Գրադարան

Գեստացիոն կամ հղիների դիաբետ

Գեստացիոն կամ հղիների դիաբետ

Time Read 3 րոպե

Գեստացիոն դիաբետը արյան շաքարի (գլյուկոզ) բարձրացնումն է այն հղի կանանց մոտ, ովքեր անցյալում նման ախտանիշ կամ դիաբետ չեն ունեցել:

Երբ հղիների մոտ գեստացիոն դիաբետը (գեստացիան թարգմանվում է որպես հղիություն) ժամանակին ախտորոշվում և բավարար հսկվում է, սովորաբար որևէ հետևանք չի թողնում ոչ ծննդաբերության ընթացքի, ոչ էլ կնոջ կամ երեխայի երկարաժամկետ առողջության վրա: Սակայն, հղիության ժամանակ արյան շաքարի ոչ պատշաճ հսկողությունը կամ դրա մակարդակի մշտական տատանումները կարող են բարդացնել ծննդաբերությունը, ինչպես նաև բացասաբար ազդել ինչպես մոր, այնպես էլ երեխայի առողջության վրա:

Ի՞նչ է գեստացիոն դիաբետը

Գեստացիոն դիաբետը (կամ հղիության դիաբետը) ախտորոշվում է, երբ հղի կնոջ մոտ հայտնաբերվում է արյան գլյուկոզի նորմալ միջակայքը գերազանցող ցուցանիշներ, ինչը կոչվում է հիպերգլիկեմիա: Հղի կանանց 12-14%-ի մոտ հղիության 24-28-րդ շաբաթներում կամ ավելի վաղ կարող է գրանցվել հիպերգլիկեմիա:

Ռիսկի գործոններ

Գեստացիոն դիաբետի ռիսկի գործոններն են՝

  • 25-ից բարձր տարիք
  • ընտանեկան պատմություն (ժառանգականություն), երբ ընտանիքի անդամներից (առաջին կարգի ազգականներից) մեկնումեկի մոտ կա 2-րդ տիպի շաքարային դիաբետ
  • հիվանդության պատմություն (անամնեզ), երբ նախորդ հղիությունների ժամանակ զարգացել է գեստացիոն դիաբետ կամ նախորդ ծննդաբերությամբ լույս աշխարհ է եկել 4 կիլոգրամից ավելի մեծ քաշով երեխա
  • արտահայտված ավելորդ քաշ կամ գիրություն (երբ մարմնի զանգվածի գործակիցը 30 և ավելի բարձր է)
  • անհայտ պաճառներով՝ սևամորթ, լատինոամերիկյան, բնիկ ամերիկյան և ասիական ծագում:

Գեստացիոն դիաբետի բարդությունները

Դեպքերի մեծ մասում ծննդաբերությունից հետո արյան շաքարի մակարդակն ինքնուրույն նորմալանում է: Սակայն, գեստացիոն դիաբետի առկայությունը կարող է բարձրացնել ինչպես մոր, այնպես էլ երեխայի մոտ հետագայում 2-րդ տիպի դիաբետով հիվանդանալու ռիսկը:

Երեխայի վրա ազդող բարդություններ

  • ծնվելիս՝ մարմնի ավելորդ քաշ (խոշոր պտուղ)
  • վաղաժամ ծննդաբերություն և սուր շնչառական դիսթրես համախտանիշ (ՍՇԴՀ)
  • ցածր արյան շաքար (հիպոգլիկեմիա)
  • ավելի բարձր տարիքում՝ գիրության և 2-րդ տիպի դիաբետի բարձրացած ռիսկ:

Ձեզ վրա ազդող բարդություններ

  • բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) և պրեէկլամպսիայի ավելի բարձր ռիսկ
  • ծննդաբերությունից հետո գիրության և 2-րդ տիպի դիաբետի ավելի բարձր ռիսկ:

Գեստացիոն դիաբետի կանխարգելումը

Դուք կարող եք նվազեցնել հղիության ժամանակ գեստացիոն դիաբետի հավանականությունը՝ մինչև հղիանալը անցնելով առողջ սննդակարգի և, ընդհանուր առմամբ, վարելով առողջ ապրելակերպ:

Հոդվածը տեղադրվել է՝ 21-04-2019 վերանայվել է՝ 11-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: