Skip to main content

Դեղեր - Գլխացավ

Գլխացավը տարածված երևույթ է, և դրանց մեծ մասը սովորաբար ինքնուրույն, առանց որևէ բուժման մեղմանում կամ լիարժեք անհետանում է:

Ի՞նչ են գլխացավի դեղերը

Բազմաթիվ մարդկանց մոտ գլխացավն ի հայտ է գալիս պատահականորեն: Այս գանգատը կարող է առաջանալ առանց որևէ տեսանելի պատճառի կամ հանդես գալ որպես մեկ այլ առողջական խնդրի ախտանիշ (երկրորդային գլխացավ):

Գլխացավերի մեծ մասը լուրջ բնույթ չունի: Դրանք կարող են անցնել ինքնուրույն կամ ձեր օգնությամբ: Եթե գլխացավն ուժեղ է, ձեր բժշկի իմացությամբ և խորհրդով կարող եք ընդունել առանց դեղատոմսի վաճառվող որևէ ցավազրկող դեղամիջոց:

Իմացե՛ք ավելին գլխացավերի և դրանց պատճառների մասին:

Գլխացավի դեղամիջոցների տեսակները

Գլխացավերի բուժման հիմնական դեղամիջոցները սովրական ցավազրկողներն են: Հանրահայտ օրինակներից են Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն), Ասպիրինը կամ այլ ոչ ստերոիդ հակաբորբոքային (ՈՍՀԲԴ), օրինակ՝ Իբուպրոֆեն: Դեղատնից նաև կարող եք գնել Պարացետամոլ կամ Իբուպրոֆեն պարունակող տարբեր պատրաստուկներ: Որոշ, ավելի հզոր ցավազրկողներ, օրինակ՝ Կոդեին պարունակող, կարող եք գնել միայն դեղատոմսով:

Եթե ձեր գլխացավերը հաճախակի են, բժիշկը կարող է առաջարկել կանխարգելիչ դեղեր: Օրինակ, որոշ դեպքերում գլխացավի առաջացումը կարող է կանխարգելել փոքր դեղաչափով հակադեպրեսանտային հաբը: Այս դեղերի փոքր դեղաչափերը չունեն հակադեպրեսանտային ազդեցություն, սակայն կարող են առաջացնել որոշ կողմնակի ազդեցություններ, օրինակ՝ բերանի չորություն, գլխապտույտ, քնկոտություն, փորկապություն և քաշի ավելացում:

Միգրենի դեպքում ևս կան հատուկ դեղեր կամ դրանց զուգակցումներ, որոնք կարող են կանխարգելել գլխացավի նոպայի առաջացումը: Օրինակներից են սովորական ցավազրկողները, հակափսխեցուցիչ դեղերը և տրիպտանները (նեղացնում են գլխուղեղը շրջապատող արյունատար անոթները): Միգրենային գլխացավերի դեպքում բժիշկը կարող է նաև նշանակել բետա-պաշարիչներ և Ամիտրիպտիլին: Հիշեք, որ այս դեղերը պետք է ընդունել ոչ թե ինքնուրույն, այլ միայն բժշկի նշանակմամբ:

Իմացե՛ք ավելին գլխացավերի բուժման և կանխարգելման «տնային միջոցների» մասին:

Գլխացավի դեղերի վերաբերյալ կարևոր տեղեկատվություն

Եթե ընդունում եք որևէ ցավազրկող դեղամիջոց, կարևոր է իմանալ դրանց անվտանգության մասին: Օրինակ, չի բացառվում, որ բժշկի կողմից ձեր ընդհանուր մրսածության կամ հազի համար կամ հոդաբորբի բուժման մեջ նշանակված պատրաստուկները պարունակեն որևէ ցավազրկող դեղամիջոց կամ ՈՍՀԲԴ, և դուք, չիմանալով այդ մասին, ձեր սեփական նախաձեռնությամբ ընդունեք նույն ազդող նյութի լրացուցիչ դեղաչափ: Հիշեք, որ ցանկացած դեղամիջոցի խորհուրդ տրվողից ավելի բարձր դեղաչափերի ընդունումը կարող է հանգեցնել լուրջ կողմնակի ազդեցությունների: Հիշեք նաև, որ չկա բացարձակապես անվնաս դեղամիջոց:

Ստուգեք կրկնվող դեպքերը ձեր բժշկի կամ դեղագործի հետ, որ խուսափեք պատահականորեն խիստ մեծ դեղաչափով որևէ դեղամիջոց ընդունելուց:

Եթե ձեր գլխացավերը կայուն են, հաճախակի կրկնվում կամ շարունակական են, այցելեք ձեր բժշկին:

Այցելեք նաև ձեր բժշկին, եթե ձեր գլխացավերի պատճառը միգրենն է: Կարևոր է, որ դուք և ձեր բժիշկը միասին մշակեք գործողությունների պլան՝ ուղղված միգրենային գլխացավերի կանխարգելմանը:

Եթե գլխացավի դեմ օգտագործվող որևէ դեղամիջոցի ազդեցության վերաբերյալ ունեք որևէ անհանգստություն կամ անորոշություն, հարցրեք ձեր բժշկին կամ դեղագործին, թե՝

  • ի՞նչ օգուտ կտա տվյալ դեղամիջոցի ընդունումը
  • ի՞նչ վտանգների հետ է կապված այդ դեղամիջոցի միանգամյա կամ երկարատև ընդունումը:

Բժիշկը կամ դեղագործը կարող են օգնել, որ միասին ընտրեք այն դեղամիջոցը, որը լավագույնս է համապատասխանում կոնկրետ ձեր դեպքին: Հիշեք, որ նույն դեղամիջոցը կարող է տարբեր մարդկանց մոտ դրսևորել տարբեր արդյունավետություն և տարբեր կողմնակի ազդեցություններ: Նկատի ունեցեք նաև, որ տարբեր դեղամիջոցներ կարող են փոխազդել միմյանց հետ՝ հանգեցնելով ոչ ցանկալի, երբեմն՝ նույնիսկ վտանգավոր կողմնակի ազդեցությունների:

Հոդվածը հրապարակվել է՝ 10-06-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024