Skip to main content

Ցիստիտը սովորաբար ընթանում է միզելու հետ կապված խնդիրներով:

Ցիստիտի նշաններն ու ախտանիշները կարող են ներառել՝

  • միզելու ուժեղ, մշտական ցանկություն
  • միզելիս ցավ կամ այրոցի զգացում (դիզուրիա)
  • hաճախակի, փոքր քանակներով միզարձակում (հաճախամիզություն)
  • արյուն մեզի մեջ (արյունամիզություն կամ հեմատուրիա)
  • պղտոր կամ սուր հոտով մեզ
  • կոնքային անհարմարավետություն
  • պորտից ներքև որովայնի ճնշման զգացում
  • ցածր աստիճանի ջերմություն:

Մանկահասակ երեխաների մոտ ցերեկային ժամերին պատահական տակը թրջելու նոր դրվագները նույնպես կարող են լինել միզուղիների վարակի (ՄՈւՎ) նշան: Գիշերային անմիզապահությունն ինքնին հավանական չէ, որ տեղի ունենա ՄՈւՎ–ի պատճառով:

Ե՞րբ դիմել բժշկին

Անմիջապես դիմեք բուժօգնության, եթե ունեք երիկամների վարակին (պիելոնեֆրիտի) բնորոշ գանգատներ և ախտանիշներ, որոնցից են՝

  • մեջքի (գոտկատեղի) կամ կողքի ցավեր
  • բարձր ջերմություն և դող
  • սրտխառնոց և փսխում:

Եթե ձեզ մոտ զարգանում է շտապ, հաճախ միզելու ցանկություն կամ միզելիս ցավեր, որոնք տևում են մի քանի ժամ կամ ավելի, կամ եթե ձեր մեզի մեջ նկատում եք արյուն, զանգեք ձեր բժշկին: Եթե երբևէ ախտորոշվել եք ՄՈւՎ, և ձեզ մոտ ի հայտ են գալիս ախտանիշներ, որոնք նման են նախորդ ՄՈւՎ-ին, զանգեք ձեր բժշկին:

Կապ հաստատեք ձեր բժշկի հետ նաև այն դեպքերում, եթե ցիստիտի ախտանիշները վերսկսվում են հակաբիոտիկների բուժումն ավարտելուց հետո: Հնարավոր է, որ ձեզ հարկ լինի փորձել այլ տեսակի դեղամիջոց:

Եթե ձեր երեխան սկսում է ցերեկվա ժամերին տակը թրջելու դրվագներ ունենալ, զանգեք ձեր երեխայի բժշկին:

Այլապես առողջ տղամարդկանց մոտ ցիստիտը հազվադեպ է լինում: Ցանկացած ախտանիշ պետք է ստուգվի բժշկի կողմից:

Հոդվածը հրապարակվել է՝ 20-02-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024