Գրադարան

Էնցեֆալոպաթիա

Էնցեֆալոպաթիա

Time Read 3 րոպե

Էնցեֆալոպաթիան գլխուղեղի գործունեության որևէ խանգարումն է, որն ուղեկցվում է գիտակցության ​տարաբնույթ խանգարմամբ և հիշողության կորստով:

Էնցեֆալոպաթիան առանձին հիվանդություն չէ, այլ գլխուղեղի գործունեության խանգարմամբ ուղեկցվող ախտաբանական վիճակ, որը կարող է զարգանալ տարբեր պատճառներից:

Էնցեֆալոպաթիայի տեսակները

Առաջացման պատճառից կախված, տարբերում են էնցեֆալոպաթիայի տարբեր տեսակներ, որոցից մի քանիսը ներկայացված են ստորև:

  • Լյարդային էնցեֆալոպաթիա. այս վիճակն առաջանում է լյարդի ծանր ախտահարման ժամանակ, երբ խանգարվում է վերջինիս կողմից արյան մեջ կուտակվող թույների հեռացումը, որոնք նորմալ վիճակում պետք է վնասազերծվեին այս գեղձի կողմից: Լյարդային էնցեֆալոպաթիան կարող է պատճառվել լյարդի քրոնիկ հիվանդություններով՝ վարակ (օրինակ՝ վիրուսային հեպատիտներ), ապօրինի թմրամիջոցների կամ դեղերի գերդոզավորում, ստամոքսաղիքային արյունահոսություններ և այլն: Լյարդային ծանր էնցեֆալոպաթիան նույն լյարդային կոման է:
  • Քրոնիկ վնասվածքային էնցեֆալոպաթիա. այս վիճակը հավանաբար պատճառվում է գլխին հաճախակի հարվածներ ստանալով և կրկնվող ուղեղի ցնցումներով: Այն երբեմն զարգանում է բռնցքամարտիկներ կամ ամերիկյան ֆուտբոլի և ռեգբիի մարզիկների մոտ:
  • Հիպօքսիկ-իշեմիկ էնցեֆալոպաթիա. ինչպես հուշում է անվանումը, էնցեֆալոպաթիայի այս տեսակի պատճառն գլխուղեղի ծանր թթվածնաքաղցն է՝ պայմանավորված առատ արյունահոսությամբ, գրեթե ջրախեղդ կամ շնչահեղձ լինելով:
  • Հաշիմոտոյի էնցեֆալոպաթիա. ըստ այսօր ընդունված տեսության, էնցեֆալոպաթիայի այս տեսակը զարգանում է, երբ մարդու իմունային համակարգը վնասում է գլխուղեղի բջիջները:

Լյարդային էնցեֆալոպաթիան կարող է զարգանալ նաև որպես հետևյալ հիվանդությունների և վիճակների բարդություն՝

  • բակտերիալ և վիրուսային վարակներ
  • նյութափոխանակության հետ կապված խնդիրներ
  • գլխուղեղի ուռուցքներ
  • թունավոր նյութերի ազդեցություն, օրինակ՝ ներկանյութեր, լուծիչներ կամ ճառագայթում:

Որոշ մարդկանց մոտ կարող է զարգանալ սուր էնցեֆալոպաթիա, որն ունի սուր սկիզբ և հաճախ՝ լրիվ ապաքինում: Մյուսների մոտ լյարդի գործունեության խանգարումը ստանում է դանդաղ զարգացում և ձգձգված ընթացք: Էնցեֆալոպաթիայի որոշ տեսակներ կարող են առաջացնել գլխուղեղի մնայուն ախտահարումներ, մյուսների մոտ՝ անցողիկ: Էնցեֆալոպաթիայի ծանր դեպքերը կարող են ունենալ մահացու ելք:

Էնցեֆալոպաթիայի ախտանիշները

Տարբեր մարդկանց մոտ էնցեֆալոպաթիան կարող է ունենալ տարբեր դրսևորումներ:

Էնցեֆալոպաթիայի հիմնական ախտանիշը մարդու հոգեկան վիճակի փոփոխությունն է, որն ուղեկցվում է հետևյալ խնդիրների հետ՝

  • հիշողության կորուստ
  • հստակ մտածելու կամ ուշադրությունը կենտրոնացնելու ունակության կորուստ
  • անձնային փոփոխություններ, օրինակ՝ գերգրգռվածություն, ագրեսիվություն, ջղային վարք կամ ինքնասպանության մտքեր:

Որոշ մարդկանց մոտ կարող են նաև զարգանալ՝

  • ինքնաբուխ մկանային ցնցումներ
  • խոսքի դժվարացում
  • աչքերի անսովոր շարժումներ
  • դող (տրեմոր)
  • մկանային թուլություն
  • դեմենցիա
  • ցնցումներ
  • կլման դժվարացում:

Էնցեֆալոպաթիայի ախտորոշումը

Եթե ձեր բժիշկը կարծում է, որ ձեզ մոտ կարող է լինել էնցեֆալոպաթիա, փորձում է գտնել այս վիճակի հավանական պատճառը՝ վարակ, դեղեր, ապօրինի թմրամիջոցներ և այլն:

Ձեզ հետ խոսելուց և ձեզ զննելուց հետո էնցեֆալոպաթիայի պատճառը և տեսակը պարզելու համար բժիշկը կարող է նշանակել հետևյալ հետազոտությունները՝

  • արյան թեստեր
  • գոտկային պունկցիա և ողնուղեղային հեղուկի հետազոտություն
  • գլխուղեղի պատկերային հետազոտություններ, օրինակ՝ համակարգչային շերտագիր (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)
  • էլեկտրաուղեղագիր (էլեկտրոէնցեֆալոգրամա, ԷԷԳ)
  • ձեր հոգեկան վիճակի և ունակությունների գնահատման թեստեր:

Էնցեֆալոպաթիայի բուժումը

Սուր էնցեֆալոպաթիայով մարդկանց բուժումը կազմակերպվում է հիվանդանոցային պայմաններում, սովորաբար՝ վերակենդանացման բաժանմունքում: Բուժումն ուղղված է ախտանիշների բարելավմանը և կարող է ներառել հետևյալը՝

  • դեղեր, օրինակ, լյարդային էնցեֆալոպաթիայով մարդկանց մոտ ցնցումները բուժելու կամ արյան մեջ ամոնիակի քանակը նվազեցնելու համար
  • սննդակարգի փոփոխություններ կամ սննդանյութերի հավելումների օգտագործում:

Որոշ ծանր դեպքերում, երբ լյարդային էնցեֆալոպաթիայի հետ միասին զարգացել է երիկամային անբավարարություն, կարող է առաջարկվել դիալիզ կամ օրգանի փոխպատվաստման վիրահատություն:

Լյարդային էնցեֆալոպաթիան հաճախ բուժման շնորհիվ դառնում է դարձելի վիճակ: Սակայն, հավանական է, որ քրոնիկ լյարդային հիվանդություններով մարդիկ ապագայում ևս ունենան կրկնակի էնցեֆալոպաթիաներ:

Ե՞րբ դիմել օգնության

Եթե նշում եք այնպիսի խնդիրներ, որոնք նմանվում են էնցեֆալոպաթիայի ախտանիշներին, առանց հետաձգելու կապ հաստատեք ձեր բժշկի հետ կամ այցելեք մոտակա հիվանդանոց կամ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:

Ձեր զգուշությունն ավելի մեծ նշանակություն է ստանում այն ժամանակ, երբ ունեք լյարդային որևէ խնդիր:

Հոդվածը տեղադրվել է՝ 15-05-2019 վերանայվել է՝ 08-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: