Skip to main content

Նկարագիր - Արգանդի միոմա

Միոման արգանդի մկանային հյուսվածքից զարգացող ոչ քաղցկեղային ուռուցք է, որը հաճախ ի հայտ է գալիս կնոջ վերարտադրողական տարիքում։

Այն նաև հայտնի է որպես լեյոմիոմաներ կամ ֆիբրոիդներ։ Արգանդի միոմաները կապված չեն արգանդի քաղցկեղի ռիսկի բարձրացման հետ և գրեթե երբեք չեն փոխակերպվում քաղցկեղի:

Արգանդի միոմաների չափերը խիստ տարբերվում են. մի դեպքում կարող են լինել անզեն աչքով հազիվ տեսանելի, մյուս դեպքում՝ հասնել խնձորից մինչև սեխի մեծության՝ ձևախախտելով ու մեծացնելով արգանդը, իսկ խիստ մեծ լինելիս՝ հասնել մինչև կողաղեղ։ Միոման կարող է զարգանալ որպես միայն մեկ ուռուցք կամ որպես բազմաթիվ ֆիբրոիդ ուռուցքներ: Դրանք կարող են ներաճել արգանդի խոռոչ, ինչպես նաև արտաճել արգանդի պատից դուրս։

Բազմաթիվ կանայք կյանքի որոշակի փուլում ունենում են արգանդի միոմաներ, որոնց մասին կարող են տեղյակ չլինել, քանի որ հաճախ որևէ գանգատ կամ ախտանիշ չեն առաջացնում։ Բժիշկը կարող է միոման հայտնաբերել պատահականորեն՝ գինեկոլոգիական զննման կամ նախածննդյան (պրենատալ) սոնոգրաֆիայի ընթացքում:

Հոդվածը հրապարակվել է՝ 25-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024