Անցնել գլխավոր բովանդակությանը

Նկարագիր - Դրեսլերի համախտանիշ

Դրեսլերի համախտանիշը սրտապարկի բորբոքման՝ պերիկարդիտի առանձնահատուկ տեսակ է:

Դերսլերի համախտանիշի մյուս անուններից են՝ սրտամկանի հետինֆարկտային համախտանիշ, հետտրավմատիկ պերիկարդիտ և հետպերիկարդիոտոմիկ համախտանիշ:

Սիրտն արտաքինից շրջապատված է երկթաղանթ (արտաքին կամ առպատային՝ շարակցական-ֆիբրոզ և ներքին կամ ընդերային՝ շճային) պաշտպանիչ պարկով, որը կոչվում է սրտապարկ (պերիկարդ): Սրտապարկի առպատային և ընդերային թերթիկների միջև առկա է ճեղքանման խոռոչ, որը պարունակում է քիչ քանակությամբ շճային հեղուկ:

Դրեսլերի համախտանիշի ժամանակ բորբոքվում է այս սրտապարկը։ Սրտապարկի բորբոքումը կոչվում է պերիկարդիտ։ Համընդհանուր կարծիք կա, որ հիվանդությունը զարգանում է սրտի հյուսվածքի կամ սրտապարկի վնասվածքից հետո որպես իմունային համակարգի պատասխան ռեակցիա: Նման վնասվածք կարող է առաջանալ այնպիսի դրվագներից հետո, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը, սրտի վիրահատությունը կամ տրավմատիկ վնասվածքը: Ախտանիշներից են կրծքավանդակի կամ ետկրծոսկրային ցավը, որը կարող է իր բնույթով կամ սաստկությամբ նմանակվել սրտամկանի ինֆարկտին ուղեկցող ցավերին: Բուժումը կարող է մեղմացնել գանգատները և ընկճել գերակտիվացած իմունային համակարգը:

Հոդվածը հրապարակվել է՝ 16-02-2021
Վերջին վերանայում՝ 17-04-2024