Անցնել գլխավոր բովանդակությանը

Ականջի ցավ - Ախտանիշներ

Ականջացավը հաճախ հանդիպող գանգատ է, հատկապես՝ երեխաների շրջանում։

Այն սովորաբար կապված է ականջի վարակների հետ, սակայն նաև կարող է ունենալ այլ պատճառներ, այդ թվում՝

  • ալերգիա կամ գրգռվածություն
  • մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումներ, օրինակ, երբ ինքնաթիռով վերելք կամ վայրէջք եք կատարում
  • օտար մարմին ականջում
  • գլխի վնասվածքներ, այդ թվում՝ ականջի շրջանում
  • ծծմբային խցան (ականջի ծծմբի կամ գեջի կուտակում)
  • խիստ ուժեղ աղմուկ կամ ականջը «ծակող» ձայն
  • կոկորդի վարակների ժամանակ դեպի ականջ տեղափոխված ցավ
  • ստորին ծնոտի հետ կապված խնդիրներ
  • ատամի խնդիրներ, օրինակ՝ աբսցես (թարախակույտ)։

Այցելեք ձեր բժշկին, եթե ձեր ականջացավը չի հանդարտվում, գնալով սաստկանում է, ուղեկցվում է ինքնազգացողության վատացմամբ կամ ջերմությամբ։

Ականջացավի բուժումը

Որոշ ականջացավեր առանց բուժման, ինքնուրույն անհետանում են։ Այլ դեպքերում սովորական ցավամոքիչ դեղերը, օրինակ՝ Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կարող են օգնել։

Այցելեք ձեր բժշկին, եթե՝

  • ցավերը կայուն կերպով շարունակվում են կամ աստիճանաբար ուժեղանում են
  • ունեք ջերմություն և ձեզ լավ չեք զգում
  • ձեր ականջներից արտադրություն կա
  • ականջացավ կասկածում եք մինչև 2 տարեկան երեխայի մոտ
  • դուք անհանգստացած եք և համոզված չեք, թե ինչ կարելի է անել։

Անհրաժեշտության դեպքում, բժիշկը կարող է ձեզ նշանակել դեղորայք, օրինակ՝ հակաբիոտիկներ պարունակող ականջի կաթիլներ կամ այլ միջոցներ։

Երբեք մի՛ փորձեք ինքնուրույն ձեր ականջից ինչ-որ բան հեռացնել։ Դեղատներում վաճառվող ականջի կաթիլները կամ ձիթապտղի ձեթը չի կարելի օգտագործել, եթե առկա է թմբկաթաղանթի պատռվածք։ Դրանք չեն կարող օգտակար լինել նաև ականջի վարակների ժամանակ։

Ցավերը կարելի է հանգստացնել հետևյալ մեթոդներով՝

  • ականջին տաքացրած սրբիչ կամ ջեռակ դնելով
  • ականջը ծածկելով, եթե ցուրտ եղանակ է կամ եթե քամուց ձեր գանգատները սաստկանում են։

Եթե ունեք ականջից արտադրություն, կարող եք բամբակե փայտիկով զգուշությամբ մաքրել ականջի արտաքին բացվածքը։ Եթե արտադրությունը երկու ականջներից է, յուրաքանչյուր ականջի համար օգտագործեք նոր՝ չօգտագործված բամբակե փայտիկ կամ խծուծ։

Հոդվածը հրապարակվել է՝ 06-05-2019
Վերջին վերանայում՝ 07-04-2024