Skip to main content

Տասներկումատնյա աղու (դուոդենալ) խոց -

Տասներկումատնյա աղու կամ դուոդենալ խոցը ստամոքսի շրջանում տեղակայված ցավերի տարածված պատճառներից մեկն է:

Բուժվելու դեպքում մի քանի շաբաթվա ընթացքում տասներկումատնյա աղու խոց ունեցող մարդկանց ինքնազգացողությունը կարող է զգալիորեն բարելավվել:

Ի՞նչ է տասներկումատնյա աղու խոցը

Տասներկումատնյա աղու խոցը, ինչպես հուշում է անվանումը, բարակ աղու այս հատվածի՝ տասներկումատնյա աղու (դուոդենում) լորձաթաղանթի ամբողջականության խախտումն է՝ չլավացող ներքին վերքը: Տասներկումատնյա աղին հանդիսանում է մարսողական համակարգի անփոխարինելի մասը: Այն սկսվում է ձեր ստամոքսից անմիջապես հետո, ուստի այն ստամոքսից սնունդն ընդունող բարակ աղու առաջին բաժինն է:

Խոց կարող է առաջանալ ինչպես ձեր տասներկումատնյա աղիքի, այնպես էլ ստամոքսի լորձաթաղանթի վրա: Ինչպես ստամոքսի, այնպես էլ տասներկումատնյա աղու խոցերը համարվում են պեպտիկ խոցեր: Եթե ձեզ մոտ ախտորոշել են այս երկու տեսակի խոցերից մեկնումեկը, ապա բժիշկներն ասում են, որ առկա է պեպտիկ խոց կամ խոցային հիվանդություն:

Իմացե՛ք ավելին պեպտիկ խոցերի մասին:

Տասներկումատնյա աղու խոցի պատճառները

Ձեր ստամոքսն արտադրում է ուժեղ թթու (աղաթթու), որը ոչնչացնում է մանրէները և օգնում սննդի մարսողությանը: Այս թթվից «ինքնապաշտպանվելու» համար ստամոքսի և տասներկումատնյա աղու բջիջները արտադրում և ստեղծում են պաշտպանիչ լորձային շերտ, որի վնասումը կարող է դառնալ խոցի առաջացման պատճառ:

Լորձային պաշտպանիչ շերտի վնասման հիմնական պատճառը բակտերիալ վարակն է՝ հելիկոբակտեր պիլորին (H. pylori): Այս բակտերիան կարող է ախտահարել և վնասել տասներկումատնյա աղու լորձաթաղանթը, որն էլ իր հերթին բորբոքվում է՝ առաջացնելով խոց:

Որոշ դեղեր նույնպես կարող են առաջացնել տասներկումատնյա աղու խոց, այդ թվում՝ հակաբորբոքային հայտնի դեղերից Իբուպրոֆենը (Մոտրին IB, Ադվիլ և այլն) և Ասպիրինը: Ավելի հազվադեպ, խոցի առաջացման պատճառ կարող են դառնալ այլ դեղեր ևս կամ հիվանդություններ:

Որոշ հետազոտությունների արդյունքներ վկայում են, որ տասներկումատնյա աղու խոցի առաջացման հավանականությունը բարձրանում է, եթե դուք ծխում եք, չարաշահում ալկոհոլ կամ մշտական սթրեսի մեջ եք, սակայն, բոլոր դեպքերում այս բոլոր գործոնները խոցի առաջացման գործում ավելի փոքր նշանակություն ունեն, քան H. pylori վարակը:

Իմացե՛ք ավելին հելիկոբակտերի պիլորի վարակի մասին:

Տասներկումատնյա աղու խոցի ախտանիշները

Տասներկումատնյա աղու խոց ունենալիս կարող եք նշել հետևյալ գանգատները՝

  • ստամոքսի կամ որովայնի շրջանում ցավեր, որոնք կարող են սկսվել քաղցած վիճակում և ինքնուրույն անցնել ոչ գրգռիչ սնունդ ընդունելուց հետո
  • մարսողական խանգարումներ, օրինակ՝ այրոցք, սրտխառնոց կամ փսխում
  • սնունդ ընդունելուց հետո խիստ արտահայտված ստամոքսի «լցվածության» կամ փքվածության զգացումներ
  • վատ ինքնազգացողություն
  • մարմնի քաշի կորուստ:

Հազվադեպ, խոցը կարող է առաջացնել լուրջ բարդություններ:

Եթե ստամոքսի շրջանում զգում եք հանկարծակի ուժեղ կտրող կամ դաշույնի հարվածի նմանվող ցավեր, որոնք ինքնուրույն չեն մեղմանում կամ ձեր փսխման զանգվածը կամ կղանքը արյունային, սուրճի նվստածք հիշեցնող կամ սևացած է, առանց հետաձգելու այցելեք մոտակա անհետաձգելի բուժօգնության բաժանմունք կամ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:

Տասներկումատնյա աղու խոցի ախտորոշումը

Տասներկումատնյա աղու խոցն ախտորոշելիս բժիշկը կարող է զրուցել ձեզ հետ, զննել ձեզ և, ամենայն հավանականությամբ, առաջարկել որոշ հետազոտություններ, որոնցից են՝

  • գաստրոսկոպիա, երբ մասնագետը բարակ ճկուն և ազատ ծայրին տեսախցիկ ունեցող խողովակը զգուշորեն ներմուծում է ձեր ստամոքս, որտեղից էլ՝ 12-մատնյա աղիք
  • արյան, կղանքի կամ շնչառական հետազոտություն, որի նպատակը ձեր օրգանիզմում H. pylori հայտնաբերելն է:

Գաստրոսկոպիայի ընթացքում բժիշկը կարող է նաև ձեր մարսողական խողովակից վերցնել փոքր լորձաթաղանթային նմուշ (բիոպսիա): Վերջինս կարող է օգտագործվել H. pylori թեստի համար:

Տասներկումատնյա աղու խոցի բուժումը

Եթե խոցը պատճառվել է H pylori բակտերիայով, ձեզ կնշանակվի «եռակի» բուժում՝ կազմված այդ բակտերիան ոչնչացնող երկու հակաբիոտիկից և ստամոքսի թթվի արտադրությունը նվազեցնող երրորդ դեղից:

Եթե ձեզ մոտ H. pylori վարակ չի հայտնաբերվում և դուք որոշ ժամանակ օգտագործել եք հակաբորբոքային դեղեր (ՈՍՀԲԴ կամ ստերոիդներ), բժշկի հետ խորհրդակցելուց հետո հավանաբար պետք է դադարեցնեք այդ հաբերի ընդունումը և սկսեք խմել դեղեր, որոնք կրճատում են ստամոքսի կողմից թթվի արտադրությունը:

Ալկոհոլի օգտագործման սահմանափակումը և ծխախոտից հրաժարվելը (եթե ծխող եք) նույնպես կարող են օգտակար լինել: Թթուն չեզոքացնող անտացիդները կարող են օգտակար լինել ստամոքսի ցավի արագ մեղմացման, սակայն ոչ՝ խոցի բուժման համար:

Հոդվածը հրապարակվել է՝ 30-03-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024