Գրադարան

Զառանցանքներ

Զառանցանքներ

Time Read 4 րոպե

Զառանցանքները կեղծ և իրականությանը չհամապատասխանող դատողություններ և համոզմունքներ են, որոնք մարդն ընկալում է որպես բացարձակ ճշմարտություն։

Զառանցանքներն առաջանում են որոշ հոգեկան հիվանդությունների ժամանակ և կարիք ունեն բուժվելու բժիշկ-հոգեբույժի կողմից։

Ի՞նչ են զառանցանքները

Զառանցանքներն ինչ-որ բանի մասին անփոփոխ համոզմունքներ են, դատողություններ կամ ընկալումներ, որոնք հիմնված չեն իրականության վրա, այլ կերպ ասած՝ կեղծ են։ Անկախ նրանից, որ տվյալ մարդու մտքերը չեն կիսում ոչ նրա ընտանիքի անդամները, ոչ իր ընկերները և աշխատակիցները և ոչ էլ այլոք, միևնույն է, մարդը մնում է իր մտքին, քանի որ համոզված է, որ ինքը բացարձակ ճիշտ է։ Օրինակ, նա կարող է հավատալ, որ ինչ-որ մի այլմոլորակային մտել է իր ընտանիքի անդամներից մեկնումեկի մարմնի մեջ, և իր այդ հարազատի մարմինն այլևս այդ այլմոլորակայինին է «քողարկում»։ Կամ զառանցանք ունեցող մարդը կարող է համոզված լինել, որ օտարերկրյա գործակալներն իրեն հետևում են և ուզում են վնաս տալ, քանի որ ինքը գիտի ինչ-որ մի արտակարգ նշանակության գաղտնիք:

Որևէ փաստ կամ պատճառաբանություն չի կարող փոխել տվյալ մարդու համոզմունքը։ Զառանցանքն այդ մարդուն ամբողջապես թվում է իրական, և ինքն էլ սկսում է լիարժեքորեն ընկալել զառանցանքը որպես իրականություն։

Գուցե զարմանալի հնչի, բայց ոչ բոլորն, ովքեր ունեն զառանցանքներ, հոգեկան հիվանդ մարդիկ են։ Հանրության մեջ կան մարդիկ, ովքեր ունեն խիստ ուժեղ և տարօրինակ գաղափարներ, որոնց անկեղծորեն հավատում են։ Սակայն, երբ այդ մտքերը «փաթեթավորվում են» տարօրինակ հույզերով և գործողություններով կամ սկսում են բացասաբար ազդել մարդու առօրյա կյանքի, աշխատանքի կամ փոխհարաբերությունների վրա, նման վիճակը կարող է լինել մասնագիտական բուժում պահանջող հոգեկան հիվանդության նշաններից մեկը։

Զառանցանքները կարող են վկայել այն մասին, որ մարդն ունի փսիխոզ, շիզոֆրենիա, տրամադրության խանգարման հիվանդություն (օրինակ՝ դեպրեսիա), անձնային խանգարում, դեմենցիա կամ Պարկինսոնի հիվանդություն։

Զառանցանքների տեսակները

Կան զառանցանքների տարբեր տեսակներ։

  • Մեծամոլական (գրանդիոզ) զառանցանք, երբ մարդը համոզված է, որ ինքը խիստ տաղանդավոր, հարուստ կամ ազդեցիկ դեմք է։ Մեծամոլական են համարվում նաև բարձրաշխարհիկ ծագման և սիրային զառանցանքները։
  • Հետապնդման (պարանոիդ) զառանցանք, երբ մարդը համոզված է, որ մյուսները փորձում են իրեն վնասել կամ իրեն հետապնդում են։
  • Մարմնական (սոմատիկ) զառանցանք, երբ մարդը համոզված է, որ իր մարմնի ինչ-որ մասի հետ կապված մի բան սխալ է կամ մարմնի որևէ մաս բացակայում է։ Օրինակ, դիսմորֆոֆոբիան զառանցանք է այն մասին, որ իր մարմինը փոխել է ձևը կամ մարմինն ամբողջությամբ մազակալել է կամ քիթը մեծացել է և այլն։
  • Վերաբերման (ռեֆերենս) զառանցանք, երբ մարդը համոզված է, որ մյուս մարդկանց մտքերը կամ գործողություններն առնչվում են իր հետ կամ հեռուստացույցով կամ ռադիոյով իրեն ուղարկում են հատուկ հաղորդագրություններ, ազդանշաններ կամ սպառնալիքներ։
  • Էքսցենտրիկ զառանցանքներ, երբ մարդը հավատում է մի բանին, որը ֆիզիկապես անհնար է։
  • Խանդի զառանցանք (զառանցական խանդ), երբ մարդը համոզված է, որ իր զուգընկերը հավատարիմ չէ իրեն, նույնիսկ եթե նման բանն անհնար է։ Իր զուգընկերոջ ամուսնական անհավատարմության զառանցանքը ստիպում է այդ մարդուն, որ անընդհատ ստուգի զուգընկերոջ պայուսակը, հեռախոսազանգերը, սկսի ամենուրեք հետևել նրան և այլն։
  • Մնացորդային զառանցանք (միսիդենտիֆիկացիոն համախտանիշ), երբ մարդը համոզված է, որ իր իմացած մարդկանցից մեկումեկին (օրինակ՝ մորը) փոխել են ինչ-որ ինքնակոչ անձով, ով լիարժեքորեն նման է այդ փոխված մարդուն (օրինակ՝ մորը)։
  • Ֆիզկական ազդեցության զառանցանք, երբ մարդը համոզված է, որ իր վրա ներգործում են էլեկտրական հոսանքներով, մագնիսական դաշտով և այդ ներգործությունը իրականացվում է հատուկ սարքերի և գործիքների միջոցով։
  • Հայցամոլական զառանցանք, երբ մարդը համոզված է, որ մարդիկ անընդհատ փորձում են ոտնահարել իր իրավունքները
  • Հիպոխոնդրիկ զառանցանք, երբ մարդը համոզված է, որ տառապում է անբուժելի կամ ծանր հիվանդությամբ, նույնիսկ եթե այդ փաստը ժխտվում է տարբեր ախտորոշիչ հետազոտություններով։
  • Ինքնամեղադրման զառանցանք, երբ մարդը համոզված է, որ ինքը դժբախտացրել է լրիվ անմեղ մարդկանց կամ իր հարազատներին։ Այս զառանցանքը ծագում է տրամադրության դեպրեսիվ ֆոնի վրա և կարող է բերել ինքնասպանության փորձի։
  • Ինդուկցված զառանցանք, որը դրսևորվում է երկար ժամանակ հոգեկան հիվանդների հետ շփում ունեցած առողջ, սակայն ներշնչվող, ցածր ինտելեկտով և քննադատական դիտողությունների ցածր մակարդակով անձանց մոտ։
  • Զգայական զառանցանք, երբ գիտակցության ոլորտում առաջ եկած շատ պայծառ ու ֆանտաստիկ պատկերների ազդեցության տակ աղճատվում է շրջապատող աշխարհի ընկալումը։

Ինչպե՞ս են զառանցանքները բուժվում

Առաջին քայլը ձեր բժշկի հետ կապ հաստատելն է։ Ձեզ լսելուց հետո բժիշկը ձեզ կուղեգրի հոգեկան առողջության մասնագետի մոտ, որ պարզվի զառանցանքի պատճառը և ախտորոշվի հոգեկան խանգարումը։

Զառանցանքները հիմնականում բուժվում են դեղերով։ Սովորաբար նշանակում են հակափսիխոտիկ դեղեր, հակադեպրեսանտներ և տրամադրությունը կայունացնող դեղեր։ Այլ բուժումներից է կոգնիտիվ-վարքաբանական թերապիան։

Եթե ձեր մտերիմներից մեկնումեկի մոտ կա զառանցանք, հիշեք, որ նա հավատում է իր մտքերին և ընկալում որպես իրականություն, ուստի պետք չէ նրա հետ վիճել կամ փորձել ապացուցել մի բան, որին այդ մարդը բացարձակապես չի հավատում և չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը կամ համոզմունքը։

Հոդվածը տեղադրվել է՝ 05-05-2019 վերանայվել է՝ 08-07-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: