Skip to main content

Ֆետալ ալկոհոլային սպեկտրի խանգարում -

Հղիության ընթացքում ալկոհոլ խմելը կարող է լուրջ վնաս հասցնել ձեր չծնված երեխային և պատճառել տարբեր բնույթի բացասական ազդեցություններ և բնածին արատներ:

Այս հետևանքները խմբավորված էն ֆետալ ալկոհոլային սպեկտրի խանգարում (ՖԱՍԽ) կամ որոշ բժիշկների կողմից ավելի ընդունված ֆատալ ալկոհոլային համախտանիշ անվան ներքո:

Ի՞նչ է ֆետալ ալկոհոլային սպեկտրի խանգարումը

ՖԱՍԽ տերմին է, որն օգտագործում են բնութագրելու հղիության ընթացքում ալկոհոլ օգտագործող մորից ծնված երեխայի մոտ առաջացող ֆիզիկական և (կամ) նյարդային զարգացման շեղումները:

ՖԱՍԽ-ով մարդիկ կարող են ունենալ ողջ կյանքի ընթացքում շարունակվող խնդիրներ, օրինակ՝ ուսանելու դժվարություններ, հոգեկան շեղումներ, ինչպես նաև թմրամիջոցների և ալկոհոլի օգտագործման հետ կապված խնդիրներ:

Ինչպե՞ս է ալկոհոլն ազդում չծնված երեխայի վրա

Ալկոհոլն օրգանիզմի վրա թողնում է տարաբնույթ ազդեցություններ: Երբ դուք հղի եք և ալկոհոլ եք խմում, ալկոհոլը ձեր արյունից ընկերքով անցում է չծնված երեխային և կարող է լրջորեն վնասել նրա նարմալ զարգացումը: Հղի մոր ալկոհոլ օգտագործելուց առանձնապես տուժում է պտղի գլխուղեղի նորմալ զարգացումը:

Հղիության առաջին եռամսյակը (տրիմեստր) այն ժամանակն է, երբ պտղի օրգանները սկսում են շատ արագորեն զարգանել: Նրա գլխուղեղը շարունակաբար զարգանում է հղիության ամբողջ ընթացքում, և ցանկացած ժամանակ ալկոհոլի օգտագործումը կարող է վնաս հասցնել դրա տարբեր բաժիններին: Ընդ որում, չկա օգտագործված ալկոհոլի սահմանված այն նվազագույն չափը, որը կարող է համարվել լրիվ անվնաս կամ ռիսկ չպարունակող: Հղիության ընթացքում չկա նաև ալկոհոլ օգտագործելու անվտանգ ժամանակաշրջան: Հղիությունն այն շրջանն է, երբ ալկոհոլի օգտագործումը չի կարող անվնաս լինել:

Այնուամենայնիվ, ալկոհոլի պատճառած վնասի չափը որոշակիորեն կապված է օգտագործված քանակներից: Որքան շատ ալկոհոլ խմեք, այդքան ավելի հավանական կդառնա, որ ձեր երեխայի մոտ կարող են շեղումներ զարգանալ: Հղիության ընթացքում որքան մեծ քանակով և որքան հաճախ ալկոհոլ օգտագործեք, այդքան ավելի կմեծանա ՖԱՍԽ-ի ռիսկը:

Եթե դուք նախատեսում եք հղիանալ կամ գիտեք, որ հղի եք, ողջ հղիության ընթացքում ալկոհոլից հրաժարվելը ՖԱՍԽ կանխարգելելու լավագույն ճանապարհն է:

Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ ալկոհոլը վնաս է պատճառել երեխայիս

ՖԱՍԽ-ը հայտնի է որպես թաքնված վնաս, քանի որ այն գլուղեղի վնասմամբ պայմանավորված ֆիզիկական հիվանդություն է, որը հաճախ մնում է չհայտնաբերված: Որոշ դեպքերում ալկոհոլի առաջացրած վնասը կարող է դրսևորվել այլ հիվանդությունների զարգացմամբ, և հղիության ժամանակ ալկոհոլ օգտագործման դրվագներն անուշադրության մատնվեն:

Ձեր երեխայի ծնվելուց հետ ՖԱՍԽ-ը կարող է լինել ոչ ցայտուն տեսանելի, և միայն մեծանալուց հետո նրա մոտ հայտնաբերեք վարքային և ուսման դժվարություններ։ Եթե հղիության ընթացքում ալկոհոլ եք օգտագործել և արդեն դպրոցական տարիքի հասած ձեր երեխան ունի խնդրահարույց վարք, պատճառը կարող է լինել հենց ՖԱՍԽ-ը:

Բժիշկներն օգտվում են հատուկ ուղեցույցներից, որ ախտորոշեն այս խանգարումը: ՖԱՍԽ-ի վաղ հայտնաբերումը նպաստում է, որ ավելի հաջող կերպով հնարավոր լինի կառավարել զարգացող խանգարումներն ու հիվանդությունները:

Ինչպե՞ս կարող են ծնողները նպաստել իրենց երեխայի զարգացմանը

Եթե երեխայի մոտ ախտորոշվել է ՖԱՍԽ, կան մի շարք մոտեցումներ և միջոցառումներ, որոնց օգնությամբ դուք կարող եք օժանդակել նրա զարգացմանը: Իրկանում, ՖԱՍԽ-ի դեմ որևէ առաձնահատուկ բուժում չկա, բայց դուք կարող եք օգնել երեխայի մոտ առկա ախտանիշների առավել արդյունավետ կառավարմանը բժշկական օգնության և սոցիալական օժանդակության տարբեր միջոցառումների միջոցով։ Խոսեք այդ մասին ձեր բժշկի կամ երեխայի մանկաբույժի հետ, որ ընտրեք ձեր երեխայի վիճակին ու առողջական կարիքներին լավագույնս համապատասխանող տարբերակը:

Հղիության ընթացքում ալկոհոլից խուսափելու հմտություններ

Սոցիալական տարբեր իրավիճակներում ալկոհոլից հրաժարվելը կարող է բավականին դժվար գործ լինել, հատկապես հղիության վաղ շրջանում, երբ ձեր ընկերները, բարեկամները կամ աշխատանքային գործընկերները տեղյակ չեն ձեր հղի լինելու մասին: Դուք կարող եք նաև ճնշված զգալ, որ չեք կարող ձեզ պահել այնպես, ինչպես նախկինում կամ այնպես, ինչպես մյուսները, օրինակ՝ ստիպված եք լինելու հրաժարվել ալկոհոլի նույնիսկ փոքր քանակ օգտագործելուց:

Հղիությունը կյանքի բնական փուլ է և պետք չէ, որ այն թուլացնի ձեր սոցիական ակտիվությունն ու կապերը: Սակայն, եթե մի միջավայրում եք, որտեղ նույնիսկ ամենասպասված առիթով ալկոհոլ են օգտագործում, կարող եք որպես այլընտրանք ընտրել ոչ ալկոհոլային ըմպելիքը: Սեղանի մասնակիցների զարմանքին կամ հարցերին տուրք չտալուն կարող են օգնել այսօրինակ բացատրությունը՝

  • «ոչ, շնորհակալություն, ես այսօր չեմ ցանկանում ալկոհոլ խմել»
  • «ոչ, շնորհակալություն, ես մեքենայով եմ»
  • «այսօր ես կարևոր հանդիպում (գործեր, համակարգչային աշխատանք, քննարկում) ունեմ, այնպես որ՝ ոչ, շնորհակալություն»
  • «ես կարծես ինձ լավ չեմ զգում, այնպես որ թույլ տվեք հրաժարվել, կներեք»:

Եթե ձեր ընտանիքում ընդունված է երեկոյան ժամերին ալկոհոլ օգտագործել, օրինակ՝ «թուլանալու» համար, մտածեք դրան փոխարինող առողջ այլընտրանքներ, օրինակ՝ ցնցուղ ընդունել, այգում զբոսնել կամ գիրք ընթերցել:

Հոդվածը հրապարակվել է՝ 23-04-2020
Վերջին վերանայում՝ 08-05-2023