Գրադարան

Ականջի սոսինձ («կպչուն ականջ»)

Ականջի սոսինձ («կպչուն ականջ»)

Time Read 2 րոպե

Ականջի սոսինձն առաջանում է, երբ միջին ականջում առկա հեղուկը դառնում է թանձր և կպչուն՝ նմանվելով սոսնձի:

Ականջի սոսինձը հաճախ առաջանում է ականջի վարակների կրկնման և միջին ականջի բորբոքման (միջին օտիտ) քրոնիկացման պատճառով։ Այն կարող է բացասաբար ազդել լսողության վրա և բերել այլ խնդիրների: Եթե կարծում եք, որ դուք կամ ձեր երեխան ունեք ականջի սոսինձ կամ կպչուն ականջ, այցելեք ձեր բժշկին:

Ի՞նչ է ականջի սոսինձը

Ականջի սոսինձը ականջի հիվանդություն է, որի ժամանակ ձեր միջին ականջում կուտակված բորբոքային հեղուկը խտանում է՝ վերածվելով կպչուն սոսնձանման զանգվածի:

Ականջի սոսինձը երեխաների մոտ տարածված վիճակ է: Այն կարող է շարունակվել շաբաթներ կամ ամիսներ՝ հաճախ վնաս տալով լսողությանը, խոսքի զարգացմանը, ուսուցման ունակություններին և վարքագծերին:

Ի՞նչն է ականջի սոսնձի առաջացման պատճառը

Ականջի սոսինձը կարող է զարգանալ միջին ականջից մինչև քիթըմպան ձգվող բարակ խողովակի՝ եվստախյան փողի խցանման պատճառով: Երբ հեղուկը մնում է այստեղ կամ եվստախյան փողում, խտանում և դառնում է մածուցիկ՝ վերածվելով կպչուն «սոսնձի»: Սա հաճախ հանդիպում է մրսածությունից հետո (վերջին շնչուղիների վիրուսային վարակ, ՍՇՎՎ):

Ականջի սոսինձ կարող է առաջանալ միջին ականջի կրկնվող վարակներից հետո (միջին օտիտ): Եթե երեխաներն ապրում են ծխող հարազատների միջավայրում, նրանց մոտ ականջի սոսնձի առաջացման հավանականությունը բարձրացնում է: Երկար ժամանակ ծծակի օգտագործումը կարող է վատթարացնել վիճակը:

Ականջի սոսնձի ախտանիշները

Հաճախ որևէ ակնհայտ գանգատ կամ նշան չի զարգանում: Ուստի երեխաների ականջների կանոնավոր զննումը կարող է օգտակար լինել՝ հայտնաբերելու դեռևս չբարդացած այս վիճակը:

Ականջում սոսնձի առկայությունը կարող է առաջացնել`

  • լսողության հետ կապված խնդիրներ (օրինակ՝ ստիպված է հեռուստացույցի ձայնը բարձրացնել)
  • հավասարակշռության խախտում
  • քնի խանգարումներ
  • ականջներում ճնշման, փակվածության զգացում կամ ցավեր
  • դյուրագրգռություն:

Եթե ձեզ մոտ կամ ձեր երեխայի մոտ կան այս նշաններից մեկնումեկը, այցելեք ձեր բժշկին:

Ականջի սոսնձի ախտորոշումը

Ականջի սոսինձը հեշտ ախտորոշվող վիճակ է: Բժիշկը կարող է տեսնել այն՝ օտոսկոպի միջոցով զննելով ձեր արտաքին լսողական անցուղիները: Որոշ դեպքերում կարող է առաջարկվել նաև լսողության ստուգում:

Ականջի սոսնձի բուժումը

Եթե բժիշկը հաստատում է ձեր ականջի մեջ սոսնձի առկայությունը, կարող է ոչ մի միջամտություն չնախաձեռնել և սպասել, քանի որ սոսինձը հաճախ ինքնուրույն անհետանում է: Եթե առկա է վարակ, ձեզ կարող են նշանակել հակաբիոտիկներ:

Եթե ունեք լսողության կորուստ, որը մի քանի ամսվա ընթացքում չի բարելավվում, բժիշկը կարող է առաջակել այլ բուժումներ՝ ուղղված եվստախյան փողի անցանելիության վերականգնմանը:

Հոդվածը տեղադրվել է՝ 11-04-2019 վերանայվել է՝ 15-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: