Skip to main content

Մանկական հազ - Երեխաների առողջություն

Մանկահասակ երեխաների շրջանում հազը տարածված երևույթ է, որը կարող է ի հայտ գալ առանձին կամ ուղեկցել մեկ այլ առողջական խնդրին։

Օրինակ, երեխան կարող է հազալ մրսածության ժամանակ, որը բժշկական փաստաթղթերում գրանցվում է որպես սուր շնչառական վիրուսային վարակ (ՍՇՎՎ, ռուսերեն՝ ОРВИ): Հազով, կոկորդի ցավով և գրիպանման այլ նշաններով նաև կարող են սկսվել երեխայի միջին ականջի վարակային բորբոքումները (օտիտներ)։ Այլ դեպքերում գուցե չկարողանաք նշել երեխայի հազի հստակ պատճառը։

Իրականում հազը պաշտպանական ռեֆլեքս է: Այն շնչուղիները մաքրում է լորձից և այլ գրգռիչներից։ Սակայն հազը նաև տարբեր հիվանդությունների ախտանիշներից մեկն է։

Հազը մանկահասակ երեխաների շրջանում

Երեխաների մոտ հազի ամենահաճախ հանդիպող պատճառն մրսածությունն է։ Սովորաբար մրսածության ախտանիշների բարելավմանը զուգահեռ երեխայի հազն առանց որևէ հատուկ բուժման ինքնուրույն մեղմանում է։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում այն կարող է կայունանալ և երեխային անհանգստացնել նաև մրսածության լավացումից օրեր և շաբաթներ անց։

Եթե երեխան նորմալ սնվում է ու հեղուկներ է ընդունում, շնչառությունը նորմալ է և չի ուղեկցվում կողքից լսվող խզզոցներով, հատուկ միջոցներ ձեռնարկելու և անհանգստանալու կարիք չկա։ Հակառակ դեպքում, եթե երեխայի հազն անհանգստացնող է կամ երկար ժամանակ չի մեղմանում, ճիշտ կլինի դիմել բժշկի օգնությանը։

Երեխաների մոտ հատուկ ուշադրության արժանի լուրջ հազի պատճառ կարող է հանդիսանալ այս հիվանդություններից մեկնումեկը՝

  • կեղծ կրուպ
  • կապույտ հազ
  • ասթմա
  • թոքաբորբ (պնևմոնիա)
  • օտար մարմին շնչուղիներում։

Մանկական տարիքում հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն դեպքերին, երբ հազը՝

  • ուղեկցվում է ջերմությամբ
  • կայուն է՝ տևում է ավելի քան 2 շաբաթ կամ անսովոր է
  • ուղեկցվում է շնչարգելությամբ և հևոցով
  • ի հայտ է գալիս գիշերային ժամերին
  • ուղեկցվում է արտահայտված թուլությամբ, անտարբերությամբ կամ անհարմարավետությամբ
  • ուղեկցվում է մաշկի գույնի փոփոխությամբ՝ գունատություն կամ կապտավուն երանգ։

Անկախ օրվա ժամից, անհապաղ դիմեք երեխայի բժշկին կամ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե ձեր երեխայի մոտ առաջանում են վերոնշյալ ախտանիշներից մեկնումեկը։

Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2019
Վերջին վերանայում՝ 08-04-2024