Գրադարան

Թմրամիջոցների չարաշահում

Թմրամիջոցների չարաշահում

Time Read 3 րոպե

​Թմրամիջոցների չարաշահումը կարող է մարդկանց կյանքի վրա թողնել այնպիսի վնասակար ազդեցություններ, որոնց մասին նրանք չէին էլ ակնկալում։​

Այն կարող է բացասաբար ազդել առողջության, փոխհարաբերությունների, աշխատանքի և ուսումնառության վրա։ Օգնություն և բուժում որոնելիս կարևոր առաջին քայլն այն է, որ անձն ընդունի, որ ինքն ունի թմրամիջոցների հետ կապված խնդիր։

Թմրամիջոցների նկատմամբ հակումը կարող է բուժվել, սակայն կարևոր է, որ դրանց խնդրին առերեսված մարդը դիմի բժշկական օգնության, այլ ոչ թե փորձի իր խնդիրը լուծել ինքնուրույն և միայնակ։

Թմրամիջոցների չարաշահումը հաճախ կապված է ապօրինի թմրամիջոցների հետ, որոնցից են՝ «սպիդ», «սառույց» (բյուրեղային մեթամֆետամին) կամ հերոին, սակայն կարող են չարաշահվել նաև դեղատոմսով դուրս գրվող կամ ազատ վաճառվող դեղերը, ինչպես նաև ալկոհոլը։

Տարբեր երկրներում տարբեր տարիքի միլիոնավոր մարդիկ օգտագործում են ապօրինի թմրամիջոցներ։ Չարաշահվող թմրամիջոցի տեսակն ընդհանուր առմամբ կախված է անձի սոցիալ-տնտեսական կարգավիճակից, այդ թվում՝ նրա բնակավայրի մշակութային միջավայրից և եկամուտների չափից։

Թմրամիջոցների չարաշահման հետ կապված ռիսկերը ներառում են՝ ֆիզիկական և հոգեկան առողջության խնդիրներ, ներանձնային փոխհարաբերություններում տարբեր հարցերի ծագում, աշխատանքային և ֆինանսական խնդիրներ, ինչպես նաև թմրամիջոցների նկատմամբ հակում։

Ապօրինի թմրամիջոցները և օրենքը

Ապօրինի թմրամիջոցներ օգտագործող մարդիկ կարող են առնչվել նաև իրավական խնդիրների հետ։ Օրենքով արգելվում է ապօրինի թմրամիջոցների հետ կապված ցանկացած գործողություն մինչև այն կօգտագործվի, օրինակ՝ ձեռք բերելը, տեղափոխելը, փոխանակելը, պահելը և այլն։ Հայաստանում այդ գործողությունների մեծ մասի համար նախատեսված է քրեական պատիժ և միայն մանր չափերով ապօրինի թմրամիջոց պահելու կամ օգտագործելու համար՝ տուգանք։

Թմրամիջոցների նկամամբ հակում

Թմրամիջոցների կանոնավոր կամ շարունակական օգտագործումը կարող է բերել այդ նյութերի նկատմամբ հակման կամ կախվածության։ Հակումը թմրամիջոց օգտագործելու ֆիզիկական կամ ֆիզիոլոգիական պահանջն է, որը հաճախ զարգանում է կանոնավոր շարունակական օգտագործման պատճառով։ Թմրամիջոցների նկատմամբ հակման զարգացման հավանականությունը կախված է անհատի և թմրամիջոցի տեսակի հետ կապված գործոններից։

Թմրամիջոցների նկատմամբ հակման նշաններից են՝

  • թմրամիջոց չօգտագործելիս անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ) կամ դրա նույն ազդեցությունը ստանալու համար ավելի շատ թմրամիջոցի պահանջ (տոլերանտություն)
  • թմրամիջոցից հրաժարվելու անկարողություն
  • թմրամիջոց չօգտագործող մարդկանցից խուսափում և ընկերներից ու ընտանիքից օտարացում
  • փոխհարաբերությունների հետ կապված խնդիրներ ինչպես դպրոցում, այնպես էլ աշխատավայրում
  • թմրամիջոցների օգտագործում, որ հաղթահարի հուզական, սոցիալական կամ ֆիզիկական խնդիրները
  • թմրամիջոցների օգտագործման պատճառով վտանգավոր վարքագծերի դրսևորում, օրինակ՝ ավտոմեքենայի վարում դրանց ազդեցության ներքո
  • օգտագործած թմրամիջոցների քանակի վերաբերյալ սուտ «խոստովանություն»
  • ֆինանսական խնդիրներ՝ կապված թմրամիջոցներ գնելու հետ
  • իր ունեցած ապրանքների կամ ուրիշներից գողացածի վաճառք, որ կարողանա վճարել թմրամիջոցների համար
  • զրկանքի ախտանիշներ
  • թմրամիջոցներից կախվածություն
  • ընդհանուր անհանգստության ու տագնապի, զայրույթի ու ագրեսիվության կամ ընկճվածության զգացումներ
  • նիհարում և հյուծում։

Իմացե՛ք ավելին թմրամիջոցներից հակման և կախվածության մասին:

Որտեղի՞ց ակնկալել օգնություն

Առաջին քայլն ընդունելն է, որ կա թմրամիջոցների հետ կապված խնդիր։ Եթե ունեք նման խնդիր, կարող եք փորձել այդ մասին զրուցել ձեզ հարազատ մարդու հետ այն մասին, թե ինչ քայլեր ձեռնարկել։

Թմրամիջոցների օգտագործման հետ խնդիրների համար դուք պետք է դիմեք նարկոլոգիական ծառայություն մատուցող բուժհիմնարկ։ Հիշեք, որ ինչպես ցանկացած հիվանդության, այդպես էլ թմրամիջոցներից կախվածության հետ կապված ցանկացած տեղեկատվություն համարվում է բժշկական գաղտնիք։

Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2019 վերանայվել է՝ 26-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով