացնել այս ռեակցիան, ինչպիսիք են կոսմետիկան, բուրմունքները, զարդերը և բույսերը: Ցանը հաճախ ի հայտ է գալիս գրգռիչ նյութի ազդեցությունից հետ մի քանի օրվա ընթացքում:

Կոնտակտային դերմատիտը հաջողությամբ բուժելու համար դուք պետք է բացահայտեք ձեր ռեակցիայի պատճառը և ամեն կերպ խուսափեք դրանից: Եթե ​​ձեզ հաջողվում է խուսափել ռեակցիա առաջացնող նյութից, ցանը հաճախ վերանում է 2-4 շաբաթվա ընթացքում: Դուք կարող եք նաև փորձել հանգստացնել ձեր մաշկը սառը, խոնավ շորով և ինքնօգնության այլ քայլերով:

Կոնտակտային դերմատիտի տեսակները

Տարբերում են կոնտակտային (շփման) դերմատիտի երկու հիմնական տեսակներ:

  • Ալերգիկ կոնտակտային դերմատիտը զարգանում է, երբ ձեր մաշկը շփվում է ալերգիա առաջացնող գործոնի՝ ալերգենի հետ և վերջինս առաջացնում է մաշկի բորբոքում ամեն անգամ, երբ տեղի է ունենում նման շփումը: Ալերգիկ կոնտակտային դերմատիտի հաճախ հանդիպող պատճառներից են՝ նիկել, բույսեր, քիմիական նյութեր, քսուքներ և յուղեր:
  • Իռիտանտային (գրգռային) կոնտակտային դերմատիտը զարգանում է, երբ ձեր մաշկը շփվում է գրգռիչ ազդեցությամբ գործոնի հետ, որն էլ առաջացնում է մաշկաբորբ: Նման վիճակն առաջանում է, երբ ձեր մաշկը երկար ժամանակի ընթացքում ենթարկվում է գրգռիչ ազդեցության:

Հոդվածը հրապարակվել է՝ 08-03-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024