Skip to main content

Առողջ քունը և հերթապահ աշխատանքը -

Գիշերային հերթապահությունը բազմաթիվ մարդկանց համար ծանր գործ է, քանի որ ոչ բոլորն են կարողանում հեշտությամբ հարմարվել նորմալ օրական ռիթմի շրջադարձերին:

Գիշերային հերթապահությունը պահանջում է, որ գիշերվա աշխատանքային ժամերն անցկացնեք արթուն վիճակում: Հերթապահած անձանց մեծ մասը գիշերային քնի պակասը լրացնում է հաջորդ օրը ցերեկային ժամերին քնելով կամ ննջելով:

Այլ կերպ ասած, եթե գիշերային հերթապահ եք, պետք է աշխատանքի բերումով արթուն մնաք այն ժամերին, երբ ձեր օրգանիզմը պահանջում է քնել և քնեք այն ժամերին, երբ ձեր ուղեղն ու մարմինը ցանկանում են աշխուժանալ:

Օրվա ռիթմի այսպիսի կտրուկ շրջադարձի պայմաններում աշխատող մարդկանց համար խիստ կարևոր է քնի այնպիսի սովորույթ ձևավորելը, որը թույլ կտա որոշ չափով մեղմացնել «քնի տեղափոխման» հնարավոր առողջական հետևանքները:

Եթե գիշերային հերթապահող եք, կարող եք պահպանել մի շարք օգտակար կանոններ՝

  • գիշերային հերթապահությանը նախորդող ցերեկային ժամերին փորձեք ձեզ հեռու պահել հոգնեցնող գործերից և աշխատանքներից (հերթապահությունը ստանձնեք աշխույժ, այլ ոչ թե հոգնած վիճակում)
  • հնարավորության դեպքում փորձեք հերթապահությանը նախորդող ցերեկային ժամերին մի փոքր քնել
  • հերթապահության հաջորդ օրվա գործերը կազմակերպեք այնպես, որ կարողանաք գիշերային ժամերի անքուն ժամերը լրացնել ցերեկային բավարար քնով
  • խնդրեք ընտանիքի անդամներին, որ ցերեկային ժամերի ձեր «լրացնող» քունը տարբեր անհարկի առիթներով չխաթարվի (բարձր խոսակցություն, հեռուստացույցի բարձր ձայն, հեռախոսազանգեր և այլն):

Հոդվածը հրապարակվել է՝ 16-04-2018
Վերջին վերանայում՝ 06-04-2024