Գրադարան

Օրգանիզմում հեղուկի պահպանում (այտուց)

Օրգանիզմում հեղուկի պահպանում (այտուց)

Time Read 2 րոպե

Հեղուկներիի պահպանումը դրսևորվում է մարմնի մեկ կամ մի քանի շրջաններում կենսահեղուկների կուտակմամբ և այտուցի առաջացմամբ:

Եթե ձեզ մոտ զարգացել են հեղուկի պահպանման ախտանիշներ, դիմեք ձեր բժշկին, որ պարզվի նման վիճակի բուն պատճառը: Կան այս խնդրի մեղմացմանն ուղղված ինքնօգնության մեթոդներ:

Ի՞նչ է հեղուկի պահպանումը

Մարմնում հեղուկի պահպանումը կոչվում է նաև այտուց (oedema կամ edema): Այն ի հայտ է գալիս, երբ մարմնի որևէ շրջանում զարգանում է արյան և ավշային շրջանառությունից դուրս եկած հեղուկի կուտակում հարակից փուխր հյուսվածքներում:

Օրգանիզմում հեղուկի պահպանումը և այտուցը կարող են դրսևորվել հետևյալ նշաններով՝

  • մաշկի տակ այտուցվածություն կամ փքում
  • այտուցված շրջանին մի քանի վայրկյան սեղմելիս մաշկն ուշացմամբ է վերադառնում է իր նախկին վիճակին («թորշոմած» այտուց)
  • մաշկը լարված է և փայլուն, և հարթվել են առկա կնճիռները կամ ծալքերը
  • մաշկի գունափոխում
  • վերջույթներում կամ հոդերում տեղակայված նքացող ցավեր
  • մարմնի քաշի ավելացում
  • որովայնի չափսի տեսանելի մեծացում, եթե հեղուկը կուտակվել է որովայնում (ասցիտ):

Եթե ձեզ մոտ ի հայտ են եկել այս նշաններից մեկնումեկը, ապա առանց հետաձգելու դիմեք ձեր բժշկին:

Անհապաղ դիմեք ձեր բժշկին նաև այն դեպքերում, եթե շնչարգելություն, հևոց և (կամ) կրծոսկրի կամ սրտի շրջանի ցավեր: Այս նշանները կարող են վկայել թոքի այտուցի առկայության մասին (թոքերում հեղուկի պահպանում և կուտակում), որը պահանջում է անհետաձգելի բուժօգնություն:

Օրգանիզմում հեղուկի պահպանումը և այտուցը սովորաբար հանդես են գալիս որպես մեկ այլ հիվանդության ախտանիշներից մեկը: Սակայն այտուցն ինքնին կարող է առաջացնել ցավ, մաշկի վնասում և քայլելու հետ կապված դժվարություններ:

Հեղուկի պահպանման պատճառները

Որոշ մարդկանց օրգանիզմում հեղուկը կարող է պահպանվել տարբեր հիվանդությունների պատճառով, այդ թվում՝

  • սրտային հիվանդություններ, օրինակ՝ սրտային անբավարարություն կամ կարդիոմիոպաթիա
  • քրոնիկ թոքային հիվանդություններ
  • վահանաձև գեղձի հետ կապված առողջական խնդիրներ, օրինակ՝ հիպոթիրեոզ
  • թերսնուցում
  • երիկամային անբավարարություն
  • լյարդի ցիռոզ:

Հեղուկն օրգանիզմում կարող է պահպանվել նաև որոշ դեղերի ազդեցությամբ, օրինակ՝

  • որոշ հակադեպրեսանտներ
  • սրտի և արյան ճնշման որոշ դեղեր
  • կորտիկոստերոիդներ
  • համակցված հակաբեղմնավորիչ օրալ հաբեր
  • ոչ ստերոիդ հակաբորբորքային դեղեր (ՈՍՀԲԴ)
  • որոշ հորմոնային փոխարինող բուժումներ:

Եթե ձեր ձեռքի կամ ոտքի մի շրջանում հեղուկի կուտակումը տարածվում է դեպի վերև, ձեզ մոտ կարող է լինել՝

  • ավշային համակարգի հետ կապված խնդիրներ, որի պատճառով հեղուկը հյուսվածքների չի դատարկվում և սկսում է կուտակվել
  • երակային խնդիրներ, օրինակ՝ խորանիստ երակների թրոմբոզ
  • ճարպի կուտակում, սովորաբար ոտքերում
  • այրվածք կամ այլ տեսակի վնասվածք:

Հեղուկը կարող է պահպանվել նաև հղիների, ավելորդ քաշ ունեցող կամ սննդանյութերի պակասով մարդկանց մոտ:

Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում այտուցների զարգացման մասին:

Հեղուկի պահպանման և այտուցների բուժումը

Բուժումը կախված է պատճառից, ուստի առաջին քայլը ձեր բժշկին այցելելն է:

Բազմաթիվ մարդիկ կարող են նշել, որ հեղուկի պահպանման հետ կապված խնդիրը մեղմացել է ավելի շատ ֆիզիկապես ակտիվ լինելու, սնունդն առողջացնելու, ինչպես նաև ալկոհոլի և կերակրի աղի օգտագործումը սահմանափակելու շնորհիվ:

Որոշ մարդկանց բժիշկը կարող է նշանակել միզամուղներ, որոնք խթանում են միզարտադրությունը և օգնում օրգանիզմից մեզի միջոցով ավելցուկային հեղուկի հեռացմանը: Այլ դեպքերում բժիշկը կարող է վերանայել իր իսկ կողմից նշանակած բուժումը:

Եթե հեղուկը կուտակվում է ձեր մարմնի միայն մի շրջանում, օրինակ՝ ոտնաթաթերում, ապա դուք կարող եք որոշակիորեն օգնել ինձներդ ձեզ հետևյալ մեթոդներով՝

  • կրեք սեղմող գուլպաներ
  • մերսեք այտուցված վերջույթները՝ դեպի սիրտ ուղղությամբ
  • բարձրացրեք այտուցված վերջույթներն այնպես, որ դրանք լինեն ձեր սրտից ավելի բարձր մակարդակի վրա
  • կատարեք ձեր բժշկի հրահանգները և խորհուրդները:

Զրուցեք ձեր բժշկի հետ օգտագործվող կերակրի աղի քանակների թեմայով, քանի որ աղի ավելցուկն ինքնին կարող է նպաստել օրգանիզմում հեղուկի պահպանմանը:

Իմացե՛ք ավելին սննդակարգում կերակրի աղի սահմանափակման օգուտների մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 06-06-2019 վերանայվել է՝ 26-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: